Ինչ է երջանկությունն ինձ համար
Մեզանից յուրաքանչյուրը յուրովի է պատկերացնում երջանկությունը: Կարծում եմ, որ բոլոր մարդիկ պետք է իրենց երջանիկ համարեն, քանի որ ապրում են, որովհետև կըանքն արդեն իսկ մեծ պարգև է:
Ինձ համար երջանկությունն առաջին հերթին այն ընտանիքն է, որում ես ծնվել եմ, և որն իմ կողքին է ամեն ժամանակ: Մի՞թե երջանկություն չէ իմ ուրախ և ապահով մանկությունն ու պատանեկությունը: Երջանկություն է մայրիկիս անսահման հոգատարությունը, ջերմ հայացքը, քաղցր խոսքերն ու բարի խորհուրդները, հայրիկիս ապահով գիրկն ու եղբորս նվիրվածությունը: Բայց ինձ համար երջանկություն է ոչ միայն իմ հարազատներից սիրվելը, այլև նրանց սիրելն ու ուրախացնելը: Ես հասկացել եմ, որ երջանկությունը պահանջում է նվիրվածություն, սեր, գութ, բարություն: Հաճախ ես ամենամեծ երջանկությունն եմ ունեցել այն ժամանակ, երբ կարողացել եմ բարիք անել որևէ մեկին: Մի՞թե երջանկություն չէ ծեր տատիկի մեկ օրհնանքը կամ տառապյալի արցունքոտ աչքերում հայտնված հույսի մեկ շողը: Ուրեմն երջանկությունն ավելի շատ տալն է քան վերցնելը:
Ինձ համար մեծ երջանկություն է նաև այսքան հրաշալի ըկներներ ունենալը, նրանց սիրելը, օգնելը, նվիրվելը, որովհետև միայնակ մարդը երջանիկ չի կարող լինել:Ուրախությամբ է լցվում սիրտս ամեն անգամ, երբ ես ընկերներիս կողքին եմ և տեսնում եմ նրանց հաջողությունները: Եվ ցավում եմ, երբ տեսնում եմ անտարբերություն, նախանձ ու չարություն:
Երջանկություն է նաև գեղեցիկ երազանքներ ունենալը: Սա նշանակում է, որ ապագայի հանդեպ լցված էս հույսով: Չէ՞ որ երազանքները ծնվում են հույսից, իսկ իրականություն են դառնում, երբ հավատում ես նրանց իրագործմանը:
Ես ինձ երջանիկ եմ համարում նաև այն պատճառով, որ ապրում եմ իմ հայրենիքում և ամեն օր արթնանում եմ նրա խաղաղ ու կապույտ երկնքի տակ: Եվ իմ երազանքն է, որ խաղաղությունը, սերն ու երջանկությունը թևածի երկրագնդի բոլոր անկյուններում և յուրաքանչյուր մարդու սրտում:
Комментариев нет:
Отправить комментарий