воскресенье, 15 марта 2015 г.

Առաջին համաշխարհային պատերազմ


Աճառյանի բնավորության մի քանի գծերը




Ոչ մի հայ գիտնականի շուրջ, այն էլ դեռևս կենդանության օրերին, այնքան աշխույժ հետաքննություն չի ստեղծվել, նրա հետ կապված դեպքեր, անեկդոտներ չեն պատմվել, որքան Աճառյանի: Քսանական թվականների սկզբներից մարդիկ միմյանց պատմել են այդ     ‹‹ տարօրինակ ›› մարդու կյանքից զվարճալի մանրադեպեր, որոնք հետագայում հավաքվել են, գրի առնվել մի քանիսի, այդ թվում՝ Աճառյանի կողմից:
Նման մանրադեպեր պատմվում ու տարածվում են բացառիկ մեծությունների կամ անհատականությունների մասին, հաճախ անգամ ուրիշների հետ պատահածներն էլ վերագրելով նրանց: Այդպես է համաշխարհային գրականության մեջ Բեռնարդ Շոուն:
Աճառյանին վերաբերող մանրադեպերը, որոնք մեծ մասամբ իրական են, երևան են հանում նրա զարմանալի աշխատասիրությունը, գիտական բարեխղճությունը, հետևողականությունը, լավատեսությունը, միաժամանակ՝ պարզամտությունը, անսահման բարությունը, անհիշաչարությունը, գծեր, որոնք ի մի գումարած՝ բացահայտում են մարդն ու գիտնականը:
1.      Աշխատասիրություն
Առաջին յուրահատկությունը, որ աչքի էր ընկնում Աճառյանի մեջ, նրա զարմանալի աշխատասիորւթյունն էր: Նրա հրատարակած ու անտիպ երկերի թիվը անցնում է մի քանի հարյուրից, իսկ ընդհանուր ծավալով կարող է կազմել ավելի քան 10.000 տպագիր էջ: Այս բոլորը նա գրել է, մաքրագրել, արտագրել ապակետիպի համար: Գրադարան չուներ: Նրա գրադարանը բաղկացած էր իր տպագիր ու անտիպ գրքերից:
 Նա իր ստեղծագործական բեղմնավորությունը բացատրում էր ոչ միայն աշխատասիրությամբ, այլև աշխատանքային ռեժիմի խիստ պահպանմամբ: Այդ աշխատանքային ժամերը չէին կարող խլել անգամ ամենամոտիկ մարդիկ:
2.      Ճշտապահություն
Սա Աճառյանը մարդու նկարագրի ամենաէական հատկանիշներից մեկն էր համարում, նրա հաջողության գրավականը, աշխատասիրության ուղեցույցը: Ճշտապահ էր տանը, հասարակական կյանքում, համալսարանում:
Մի օր առանց զանգահարելու նրա տուն է գալիս մի կին: Աճառյանն, աշխատանքն ընդհատելով, դուռը բաց է անում: Կինն ասում է, թե ուղիղ հինգ րոպե ուզում է խլել նրա ժամանակը՝ ինչ-որ բան հարցնելու: Կինը հինգ րոպեում հազիվ հանում է վերարկուն, հարդարվում հայելու առաջ, դասավորում մազերը: Աճառյանը այդ ընթացքում կանգնում է նրա կողքին ժամացույցը ձեռքին: Ժամանակը լրանալուն պես ասում է.
-         Է՜, տիկին, Ձեր խնդրած հինգ րոպեն լրացավ, ես պետք է աշխատեմ:
Ասլեուց հետո լուռ նստում է գրասեղանի առաջ:
3.      Գիտական բարեխղճություն
Նրա գիտական բարեխղճությունը շատ կողմերով դաստիարակիչ կարող է լինել մեր համար: Իր զրույցների մեջ հաճախ է ասել, որ գիտնականը պետք է ունենա պատասխանատվության զգացում նախ իր գիտական խղճի առաջ, և ապա՝ ապագայի առաջ:
Գիտությունը նրա համար սրբազան տաճար էր, որի դռնից ներս մտնողը գիտական պաշարի հետ պետք է ունենար երկյուղած հարգանք:
Նա խստորեն հետևում էր օգտագործված աղբյուրների հավաստիությանը, փաստը ստուգում միմյանցից տարբեր, առավել հավաստի աղբյուրներով, կանգ առնում ամենից համոզիչի վրա, միշտ հիշատակելով աղբյուրը: Կա մի ծիծաղելի պատմություն կապված այս թեմայի հետ: Մի օր առավոտյան Աճառյանը հանկարծ բարկանում է, վեճի բռնվում կնեջ հետ, աշխատում բորբոքել վեճը միանգամայն անտեղի: Նա այնքան բարձր է բղավում, որ կինը՝ Սոֆիկը, սկսում է հուսահատ լաց լինել: Դրան էլ կարևորություն չի տալիս, շարունակում է բղավել: Հանկարծ ընդհատում է, փափկում ու խանդաղատանքով ասում.
- Կատակ էր, Սոֆիկ, ուզում էի, որ ջղայնացած խոսես և տեսնեմ՝ Ախտային բարբառում ինձ համար ի՞նչ անծանոթ բառեր կան:
- Դե ասեիր էլի, ինչո՞ւ էիր կռիվ սարքում:
- Չէր ստացվի: Դու կխոսեիր գրական լեզվով, մարդիկ զայրացած ժամանակ են դիմում բարբառի և իրենց բերանից փախցնում բառեր, որոնք կարող են պետք գալ լեզվաբանին: Իզուր էլ բարկացրի. Ոչ մի բառ չասացիր: