Վահան Տերյան
Փետրվարի 9-ին (նոր տոմարով) Ջավախքի Ախալքալաքի գավառի Գանձա գյուղի քահանա Սուքիաս Տեր- Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում ծնվեց 11-րդ զավակ Վահանը` ապագա բանաստեղծ Վահան Տերյանը:
1892
Տեր Սուքիասը ծաղիկ հիվանդության վկայականի համար տեղեկանք վերցնելու նպատակով 1892-ին 7 տարեկան Վահանին տանում է Ախալքալաք: Տերյանն առաջին անգամ ծառ է տեսնում:
1895
Նա սկզբնական կրթությունը ստացել է գյուղի դպրոցում: Առաջին ուսուցիչը եղել է թելավցի, բարձրագույն կրթությամբ Նիկողայոս Խեչոյանը, որի մասին հաճելի հիշողություններ է պահպանել Տերյանը:
Սեպտեմբերին ընդունվում է Ախալքալաքի դպրոց: Հունվարյան արձակուրդներին գյուղ է գալիս, կտրականապես հրաժարվում է շարունակել ուսումը` խիստ հիասթափված քաղաքի մթնոլորտից:
Դեռևս 1890 եւ 1895 թվականներին Տեր Սուքիասը դիմած է լինում որդուն` Վահան Տեր-Գրիգորյանին` Լազարյան Ճեմարանում ընդունվողների ցանկում գրանցելու:
1896 թ. մարտ ամսին Թիֆլիսի առաջին գիմնազիա ընդունվելու համար քննություններ է հանձնում (այս մասին տեղեկանք կա): Հայտնի է նաև, որ երկու տարի եղել է Թիֆլիսում` Արամ եղբոր հետ, մինչև Լազարան Ճեմարանից ստացված գրությունը:
1899
Համաձայն Լազարյան Ճեմարանի վարչության գրության` ստացված հունիսի 2-ին. «Հերթը հասնելու հետևանքով պատիվ ունեմ խոնարհաբար խնդրել Ձեզ, այս տարվա օգոստոսի 12-ին ինստիտուտ հասցնել Ձեր որդի Վահան Տեր-Գրիգորյանին … քնննությունները հանձնելու…»:
Լազարյան Ճեմարանի արխիվում պահպանված մի գործում գրված է. «Մայրաքաղաքի հայկական եկեղեցիների թոշակառու Տեր-Գրիգորյան Վահան: Ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին: Ընդունվել է երրորդ դասարան 1899 թվականի օգոստոսի 14-ին»:
1902 — 1903
Վահան Տեր- Գրիգորյանը մի քանի ընկերների հետ (Ցոլակ Խանզադյան, Պողոս Մակինցյան, Օնիկ Օհանջանյան, Մելքոն Քարամյան ) Ճեմարանում հրատարակում է «Հույս» ձեռագիր թերթը: «Թերթում Վահանը հիմնականում գրում է խմբագրական և առաջնորդող հոդվածներ: Նրան էր հատկացված նաև պոեզիայի բաժինը, որտեղ նա զետեղում է իր բանաստեղծությունները»,- հիշում է Մ. Քարամյանը: «Հույս»-ի էջերում Վահանը հանդես է եկել Շվին, Volo եւ այլ կեղծանուններով:
1903թ.-ի ապրիլի 7-ին Մոսկվայից Տերյանը առաջին նամակը գրում է քրոջը` Նաշոյին (Նախշուն Տեր-Գրիգորյան-Սիմոնյանին). «Ես ողջ եւ առողջ եմ և ցանկանում եմ ձեր բոլորի առողջությունը»:
Մայիսին Լազարյան ճեմարանի 6-րդ դասարանի սան Վահանը դժվարությամբ միջոցներ է հայթայթում և գալիս է տեսնելու հիվանդ մորը: Պարտքերի գնով վերադառնում է Մոսկվա: Հոկտեմբերին մահանում է Վահանի մայրը` Յուղաբեր Տեր-Գրիգորյանը: Վահանը ծանր է տանում մոր կորուստը: Հետագայում նրա հիշատակին է նվիրում մի քանի բանաստեղծություններ: Գրում է նաև «Էլեգիան» եւ «Անծանոթ աղջկան»:
1904
Մարտ ամսին Ավ. Իսահակյանն այցելում է Լազարյան ճեմարան: Հիշում է. «Ինձ շրջապատեցին մի քանի ուսանող աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը: Բոլորն ինձ հարցեր էին տալիս և հարցերիս պատասխանում: Վահանը լուռ ու անխոս հետևում էր մեզ` աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում նրան, կարմրում էր ու շփոթվում: Մնաք բարին` Վահանը ձեռքս ամուր սեղմեց եւ շշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Ես հրավիրեցի նրան ինձ մոտ»: Մի երկու օր հետո Վահանը ընկերոջ հետ այցելում է Ավ. Իսահակյանին, ցույց է տալիս մոմլաթե կազմով հաստ տետր, որի վրա դանակի ծայրով փորագրված էր. «Արիւն»: «Մի՞թե արյան բանաստեղծություններ ես գրում»,- հարցնում է: Ավ. Իսահակյանի տարակուսանքը փարատվում է, երբ վերջից կարդում է «Նիւր»: Ճեմարանի տեսուչ Վասիլ (Բարսեղ) Գասպարյանի դուստր Աննան կոչվում է նաեւ Նյուրա, ում նկատմամբ Տերյանը սեր է ունեցել:
Դեկտեմբերին Լազարյան ճեմարանի ուսուցիչների հանգանակած գումարով Վահանը մեկնում է Կուրսկի մարզ` տեսնելու ավագ եղբորը` Ղազարոսին, ուր ընտանիքով աքսորված էր նա:
1905
Փետրվարից ճեմարանում դասերը դադարում են: Մայիսին Վահանը մեկնում է Կովկաս: Ամռանը լինում է հայրենի Գանձայում: Մի շաբաթի չափ Վահանենց ընտանիքին հյուր է լինում Ավ. Իսահակյանը: Գանձայից ոչ հեռու, Ս. Հովհաննեսի մատուռում նրանք տեսնում են շրջակա գյուղերից վարդավառի ուխտի եկած գյուղացիներին: «Նայի~ր, — ասում է Վահանն ինձ,-հիշում է Իսահակյանը,-ա~խ, ի~նչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ինչ մտահոգ դեմքեր` արևով, անձրևով այրված ու բովված: Ի~նչ դառն աղքատություն է կաթում վրաներից, բայց ուրախանում են: Բայց ի՞նչ թախծոտ ուրախություն է այս: Իբրև թե ուրախ երգեր են երգում, բայց ինչ վիշտ ու մորմոք կա նրանց ուրախ երգերի մեջ: Դարերի տառապանքն է խոսում սրանց բերանով: Այս ժողովրդին մեր ինտելիգենցիան չի կարող հասկանալ, ու՞ր մնաց օտարը: Մեր նոր գրողներից Թումանյանը և դու, միայն երկուսդ եք զգում ժողովրդին: Ձեզանից հետո կամ նոր երգ պիտի ասել կամ պիտի լռել»:
