Վաղուց էին մտածում նրան բնակարանով ապահովելու մասին, այսպիսի բանաստեղծ, և մինչև հիմա ապրելու մշտական անկյուն չունենա՞ր, կյանքը միշտ այս ու այն հյուրանոցո՞ւմ անցկացներ: Եթե ամուրի
լիներ,
մենակ,
էլի
ոչինչ:
Տուն-տեղ էր դրել,
կնկա-երեխայի
տեր
դառել:
Եվ
էլի
հյուրանոցո՞ւմ:
Ամոթ
ու
խայտառակություն:
Վերջ, նա պիտի բնակարան ունենար, իր անվանը վայել, բոլոր հարմարություններով օժտված բնակարան, այն էլ քաղաքի կենտրոնում, ինչպես ինքն էր գրական կյանքի կենտրոնում:
Ու մարդիկ այդտեղով անցնելիս, մի պահ կանգ կառնեին, երախտալից հայացքները կհառեին տանը և հպարտությամբ կասեին.
– Այստեղ ապրում է Եղիշե Չարենցը:
Բայց ցանկությունը, ինչքան էլ բարի ու ազնիվ լիներ, բնակարան չէր դառնում:
Օրեր էին անցնում, ամիսներ, Չարենցը դարձյալ հյուրանոցում:
1932 թվականի վերջին, մի օր Չարենցը, թեպետ գետնի վրա, բայց իրականում յոթերորդ երկնքում, աշխատանքի եկավ` ձեռքին կաշվի գործարանի նոր դիրեկտորին հասցեագրված Աղասի Խանջյանի նամակը. այսպես ու այսպես, սիրելի ընկեր, եթե հնարավոր է, ձեր նորակառույց տան երրորդ հարկի անկյունային երեք սենյականոց ազատ բնակարանը տրամադրեք բանաստեղծ Եղիշե Չարենցին:
Խանջյանի խնդրանքը չմերժվեց: Ընդհակառակը, ուրախությամբ ընդունվեց,
իրենց
շենքում
Չարենցի
պես
կենվոր
կունենային:
Ու
բնակարանի
դռները
կրնկի
վրա
բացվեցին
բանաստեղծի
առաջ:
Չարենցը փոխադրվեց, սկսեց ապրել իր տանը, սեփական հարկի տակ:
Ապրելը ապրեց, միայն թե հավատալը չէր գալիս, որ վերջացավ քոչվորական կյանքը: Ամեն ինչ երազ էր թվում: Երազը՝ ի՞նչ: Քնած տեսնում էիր, արթնանալիս՝ հօդս էր ցնդում: Բնակարանը՝ գիշերն էլ կար, ցերեկն էլ, քնած ժամանակ էլ, արթուն ժամանակ էլ: Աշխատասենյակը՝ առանձին, ննջարանը՝
առանձին,
սեղանատունը՝
առանձին:
Հետն
էլ
հազար
ու
մի
ուրիշ
հարմարություններ:
Ուզում
ես
իմանալ,
թե
ինչ
է
կատարվում
Սունդուկյան
փողոցում
(այժմյան
Պրոսպեկտ
փողոցը),
խնդրեմ,
դուրս
եկ
փողոցին
հարող
պատշգամբ,
և
ամեն
ինչ
կփռվի
հայացքիդ
առաջ:
Ուզո՞ւմ
ես
իմանալ,
թե
ինչ
է
կատարվում
Սպանդարյան
փողոցում,
խնդրեմ.
դուրս
եկ
փողոցին
հարող
պատշգամբ,
և
ամեն
ինչ
կփռվի
հայացքիդ
առաջ:
Արի ու հավատա, որ այդ ամենը քոնն է, այդտեղ ապրողն էլ դու ես: Հե՞շտ էր: Հեշտ չէր: Եվ նա երկար ժամանակ չէր հավատում: Ուզում էր հավատալ, բայց չէր կարողանում:
Առաջին օրերին երբեք մենակ տուն չէր գնում: Ընկերանալով Սպանդարյան փողոցի ծայրին գտնվող մթերային խանութի ճանապարհը բռնած այս–այն գրողին՝ իր տան մոտ կանգնեցնում էր նրան, ձեռքը դեպի երրորդ հարկի պատշգամբ երկարում և հարցնում.
– Լսի՛ր, չգիտե՞ս` ումն է էդ բալկոնը:
Գրողը ներողամտաբար նայում էր նրան, քթի տակ մեղմորեն ժպտում և, անպատասխան թողնելով հարցը, գնում–հեռանում: Ուրիշ էլ ի՞նչ աներ:
Իսկ Չարենցը իրենն էր շարունակում: Մի օր մեկին:
– Տե՛ս` որտեղ է բնակարան ստացել: Իսկ ես փտեցի հյուրանոցներում:
Մի ուրիշ օր՝ երկրորդին.
– Համա՜ բախտավոր մարդիկ կան աշխարհում:
Պատահեց, որ մի անգամ ես դարձա նրա ուղեկիցը: Հասնելով ծանոթ շենքին` հրաժեշտ պիտի տայի, կանգնեցրեց.
– Լսի՛ր, – ձեռքը դեպի բնակարանը պարզելով, դարձավ ինձ, – չգիտե՞ս` ումն է էդ տունը:
Ես էլ ուրիշների պես լուռ ժպտացի ու շարունակեցի ճանապարհս: Ի՞նչ ասեի, ինքը չգիտե՞ր, ինչ է: Մոտ կես ժամից, մթերքներով բեռնավորված, վերադառնում էի Կոնդից:
Ականջիս
ծանոթ
ձայն
հասավ.
– Գարեգի՛ն:
Մոտերքում ոչ ոք չերևաց:
– Ա՛յ տղա, վե՛րև նայիր:
Զարմացած վերև նայեցի. Սպանդարյան փողոցի վրայի իր պատշգամբում կանգնած էր Չարենցը:
– Փո՛ւչ արարած, – որսալով հայացքս, իր բարձունքից ձայնեց նա, – մեռա սրան – նրան հարցնելով` ումն է էս բալկոնը, ով է ստացել էս բնակարանը, որ սուկին սինն է ապրում էս տանը: Էսօր էլ քեզ հարցրի: Հոգիդ դո՞ւրս կգար որ ասեիր, թե, էդ բալկոնը քոնն է, ընկե՛ր Չարենց, թե էդ բնակարանը դու ես ստացել, ընկեր Չարենց, թե դու էս էդ տանն ապրող սուկին սինը, ընկեր Չարենց: Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ,
մինչև
ե՞րբ
չիմանամ,
որ
տուն
ու
տեղ
ունեմ:
Հերիք
չեղա՞վ
ձեզ:
Комментариев нет:
Отправить комментарий