Օգոստոսի 27-ից Վահանը Մոսկվայում է. շուտով քննություններ է տալու և պարապում է: Նոյեմբեր-դեկտեմբերին Լազարյանը փակվելու պատճառով Վահանը լինում է հայրենի Գանձայում: Դեկտեմբերի վերջին ընկերոջ` Պողոս Մակինցյանի հետ մեկնում են Շիրակի գյուղերը ` դաշնակցական քարոզչական աշխատանք տանելու ժողովրդի շրջանում. կարճ ժամանակ հետո հիասթափվում է դաշնակցությունից: Գրում է «Շիրակի դաշտերից», «Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում», «Կարոտ», «Տխուր զրույց», «Հրաժեշտի խոսքերից», «Մթնշաղ», «Սենտիմենտալ երգ», «Անջատման երգ» և այլ բանաստեղծություններ:
1906
Հունվարի 9-ին Ալեքսանդրապոլից գրում է Սոնա Օտարյանին. «Ավետիք Իսահակյանին բավականին մոտ ծանոթացա: Նա շատ անկեղծ մարդ է և շիտակ, այնպես որ դա արդեն նրա համար մի մեծ պլյուս է : … Ավետիքը անմիջական զգացմունքի և տրամադրության մարդ է, և իզուր կլիներ նրա մեջ որոնել փիլիսոփայական մտքի որոշ սիստեմատիկական ուղղություն: Նրա բանաստեղծություններն էլ անմիջական զգացմունքի արտահայտություններ են»: Փետրվարին Վահանը Մոսկվայում է: Մայիսի վերջին ավարտում է Լազարյան ճեմարանը, ստանում հասունության վկայական: Ամռանը մնում է Մոսկվայում: Սուղ միջոցներով մի կերպ սենյակ է վարձում և աշխատանքի մտնում մի նոտարի մոտ` ամիսը 25 ռուբլի «ռոճիկով» (աշխատավարձով): Սակայն աշխատանքը «սաստիկ ծանր էր», շուտով թողնում է այն:
Օգոստոսին ընդունվում է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը: Դեկտեմբերի 3-ի ուշ գիշերին խուզարկում են Վահանի համեստ բնակարանը: Նրա մոտ գիշերում էր Օնիկ Օհանջանյանը: Թեև ոչինչ չեն գտնում, բայց երկուսին էլ ձերբակալում են: Դեկտեմբերի 13-ին Վահանին ազատում են, ընկերը մնում է բանտում` «իբրև քաղաքականապես վնասակար անձնավորություն», որին դատ է սպասվում:
Գրում է «Էստոնական երգ», «Աշնան երգ», «Սիրտս ցավում է անցած գնացած օրերիս համար», «Աշնան մեղեդի», «Հրաշք աղջկան», «Ցանկություն» և այլ բանաստեղծություններ: «Մուրճ» ամսագրի 7, 9, 11-12 համարներում տպագրվում է Վահան Տեր-Գրիգորյանի «Էլեգիա», «Էստոնական երգ», «Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում», «Աշնան երգ» բանաստեղծությունները:
1907
Մայիսի սկզբին Մոսկվայից մեկնում է Բաքու. Ճանապարհին հիվանդանում է և ստիպված կանգ է առնում Մոզդոկում ավագ եղբոր` Ղազարոսի մոտ: Մայիսից հունիսի վերջերը Վահանը Բաքվում է` Ալ. Մյասնիկյանի մոտ: Օգոստոսին Գանձայում է: 29-ին Օնիկ Օհանջանյանին գրած նամակից. «… Եվ թախիծը .. Հենց որ իջնում է մթնշաղը, գյուղը լռում է, իջնում է իրոք գերեզմանային լռություն, որը երբեմն խախտվում է նաև շների հաչոցով: Թվում է, թե գերեզմանոցում ես ապրում: Ահա հենց այդ ժամանակ է, որ անտանելի ծանր է լինում, և հոգիդ պարուրում է ճմլող, կուրծքդ ցավելու աստիճանի սեղմող թախիծը: Եվ թվում է` գիշերը վերջ չունի: Լույսի, որևէ ձայնի խելահեղ տենչը համակում է քեզ, և վախենում ես սեփական ձայնիցդ: Թախի~ծ: Անդրշիրիմյան լռություն: Անվախճան գիշեր… Ի~նչ կտայի մի անսպասելի մտերմիկ ողջույնի, հարազատ ձայնի մի հնչյունի համար… Դու երջանիկ ես, Օնի’, դու քույր ունես, քո կողքին մարդ կա, որին կարող ես վստահել խոհերդ ու անուրջներդ: Քաղցր է ունենալ մի մարդ, որը կարող է հասկանալ քեզ, որի կրծքին ազատորեն կարող ես լալ կյանքիդ, չիրականացած երազներիդ, մոլորություններիդ ու հույսերիդ ողջ դառնությունը: Դու հրաշալի մայր ունես: Ես էլ մայր ունեի, և նա ինձ կհասկանար, եթե ոչ գլխով, ապա սրտով…»:
Աշնանը Մոսկվայում գրում է «Մոսկվա, դեկտեմբերի 12», «Պայմանական թատրոն» հոդվածները, որոնք տպագրվում են «Անկախ մամուլի» 1907թ. 16 եւ 20-րդ համարներում:
Մոսկվայի Գեղարվեստական Թատրոնի (MXАT-ի) հանրահայտ ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին լազարյանցի էր: Ճեմարանի սաներն անվճար հաճախում էին ներկայացումներին: Տերյանը շատ էր սիրում թատրոն: Գրում է «Իրիկնաժամ», «Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում», «14 տող», «Աշնան տրտմություն», «Սև գիշերն իջավ իր անմահ գահից», «Երբ պայծառ օրդ տխուր կըմթնի», «Fatum», «Անջատման երգ», «Հրաժեշտի խոսքերից», «Կոշմարը», «Հոկտեմբերին» և այլն:
1908
Մարտի 10-ին Մոսկվայից Ավ. Իսահակյանին գրում է «Երգեր ու վերքեր» ժողովածուից ստացած իր տպավորությունների մասին. «Դու հայ բանաստեղծների մեջ իմ ամենասիրելի բանաստեղծն ես` քո անհատական լիրիկայով» (ընդգծումը բնագրում է):
Ց. Խանզադյանին ուղղած նամակում գրում է Թումանյանից ստացած տպավորության և իր բանաստեղծությունների վերաբերյալ Թումանյանի արտահայտած կարծիքի մասին. « …չնայած իր պարզության, նա իմ վրա տպավորություն գործեց: Ինչ-որ գյոթեական բան կա նրա մեջ: Գուցե հասա՞կը կամ հենց այն հանդարտ պարզությու՞նը: Չգիտեմ»: Թումանյանը ծանոթացել է տպագրվելիք «Մթնշաղի անուրջներին». «Դուք բանաստեղծ եք: Դա ամենագլխավորն է: Դուք խոսքի հետ չեք խաղում.. Ես Ուրախությամբ եմ ողջունում Ձեր մուտքը գրական ասպարեզ. բարով եկաք» (ընդգծումը բնագրում է):
«… Թիֆլիսում պատահեցի Վահանին,- հիշում է Ավ. Իսահակյանը:- Պիտի հրատարակեր իր բանաստեղծությունների առաջին գրքույկը` «Մթնշաղի անուրջները»: Տպելուց առաջ Հովհ. Թումանյանի մոտ կարդացել էր ձեռագիրը, ուզեց ինձ մոտ էլ կարդալ` անկեղծ կարծիքս իմանալու համար: Հյուրանոցիս սենյակում ենք: Հուզված կարդում է մեկը մյուսի հետևից. քանի առաջանում է ընթերցումը, ավելի է հուզվում. ես սրտով և ուշով հետևում եմ ընթերցումին: Տետրակը չավարտած` ես անհամբերությունից մղված գոչեցի. «Կեցցե’ս, Վանիկ ջան, հրաշալի մաքուր լիրիկա: Վահանի նիրհուն աչքերը փայլատակեցին ուրախությամբ. «Թումանյանն էլ շատ հավանեց: Երկուսիդ կարծիքը բացարձակ արժեք ունի ինձ համար: Այլևս քննադատությունից վախ չունիմ»:
Մայիսի վերջից մինչև օգոստոս Վ. Տերյանը Գանձայում է: Ամռանը Թիֆլիսում լույս է տեսնում Վ. Տերյանի բանաստեղծությունների ժողովածուն «Մթնշաղի անուրջներ» խորագրով, որի մասին Ստեփան Զորյանը գրում է. «Վահան Տերյանն այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի: Նրա առաջին իսկ գիրքը` ութսուն էջանոց «Մթնշաղի անուրջները», հռչակեց որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական Պառնասում»:
Կարճ միջոցում Տերյանն ունեցավ հետևորդների մի ամբողջ բազմություն: Երկրպագուներին թիվ չկար: Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները: Ամենուրեք` երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանվում էին Տերյանի սոնետներն ու էլէգիաները: Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով: Երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց` «Մթնշաղի անուրջները»:
1909
Օգոստոսին Մոսկվայից Վ. Տերյանը եւ Ս. Օտարյանը նամակ են գրում Հովհ. Թումանյանին և արտահայտում իրենց ջերմ համակրությունը` Ռ. Դրամբյանի դեմ «Մշակում» տպագրած Թումանյանի «Ոչ-գրական ոչնչությունները` քննադատ» պատասխան հոդվածի առթիվ. «Մենք` ներքոստորագրողներս, կարդալով «Մշակում» Ձեր հոդվածը` հայտնում ենք Ձեզ մեր ջերմ համակրությունը և ցանկանում ենք Ձեզ կատարյալ հաջողություն` շարունակելու Ձեր «պլազիտային» գրական գործունեությունը, որի բարձր գնահատողների թվին պատկանում ենք նաև մենք: Օգտվելով հանգամանքից` մեր սրտագին ուրախությունն ենք հայտնում Ձեզ` բանտից ազատվելու առիթով:
Ընդունեցեք բարևներ և մեր հարգանքը»:
Ընդունեցեք բարևներ և մեր հարգանքը»:
Գրում է «Փողոցի երգը», «Անվերջ գիշերի մռայլ վիհերում», «Տխուր երգը», «Մարել ես արդեն, մեռել ես հավետ», «Չգիտեմ` այս տխուր աշխարհում», «Մեղմիվ փռվեց քնքուշ մութ», «Դու չքացել ես», «Անդարձ աշխարհի վարդագույն միգում», «Ես նստում եմ մենակ, մենակ» և այլն:
1910
Հունվարից ապրիլ` Մոսկվայի համալսարանում սովորելուն զուգընթաց, Տերյանը զբաղվում է «Գարուն» գրական-գեղարվեստական ալմանախի խմբագրությամբ և հրատարակությամբ: Նամակներ է գրում Ց. Խանզադյանին և Մարթա Միսկարյանին:
Մայիս-օգոստոսին մեկնում է Կովկաս: Ամառն անց է կացնում Թիֆլիսում, Ախալքալաքում և հայրենի Գանձայում: Սկսում է թարգմանել Օսկար Ուայլդի «Սալոմեն» ֆրանսերեն բնագրից, զբաղվում է «Գարունի» համար բաժանորդներ գտնելու և երկրորդ գրքի հրատարակության հարցերով: Նամակներ է գրում Կ. Միքայելյանին, Ց. Խանզադյանին, Մ. Միսկարյանին: Լույս է տեսնում «Գարունի» առաջին գիրքը:
Մայիս-օգոստոսին մեկնում է Կովկաս: Ամառն անց է կացնում Թիֆլիսում, Ախալքալաքում և հայրենի Գանձայում: Սկսում է թարգմանել Օսկար Ուայլդի «Սալոմեն» ֆրանսերեն բնագրից, զբաղվում է «Գարունի» համար բաժանորդներ գտնելու և երկրորդ գրքի հրատարակության հարցերով: Նամակներ է գրում Կ. Միքայելյանին, Ց. Խանզադյանին, Մ. Միսկարյանին: Լույս է տեսնում «Գարունի» առաջին գիրքը:
Նոյեմբերի 17-18-ին «Հորիզոն» թերթի 256 եւ 257-րդ համարներում տպագրվում է նրա «Լև Տոլստոյի թաղումը» և «Յասնայա Պոլյանայում» հոդվածները, ուր բանաստեղծն իբրև ականատես նկարագրում է ռուս մեծ գրողի հուղակավորությունը և գրում է. «Լ. Տոլստոյի թաղմանը չէր մասնակցում ամբողջ Ռուսաստանն իսկ, մինչդեռ պետք է մասնակցեր ողջ աշխարհը…»:
Դեկտեմբերի 8-ին «Գարուն» ալմանախի խմբագրության հանձնարարությամբ Տերյանը նամակ է գրում Հովհ. Թումանյանին և խնդրում որևէ գրվածք ուղարկել «Ալմանախի» երկրորդ գրքում տպագրելու համար: Գրում է «Մոռացված ուղի», «Գիշերամուտ», «Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին», «Խորհրդավոր սեր», «Վերադարձ» և այլն:
Թիֆլիսում հրատարակվում է Արսեն Տերտերյանի «Վահան Տերյան. ցնորքի ծարավի և հաշտության երգիչը» գիրքը:
1911
Հունվարին «Հորիզոնի» 16 և 17-րդ համարներում տպագրվում է Տերյանի «Անունը կա, ամանումը չկա» հոդվածը, թարգմանության մասին նրա մտորումները: Փետրվարին Մոսկվայում Վահան Տերյանը ամուսնանում է Սուսաննա Պախալովայի հետ: Հարսնահայրը Կարապետ Կուսիկյանն էր, խաչեղբայրը` Ց. Խանզադյանը: Մասնակիցների թվում էին Ալ. Ծատուրյանը, Ալ. Մյասնիկյանը, Պ. Մակինցյանը և ուրիշներ:
Մայիսի 19-ին Մոսկվայից «Գարուն» ալմանախի խմբագրության անդամներ Ց. Խանզադյանը, Ալ. Ծատուրյանը, Կ . Կուսիկյանը, Կ. Միքայելյանը, Վ. Տերյանը հեռագիր են ուղարկում Ալ. Շիրվանզադեին` գրական գործունեության 30-ամյա հոբելյանի առթիվ:
Հունիսին Սուսաննայի հետ մեկնում է Ստավրոպոլ` կնոջ ծնողների մոտ:
Օգոստոսին Մոսկվայից Միսկարյանին գրում է. «Հարցնում եք` ինչ եմ անում, պարապում եմ: Պատրաստվում եմ աշնանային քննություններին ( նզովյալ լինեն դրանք): Տենչում եմ այս տարի դասընթացն ավարտել: Տեսնենք, կհաջողվի՞, թե՞ ոչ: Բացի այդ զբաղվում եմ բանաստեղծություններիս հրատարակման գործով, որոնք մի բավական ստվար հատոր կկազմեն: Ենթադրում եմ ամենակարճ ժամանակում անցնել տպագրությանը և առաջիկա աշնանը լույս ընծայել»:
Օգոստոսին Մոսկվայից Միսկարյանին գրում է. «Հարցնում եք` ինչ եմ անում, պարապում եմ: Պատրաստվում եմ աշնանային քննություններին ( նզովյալ լինեն դրանք): Տենչում եմ այս տարի դասընթացն ավարտել: Տեսնենք, կհաջողվի՞, թե՞ ոչ: Բացի այդ զբաղվում եմ բանաստեղծություններիս հրատարակման գործով, որոնք մի բավական ստվար հատոր կկազմեն: Ենթադրում եմ ամենակարճ ժամանակում անցնել տպագրությանը և առաջիկա աշնանը լույս ընծայել»:
Նոյեմբերին Մոսկվայից Ց. Խանզադյանին գրած նամակից իմանում ենք, որ Տերյանը Պողոս Մակինցյանի հետ կազմակերպել է «Պանթեոնի» խմբագրությունը, կազմակերպել է Հովհաննես Հովհաննիսյանին նվիրված գրական երեկո` գրական գործունեության 30-ամյակի առիթով: Երեկոյին մասնակցում են Բարխուդարյանը, Վեսելովսկին, Զարիֆյանը, Կուսիկյանը, Մակինցյանը, Մամիկոնյանը, Տերյանը: «Պանթեոնի» խմբագրությունը հեռագիր է ուղարկում բանաստեղծին: Գրում է. «Ինքնօրորում», «Անդարձություն», «Ուշացած սեր», «Անտրտնջություն», «Գարնան լուսե ամպի նման», «Դու խոսում ես, բայց կարծես», «Ձմռան գիշեր» ևայլ բանաստեղծություններ: Լույս է տեսնում «Գարունի» երկրորդ գիրքը:
1912
Հունիսին գրում է Անթառամին. «Ավարտական վկայական ստացա և հիմա մի քանի օրով հանգստացա, հետո նորից կսկսեմ պարապել: Իսկ պարապմունքներ շատ ունեմ, Անտենկա: Այնքան շատ, որ մի կյանք չի բավականանցնի»:
Հունիս-օգոստոսին Տերյանը Ստավրոպոլում է` կնոջ ծնողների մոտ: Զբաղվում է Արթուր Շինցլերի «Տիկին Բերտա Գարլանը» վիպակի թարգմանությամբ:
Հոկտեմբերին Վալերի Բրյուսովից կատարած «Լինե~լ մենա~կ…» և «Տխուր երեկո» բանաստեղծությունների թարգմանությունները տպագրվում են «Հուշարարի» առաջին և երկրորդ գրքերում:
Հոկտեմբերին Վալերի Բրյուսովից կատարած «Լինե~լ մենա~կ…» և «Տխուր երեկո» բանաստեղծությունների թարգմանությունները տպագրվում են «Հուշարարի» առաջին և երկրորդ գրքերում:
Նոյեմբեր- դեկտեմբերին Մոսկվայում բանաստեղծը նյութական ծանր վիճակում է: Սկսում է պոեմ Լազարյան ճեմարանի մասին, որը մնում է անավարտ:
Մոսկվայում լույս է տեսնում Տերյանի «Բանաստեղծությունների» առաջին հատորը, որի շապիկը ձևավորել է Մարտիրոս Սարյանը:
Մոսկվայում լույս է տեսնում Տերյանի «Բանաստեղծությունների» առաջին հատորը, որի շապիկը ձևավորել է Մարտիրոս Սարյանը:
Պողոս Մակինցյանի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի թարգմանությամբ հրատարակվում է Արթուր Շնիցլերի «Երկերի ժողովածուի» առաջին հատորը` «Պանթեոնի» հրատարակությամբ:
Գրում է «Ցնորք», «Շշուկ ու շրշյուն», «Այս գիշեր նորից լալիս էր քամին», «Գիշեր», «Արևածագ», «Կարուսել» եւ այլ բանաստեղծություններ: Լույս է տեսնում «Գարունի» երրորդ գիրքը:
1913
Մարտի 30-ին Վալերի Բրյուսովին հայտնում է, որ նրա ուղարկած լուսանկարն իր կատարած 10-ը ոտանավորների թարգմանություններով ու մի ակնարկով ուղարկել է Վենետիկ «Գեղարվեստ» հանդեսի համար: Ստորագրել է. «Ձեր պոեզիան սիրող և Ձեզ խորապես հարգող Վահան Տերյան»:
Մայիսին գրում է Ց. Խանզադյանին, որ պահանջել են երեք առարկայից ևս քննություն հանձնել` դիպլոմ ստանալու համար, որոնց ինքը պատրաստված չի եղել, ուստի հրաժարվել է և հետաձգել. «Հոգիս ծայրեծայր լիքն է պոեզիայով, պետք է գրել, քանի գրվում է, քանի հոգում պոեզիայի կրակ կա, քանի վերջնականապես չենք կոշտացել կենսական գռեհիկ հոգսերից ու նողկալիությունից: Ազատություն եմ ուզում տալ հոգուս և խոյանքներիս, որոնք այնքան երկար ժամանակ «հալածված ու ճնշված են եղել»:
Հուլիսի 9-ին շտապ մեկնում է Ստավրոպոլ: Գրում է Ցոլակին. «Այս վերջերս վրաս, չգիտեմ ինչու, գրելու հավաս է եկել, և օրը մի քանի բան թխում եմ- ի՞նչ է, ի՞նչ չէ, ինքս էլ չգիտեմ դեռ, հետո կտեսնեմ, իսկ առայժմ գրվում է, ես էլ գրում եմ… Բայց տպելու մասին դեռ չեմ մտածում: Մի լավ պոեմ եմ մտածել, բայց ժամանակ չկա. դրա համար շատ ժամանակ է պետք. ոտանավորը կարճ է, քիչ ժամանակ է պահանջում». Հոկտեմբերին գրում է. «Երեք շաբաթ է Պետերբուրգում եմ: Եղա Մառի մոտ –ստիպեց մտնել համալսարան»: Հոկտեմբերից Տերյանը Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի ուսանող է` ամսական 50 ռ. թոշակով: Զբաղվում է հայոց եւ արևելյան լեզուների ուսումնասիրությամբ` աշակերտելով Նիկողայոս Մառին:
Նոյեմբերին հեռագիր է ուղարկում Հովհ. Թումանյանին. «Հիվանդ եմ, նյութապես ծայրահեղ դժվարին վիճակում. խնդրում եմ, եթե հնարավոր է, ճարեցեք փոխարինաբար 150 ռուբլի: Հուսով եմ ինձ կպաշտպանեք ստորացումներից, ավելորդ խոսակցությունից: Ընդունում եմ նյութական բնույթի ամեն պայման: Սպասում եմ շուտափույթ հեռագրական պատասխանի»:
Դեկտեմբերի 11-ին Թումանյանին գրած նամակում շնորհակալություն է հայտնում փողը ստանալու և Հայ գրողների ընկերության` իրեն նվիրած նոյեմբերի 28-ի հերթական երեկույթում Թումանյանի ջերմ պաշտպանության առիթով: Գրում է «Մի՞թե վերջին պոետն եմ ես», «Սիրելի Պաոլո Մակինցյանին», («Եկան օրեր ու անցան ու ինձ ոչինչ չմնաց»), «Դարձյալ իջավ գիշեր, դարձյալ ու կրկին», «Այս հին ու նոր գրքերի վրա կորացած» և այլն:
1914
Հունվարի 12-ին Պետերբուրգից հեռագիր է ուղարկում. «Թիֆլիս. Հայ գրողների ընկերության մեծահարգ պարոն նախագահին.
Մեծապատի’վ պարոն Թումանյան,
Ստացա և ուրախությամբ կարդացի հարգո Վարչությանդ գրությունը, որով հայտնում եք, որ Հայ գրողների ընկերության ընդհանուր ժողովը պատիվ է արել ինձ` Ընկերության անդամ ընտրելու: Թույլ տվեք հանձին Ձեր, հայտնել համակրելի Ընկերության հարգելի անդամներին իմ ամենախորին ու ջերմ շնորհակալությունը: Կուզեի հավաստիացնել Ձեզ, որ իմ ուժերը ներածին չափ պիտի ջանա անօգուտ ու անպետք չլինել Ընկերությանը, որի առաջադիմությանն ու հաջողությանը նպաստելը ամեն գրասեր հայի պարտքը պետք է համարել:
Ձեր Վահան Տերյան»:
Մեծապատի’վ պարոն Թումանյան,
Ստացա և ուրախությամբ կարդացի հարգո Վարչությանդ գրությունը, որով հայտնում եք, որ Հայ գրողների ընկերության ընդհանուր ժողովը պատիվ է արել ինձ` Ընկերության անդամ ընտրելու: Թույլ տվեք հանձին Ձեր, հայտնել համակրելի Ընկերության հարգելի անդամներին իմ ամենախորին ու ջերմ շնորհակալությունը: Կուզեի հավաստիացնել Ձեզ, որ իմ ուժերը ներածին չափ պիտի ջանա անօգուտ ու անպետք չլինել Ընկերությանը, որի առաջադիմությանն ու հաջողությանը նպաստելը ամեն գրասեր հայի պարտքը պետք է համարել:
Ձեր Վահան Տերյան»:
Հունվարի 24-ին Բաքվից հեռագիր է գնում Թիֆլիսի «Հորիզոնի» խմբագրությանը, որի մեջ ասված է. «… Թող հայտնի լինի, որ հայ ժողովուրդը հավիտյանս պարտական պիտի մնա Հովհ. Թումանյանին: Ոչ մի հայհոյանք չպիտի կարողանա մթագնել մեր գրականության կարմիր արևը. նա կփայլի, քանի կենդանի է մեր ժողովուրդը և նրա մահից հետո ևս, ինչպես ացտեկների բանաստեղծ ոմն Տետցկոյոտլ, որն ապրում է ցարդ, թեև վաղուց բնաջնջվել է նրա ժողովուրդը…»:
Վահան Տերյան
Ցոլակ Խանզադյան
Պողոս Մակինցյան
Վահան Տերյան
Ցոլակ Խանզադյան
Պողոս Մակինցյան
Վահանի համաձայնությունը ստացել են Պետերբուրգից:
Հունվարի 29-ին Տերյանը հեռագիր է ուղարկում «Մշակի» խմբագրությանը և հրաժարվում աշխատակցելուց, քանի որ թերթը մի կատարյալ հարձակում էր սկսել Թումանյանի դեմ: «Չեմ կարող ծածկել զայրույթս և չբողոքել այդպիսի քայլերի դեմ, որոնք միանգամայն անթույլատրելի են գրական էթիկայի տեսակետից»:
Հունվարի 29-ին Տերյանը հեռագիր է ուղարկում «Մշակի» խմբագրությանը և հրաժարվում աշխատակցելուց, քանի որ թերթը մի կատարյալ հարձակում էր սկսել Թումանյանի դեմ: «Չեմ կարող ծածկել զայրույթս և չբողոքել այդպիսի քայլերի դեմ, որոնք միանգամայն անթույլատրելի են գրական էթիկայի տեսակետից»:
Փետրվարի կեսերից մինչև մարտի սկիզբը` երեք շաբաթից ավելի երիկամների պատճառով պառկում է հիվանդանոցում: Ապրիլին Տերյանը Գանձայում է: Մահացել է տեր Սուքիասը` 74 տարեկանում: Ապրիլի 30-ին Թիֆլիսի երաժշտական ընկերության դահլիճում հանդես է գալիս «Հայ գրականության գալիք օրը» թեմայով դասախոսությամբ: Մայիսի 29-ին հեռացվում է Պետերբուրգի համալսարանից` ուսման վարձը չմուծելու պատճառով: Հունիսի երկրորդ տասնօրյակին Տերյանը և Սուսաննան Պետերբուրգից գնում են Գանձա: Պետերբուրգ վերադառնալուց առաջ այցելում են Խանզադյաններին` Մեծ Ղարաքիլիսա (այժմ` Վանաձոր): Ցոլակ Խանզադյանի կինը ` Վարյան, վկայում է, որ միասին քաղաքում զբոսնելիս` Վահանը ամոթխածությամբ էր ընդունում իր երկրպագուհիների մատուցած ծաղիկները: … Տեղի ամառային ակումբում կազմակերպված երեկոն ջերմ վերաբերմունքի նոր ապացույցներ է տալիս. «Լեփ-լեցուն դահլիճը լարված ուշադրությամբ լսում էր Տերյանի բանաստեղծությունները, որ արտասանում էր նա անձամբ…»:
Նոյեմբերի 20-ին համալսարանի վարչությունը վերականգնում է ուսանողական իրավունքները` նրա դիմումի համաձայն: Դեկտեմբերին գրում է Նվարդ Թումանյանին. «Դուք երևակայել չեք կարող, թե ինչպես է անցնում իմ կյանքը. ոչ թե անցնում է, այլ այրվում մի ներքին դառն կրակով, և ես անզոր եմ այդ կրակի դեմ ու անօրգանական» (ընդգծումը բնագրում է):
Դեկտեմբերի 26, 27, 28, 30 – «Մշակի» համարներում տպագրվում է Տերյանի «Հոգեւոր Հայաստան» հոդվածը: Գրում է «Պետերբուրգ» սոնետը և «Էքսպրոմտը»:
1915
Ապրիլի 2-ին գրում է Կարեն Միքայելյանին. «Երեկ Մաքսիմ Գորկու մոտ էի, որն իր մոտ էր հրավիրել գրական գործով: Նա ուզում է հրատարակել «Армянский сборник» (հայ գեղարվեստական գրականությունից հանգամանալի ներածությամբ) և այդ ժողովածուն կազմելը հանձնարարեց ինձ»:
Գարնանը հայ ժողովրդի մասսայական բնաջնջման` եղեռնի լուրը հասնում է ամենուր: Օգոստոսին գրում է Ցոլակին. «Դիտմամբ չեմ գրում ներկա դեպքերի մասին: Հասկանում ես, որ անհնար է այդ ահավոր բաների մասին նամակ գրել: Ես միանգամայն շշմած եմ և զարհուրած…Կովկասից եկող լուրերը հոգեկան տխրություն են լցնում մարդու սիրտը… Այդ լուրերը սպանիչ ազդեցություն են գործում»:
Հուլիսի 21-ին նամակ է գրում Մ. Գորկուն.
«Մեծարգո Ալեքսեյ Մաքսիմովիչ,
Մոտ օրերս պատրաստ կլինի Սունդուկյանի «Պեպոյի» բառացի թարգմանությունը: Բարի եղեք հայտնել ինձ, թե ինչպես վարվեմ:
Թարգմանությունն ուղարկեմ Ձե՞զ, թե՞ գամ…
Անկեղծ Ձեզ սիրող եւ հարգող
Վահան Տերյան»:
Մոտ օրերս պատրաստ կլինի Սունդուկյանի «Պեպոյի» բառացի թարգմանությունը: Բարի եղեք հայտնել ինձ, թե ինչպես վարվեմ:
Թարգմանությունն ուղարկեմ Ձե՞զ, թե՞ գամ…
Անկեղծ Ձեզ սիրող եւ հարգող
Վահան Տերյան»:
Սեպտեմբերի 8-ին Մուստա Միակիից գրում է Անթառամին. «Հիմա, ես Ֆինլանդիայում` Գորկու մոտ եմ: Նրա հետ թարգմանում ենք «Պեպոն»: Հոկտեմբեր-դեկտեմբերին զբաղվում է «Հայ գրականության ժողովածուի» ռուսերեն թարգմանությամբ և հրատարակման հարցերով: Գրում է «Երկիր Նաիրի» շարքը. մի մասը Տերյանը գրել էր 1915-ին` «Այնպես անխինդ են ու նման լացին», «Դու հպարտ չես, իմ հայրենիք», «Մշուշի միջից, տեսի~լ դյութական», «Կարծես թե դարձել եմ ես տուն», «Հիշում եմ, ինչպես այն ուշ…» , «Բարակիրան նաիրուհին ինձ ժպտաց», «Ինչպես չսիրեմ երկիր իմ կիզված»:
1916
Հունվարի սկզբին Տերյանը Երևան է մեկնում: Պ. Մակինցյանը դասախոս էր Էջմիածնի Գեւորգյան Ճեմարանում: Հունվարի 8-ին Վալերի Բրյուսովը Բաքվում հանդես է գալիս հայ գրականության մասին դասախոսությամբ: Ի պատիվ Բրյուսովի` կազմակերպվում է ընթրիք, որի ժամանակ ստացվում է Վ. Տերյանի և Պ. Մակինցյանի հեռագրիը. «Նաիրական երկրից ջերմ ու սրտագին ողջունում ենք մեր թանկագին հյուր Վալերի Յակովլևիչին և քնքշորեն գլուխ խոնարհեցնում Իոաննա Մատվեևնայի առջեւ»:
Հունվարի 18-ին Երևանում Վ. Բրյուսովը դասախոսություն է կարդում գրականության մասին. անդրադառնում է նաև բեմում նստած Տերյանին և նրան ներկայացնում ներկա հասարակությանը:
Ապրիլին Պետրոգրադում Տերյանի առողջական վիճակը վատթարանում է: Պատրաստվում է արաբերենի քննության: Պ. Մակինցյանի հետ որոշում են աշնանը հրատարակել «Գարունի» 4-րդ գիրքը:
Մայիսին Պետրոգրադից գրում է Նվարդ Թումանյանին. «Ցավում է կուրծքս, հազում եմ և շատ թույլ եմ զգում ինձ: Չկարծես, թե հիվանդացել եմ «բանաստեղծական» հիվանդությամբ, այսինքն` թոքախտով: … Ո’չ: Դեռ ոչ: Բայց բժշկի ասելով` առայժմ վտանգ չկա, բայց եթե միջոցներ ձեռք չառնեմ, վտանգավոր կդառնա հիվանդությունս: … Ասում է, որ պետք է գնալ- Хотя бы в Ялту (լավ է ասում, չէ՞…)» … Շարունակում է. «Ինձ մի դժբախտություն էլ պատահեց. Սուսաննան մի քանի օր առաջ մի աղջիկ ունեցավ, որը, տարաբախտաբար, վախճանվեց` ի մեծ վիշտ իմ և մանավանդ Սուսանի»:
Օգոստոսի երկրորդ կեսին գրում է Ց. Խանզադյանին, որ թարգմանում է Շոթա Ռուսթավելիի «Ընձենավորի» նախերգանքը: Հոկտեմբերին Պետրոգրադում հանձնում է արաբերենի քննությունը: Ց. Խանզադյանին է ուղարկում Բոդլերից կատարած թարգմանությունները և «Իջնում է գիշերը անգութ ու մթին», «Հայրենիքում իմ արնաներկ» և այլ բանաստեղծություններ` Բաքվի «Գործում» տպագրելու համար: Գանգատվում է առողջությունից: Մտահոգություն է հայտնում «Գարուն» ալմանախի 4-րդ գրքի հրատարակության հետ կապված հարցերի մասին («Գարունի» 4-րդ գիրքը այդպես էլ լույս չի տեսնում): Բժիշկները խորհուրդ էին տալիս շտապ գնալ Սուխում` տուբերկուլյոզը բուժելու համար, սակայն առողջարան գնալուց առաջ պետք էր լուծել զինվորագրության հարցը:
Դեկտեմբերի 31-ին Տերյանը գնում է Երևան:
1917
Հունվարի 15-ին Երևանում ենթարկվում է բժշկական քննության: Բժիշկ Ամենակ Մելիքյանի կողմից տրված վկայականում գրված է. «Տրվում է սույնը Երևան քաղաքում բնակվող Վահան Սուքիասի Տերյանին նրա անձնական խնդրանքով, Երևանի Գավառական զինվորական ատյան ներկայացնելու համար առ այն, որ նա տառապում է աջ թոքի տուբերկուլյոզով, որ խորխը քննելիս նրա մեջ հայտնաբերված են տուբերկուլյոզային բացիլներ, որ այդ հիվանդությունից նա բուժվում էր ինչպես ինձ, այնպես էլ ուրիշ բժիշկների մոտ, որը և հաստատում եմ ստորագրությամբ և անվանական կնիքով»:
Հունվարի 16-ին գավառական զինվորական ատյանը հաստատում է. «Տեր-Գրիգորյանց` նույն ինքը Տերյան Վահան Սուքիասի (քահանայի որդի, Մոսկվա քաղաքի բնակիչ, ծնված 1885թ. հունվարի 28-ին) խոտանված` 1912 թվին զինվորական ծառայություն կատարելու զորակոչի ժամանակ: Երևանի Գավառական զինվորական ատյանի ստուգողական ծառայություն կատարելու քննության ժամանակ ճանաչված է միանգամայն ոչ պիտանի զինվորական ծառայության համար` ըստ 1917 թվի հունվարի 16-ի նո. 113-60 Ա. Հոդվածի»:
Գրում է մեծ եղբորը` Ջավախեցուն 1917-ի հունվարին Պետրոգրադից. «… Կյանքիս վերջին օրերն եմ ապրում: Ղազար ջան, ցավ չէ մեռնելը, բայց այսպիսի ժամանակ մեռնելը կրկնակի մահ է… Դեռ ինչքա~ն գործ կա անելու… Սու’տ է : Ղազա’ր ջան , սո’ւտ. խաբում են ինձ բոլորը… Ցավս է մենակ, որ չի խաբում, խեղդում է»:
Հունվարի 18-ին Երեւանի քաղաքային ակումբի սրահում Տերյանը «Հայոց նոր շրջանի բանաստեղծության ոճի ու լեզվի զարգացման մասին» թեմայով դասախոսություն է կարդում: Երեկոյի վերջում արտասանում է «Հրաժեշտի գազելը»:
«Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով…»
«Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով…»
Փետերվարի 7-ին ընդունվում է Սուխումի Կոշկույի առողջարան` թոքախտից բուժվելու նպատակով: Փետրվարի 11-ին նամակներ է գրում Մարգարիտա Շահխաթունուն, Ց. Խանզադյանին, Նվ. Թումանյանին, Կ. Միքայելյանին, որտեղ գանգատվում է իր վատ տրամադրությունից և ֆիզիկական վիճակից, նաև անդրադառնում է գրական խնդիրներին. Ստ. Զորյանին խնդրում է, որ «Մշակի» համարներն իրեն ուղարկվեն առողջարանի հասցեով:
Մարտի 17-ին Փետրվարյան հեղաշրջման առիթով Գրում է Մ. Շահխաթունուն. «Վերջին դեպքերը այնքան հուզիչ են, որ ոչ միայն գրել, այլև հանգիստ նստել չի կարողանում մարդ: …Այս զզվելի հիվանդության պատճառով ես մի այսպիսի ժամանակ Պետերբուրգ լինելու փոխարեն ընկած եմ այս անկյունում: Մինչդեռ եթե լինեի այնտեղ, եթե ոչ մասնակից, գոնե ականատես կլինեի անցքերին»: Նույն օրը հեռագրում է Հովհ. Թումանյանին. «Շտապ, Թիֆլիս, Վոզնեսենսկայա 18, Թումանյանին, Սուխումից: Խոնարհաբար խնդրում եմ գրողների նախագահին, Թիֆլիսի պետական իշխանությունների միջոցով շտապ դիմել տեղիս իշխանություններին, որպեսզի ինձ պաշտպանեն բժիշկ Շուլցի եւ առողջարանի տնօրենի ծանակումներից: Այստեղ ոչ ոքի չճանաչելով, հիվանդ` ես անզոր եմ: Տերյան»:
Թումանյանի օգնության շնորհիվ հարաբերությունները կարգավորվում են:
Մարտ ամսին Սուխումից Ավետիք Իսահակյանին է ուղարկում «Сборник армянской литературы» երկու օրինակ:
Մարտ ամսին Սուխումից Ավետիք Իսահակյանին է ուղարկում «Сборник армянской литературы» երկու օրինակ:
«Առողջությունս ավելի լավ է, — գրում է Ց. Խանզադյանին,-բայց դեռ էլի պիտի բժշկվեմ: Այս օրերս կգնամ Թիֆլիս: Այնտեղից էլ գուցե գնամ գյուղ: Հեղաշրջումն ինձ շշմեցրել է… Եվ սիրտս ճաքում է, որ ոչինչ չեմ կարող անել»:
Ապրիլի 11-ին «Մշակի» 72-րդ համարի «Ներքին լուրեր» խորագրի տակ կարդում ենք. «Թիֆլիս վերադարձավ բանաստեղծ Վահան Տերյանը Սուխումից, ուր նա բժշկվում էր երկու ամսից ի վեր: Բանաստեղծի առողջական դրությունը լավ է, և վտանգը անցած կարելի է համարել»:
Երկու քառատող է գրում Ռ. Զարդարյանի ալբոմում.
Մի’ տրտնջա ցավիդ համար-սիրո առատ աղբյուր է նա,
Մի’ ափսոսա մեղքիդ համար-սիրտը մաքրող սուրբ հուր է նա.
Թե սերն անցնի, մի’ մորմոքա-կը մնա հուշ- մաքուր է նա,
Սիրտդ թող միշտ խնդա կամ լա-մահ է մթին, երբ լուռ է նա:
* * *
Ասածներիդ համար երբեք չես ասելու ախ ու ափսոս,-
Չասածներիդ համար պիտի ասես` ափսո~ս, հազա~ր ափսոս:
Վահան Տերյան ասաց-ավա~ղ, ինչո՞ւ դրիր սրտի~ս կապանք,
Քանի~ սերեր, քանի~ հուրեր զուր հանգցրի- հազա~ր ափսոս…
Մի’ ափսոսա մեղքիդ համար-սիրտը մաքրող սուրբ հուր է նա.
Թե սերն անցնի, մի’ մորմոքա-կը մնա հուշ- մաքուր է նա,
Սիրտդ թող միշտ խնդա կամ լա-մահ է մթին, երբ լուռ է նա:
* * *
Ասածներիդ համար երբեք չես ասելու ախ ու ափսոս,-
Չասածներիդ համար պիտի ասես` ափսո~ս, հազա~ր ափսոս:
Վահան Տերյան ասաց-ավա~ղ, ինչո՞ւ դրիր սրտի~ս կապանք,
Քանի~ սերեր, քանի~ հուրեր զուր հանգցրի- հազա~ր ափսոս…
1917, գարուն,Թիֆլիս
Մայիսին ծնվում է Տերյանի երկրորդ աղջիկ երեխան, որն ապրել է հավանորեն մինչեւ 1918-ի ապրիլը. մահացել է Ստավրոպոլում, ուր Սուսանը մեկնել էր Պետրոգրադից հունվարին երեխայի հետ: Տերյանը նրան է նվիրել «Իմ բալիկին» խորագրով բանաստեղծությունների շարքը: Ապրիլ-օգոստոսին Գանձայում է: Հայրենի լեռնաշխարհի կենարար օդն ու ջուրը, հարազատների հոգատարությունը վերականգնում են Տերյանի ուժերը: Նամակներ է գրում Կ. Միքայելյանին, Ստ. Զորյանին, միտք ունի Պետրոգրադ մեկնել; Մ. Շահխաթունուն գրում է. «Ի~նչ տխրալի է, սիրելի’ս, որ Կովկասը թողնում եմ առանց Ձեզ տեսնելու: Առհասարակ հայրենիքս թողնոմ եմ տրտմությամբ և ինչ-որ տագնապի զգացումով: … Ես հիմա այնպես տխուր-տխուր եմ, բայց և թեթեւ, կարծես վախճանվել եմ, կարծես կենդանի չեմ արդեն, այլ սոսկ ստվեր, հուշ, որևէ տեղ: «Վահան Տերյան» Ձեր, բոլոր նրանց, ում սիրում եմ, ով քնքուշ էր դեպի ինձ: «Վահան Տերյան»-արդյոք ե՞ս եմ այդ: Իսկապես ինչպիսի~ հանգուցյալ եմ ես:
Մտահոգված է Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի թարգմանության հարցով, ընդ որում, առաջին հատորը պետք է թարգմաներ ինքը, երկրորդը` Ստ. Զորյանը, երրորդը` Դերենիկ Դեմիրճյանը, չորրորդը` Արշավիր Խոնդկարյանը: Ասում է, որ 100 երես թարգմանել է:
Օգոստոսի կեսերին Տերյանը Պետրոգրադ է մեկնում, որտեղից գրում է Ստ. Զորյանին, հետաքրքրվում է «Պատերազմ և խաղաղություն» վեպի երկրորդ հատորի թարգմանությամբ և ավելացնում. «Ես այստեղից հեռանալու մտադրություն չունեմ դեռևս և կհեռանամ միայն այն դեպքում, եթե բոլորը հեռանալու լինեն (եթե գերմանացիք վերցնելու լինեն մայրաքաղաքը) կամ թե սով լինի: Առայժմ ոչ մեկը, ոչ մյուսը չկա» (ընդգծումը բնագրում է):
Ստ. Շահումյանի առաջարկով Տերյանը ձեռնամուխ է լինում «Ի՞նչ է ասում Լենինը գյուղացիների հողի մասին» աշխատությունը գրելուն:
Նոյեմբերին Պետրոգրադից գրում է ընկերներից մեկին. «Ինձ առաջարկում են պաշտոն Ազգային գործերի մինիստրության մեջ: Դեռ չեմ որոշել: Երեւի ազգային գործերի մինիստրության մեջ կվերցնեմ պաշտոն հայկական մասում աշխատելու նպատակով: Դա հետաքրքիր կլինի: Հրաժարվել չի կարելի, վասնզի ինտիլիգենտ ուժերի կարիք կա, և կուսակցական էթիկան չի թույլատրում այս ժամին, երբ զզվելի սաբոտաժ են անում բոլոր խավար ուժերը, չգնալ և չծառայել բանվորական և գյուղացիական կառավարությանը: Դրա համար из принципа ուզում եմ վերցնել առաջարկված պաշտոններից մեկն ու մեկը» (ընդգծումը բնագրում է):
Նոյեմբերի 29-ին Լենինի ստորագրությամբ Տերյանին տրվում է հետևյալ գրությունը. «Առաջարկվում է Մարինյան պալատի կոմիսար ընկեր Տերյանին ցույց տալ ամեն տեսակի աջակցություն` Կոմիսարիատի կովկասյան գործերի թղթերն ընդունելու գործում»:
Նոյեմբեր-դեկտեմբերին Տերյանը ժողովրդական կոմիսարների խորհրդին է ներկայացնում «Զեկուցագիր Թուրքահայաստանի մասին» և «Հայաստանի մասին դեկրետի» նախագիծը: Այս առիթով հանդիպումներ և զրույցներ է ունենում Լենինի հետ: «Լենինը շատ պայծառ է և զարմանալի… և պարզ»- գրում է Պ. Մակինցյանին:
Դեկտեմբերի վերջին ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատին կից ստեղծվում է Հայկական գործերի կոմիսարիատ: Կոմիսարիատի նախագահ է նշանակվում Վառլամ Ավանեսովը, իսկ տեղակալ` Վահան Տերյանը: Դեկտեմբերի 29-ին ժողովրդական կոմիսարների խորհուրդը դեկրետ է ընդունում Թուրքահայաստանի մասին: Տերյանը գրում է «Կատվի դրախտ» շարքը, լրացնում է «Ոսկե շղթա» և «Երկիր Նաիրի» շարքերը:
1918
Հունվարի 11-ին Լենինի ստորագրությամբ Տերյանին տրվում է վկայական. «Սույնով, կնիքի դրոշմամբ, հաստատվում է, որ սա ներկայացնող Հայկական գործերի կոմիսարիատի կոլեգիայի անդամ Տերյանը Ժողովրդական կոմիսարների խորհրդի կողմից լիազորված է որպես խորհրդական` մտնելու այն պատվիրակության կազմում, որը Բրեստ- Լիտովսկում բանակցություններ է վարում մի կողմից` Ռուսաստանի հանրապետության, և մյուս կողմից` Եռյակ Դաշինքի տերությունների միջև հաշտություն կնքելու հարցում»:
Հունվարի 12-24-ին Բրեստ-Լիտովսկում Տերյանը, որպես սովետական պատվիրակության խորհրդական, մասնակցում է հաշտության բանակցություններին:
Հունվարի 25-ին վերադառնում է Պետրոգրադ` «Հայկական հարցի մասին» անհրաժեշտ նյութեր Բրեստ տանելու:
Հունվարի 25-ին վերադառնում է Պետրոգրադ` «Հայկական հարցի մասին» անհրաժեշտ նյութեր Բրեստ տանելու:
Հունվարի 26-ին Պետրոգրադից նամակ է գրում կնոջը` Սուսաննային, որին երեխայի հետ ուղարկել էր Ստավրոպոլ. «Երեկ վերադարձա Բրեստից: Հասկանալի է, որ չնայած այն բանին, որ սարսափելի զբաղված եմ, ամբողջ ժամանակ իմ բոլոր մտքերը ակամա դառնում էին քեզ և իմ Լյասկային (աղջկան): …Պինդ կաց, սիրելի’ս, շատ եմ խնդրում քեզ, մի վհատվիր ու թևաթափ մի լինի, տա’ Աստված, ամեն բան դեպի լավը կգնա: Ինչպիսի անսահման երջանկություն կլինի, եթե գամ (առաջին իսկ հնարավորության դեպքում ` իհարկե կգամ) և ձեզ տեսնեմ ուրախ ու առողջ: Որեմն պահպանիր քեզ ու Լյասկային` մանկիկի’ս , և խելոք եղիր»:
Բաքվի կոմիտեի օրգան «Բանվորի խոսքի» հունվարի 27-ի, փետերվարի 16-ի և 24-ի համարներում տպագրվել է Տերյանի «Ի՞նչ է ասում Լենինը գյուղացիներին» աշխատությունը:
Մայրաքաղաքը Պետրոգրադից 1918-ի մարտին տեղափոխվում է Մոսկվա:
Մարտ-ապրիլին Մոսկվայից գրում է Ստավրոպոլ. «Արժե՞ արդյոք խոսել այն մասին, թե որքան շատ ծանրագույն տառապանքներ են պատճառում ինձ քո հեռավորությունն ու վիճակիդ անորոշությունը: Լյասկայիս մասին ես նույնիսկ վախենում եմ հարցնել:… Հիմա գալու ոչ մի հնարավորություն չկա բարոյական նկատումներով և ընկերականության ու կարգապահության նկատումներով:…Ես իմ պարտքն եմ համարում, որքան էլ այդ ծանր լինի, դիմանալ դրան, տոկալ և տվյալ պահին չլքել պոստս: Հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց հնարավորություն կունենամ հանգիստ խղճով գալ քեզ մոտ: Մի բան կասեմ միայն. հավատա, որ այս երկու ամսվա ընթացքում ապրել եմ այնքան վիշտ ու թախիծ, որքան չեմ ապրել ամբողջ կյանքիս ընթացքում»:
Մարտ-ապրիլին Մոսկվայից գրում է Ստավրոպոլ. «Արժե՞ արդյոք խոսել այն մասին, թե որքան շատ ծանրագույն տառապանքներ են պատճառում ինձ քո հեռավորությունն ու վիճակիդ անորոշությունը: Լյասկայիս մասին ես նույնիսկ վախենում եմ հարցնել:… Հիմա գալու ոչ մի հնարավորություն չկա բարոյական նկատումներով և ընկերականության ու կարգապահության նկատումներով:…Ես իմ պարտքն եմ համարում, որքան էլ այդ ծանր լինի, դիմանալ դրան, տոկալ և տվյալ պահին չլքել պոստս: Հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց հնարավորություն կունենամ հանգիստ խղճով գալ քեզ մոտ: Մի բան կասեմ միայն. հավատա, որ այս երկու ամսվա ընթացքում ապրել եմ այնքան վիշտ ու թախիծ, որքան չեմ ապրել ամբողջ կյանքիս ընթացքում»:
Ապրիլ-հունիսին Մոսկվայում Տերյանը զբաղված է պետական կարևորագույն փաստաթղթերով. հրատարակչական գործի կազմակերպման, Լազարյան ճեմարանի բարենորոգման, հայ գաղթականներին օգնություն կազմակերպելու հարցերով:
Հունիսի 22-ին Վ. Ավանեսովի եւ Վ. Տերյանի խմբագրությամբ լույս է տեսնում Հայկական Գործերի կոմիսարիատի օգնական «Կոմունիստ» շաբաթաթերթը: Թերթում տպագրվում են Սովետական կառավարության դեկրետները, որոշումները, Լենինի Ճառերը, զեկուցոմները և հոդվածները, նաև Տերյանի «Նամակներ հայ գյուղացիներին և բանվորներին» կոչը:
Հունիսի 22-ին Վ. Ավանեսովի եւ Վ. Տերյանի խմբագրությամբ լույս է տեսնում Հայկական Գործերի կոմիսարիատի օգնական «Կոմունիստ» շաբաթաթերթը: Թերթում տպագրվում են Սովետական կառավարության դեկրետները, որոշումները, Լենինի Ճառերը, զեկուցոմները և հոդվածները, նաև Տերյանի «Նամակներ հայ գյուղացիներին և բանվորներին» կոչը:
Հուլիսի 29-ին հայ գաղթականներին օգնելու համար հատուկ բժշկասանիտարական մի խումբ Վ. Տերյանի գլխավորությամբ մեկնում է Հյուսիսային Կովկաս և Մերձվոլգա: Տերյանը հույս ուներ այնտեղից անցնել Ստավրոպոլ` Սուսաննային տեսնելու:
Օգոստոսի երկրորդ կեսին հասնում են Աստրախան: Տերյանը հյուրընկալվում է ճեմարանական դասընկեր Նիկողայոս Վարագյանի տանը:
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը Տերյանը Պյատիգորսկում զբաղվում է հայ գաղթականներին օգնություն ցույց տալու հարցով: Նա բաժանում է իր հետ բերած դրամը և հագուստները. բժիշկների միջոցով կազմակերպում է հիվանդների բուժօգնության գործը, լիկվիդացնում է դաշնակցության կողմից ղեկավարվող «Արմենկոմը», կազմում է նոր բաժանմունք, որը համալրում է Սովետական իշխանությանը նվիրված մարդկանցով, կազմում է բաժանմունքի աշխատանքի պլան:
Սեպտեմբերի 6-ին Տերյանը Էսենտուկիում հանդիպում է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանին: Այս անգամ Տերյանն Աստրախանում մնում է մոտ մի ամբողջ ամիս: Համարյա միշտ հիվանդ պառկած էր: Այդպես էլ չի հաջողվում հանդիպել կնոջը, քանի որ Ստավրոպոլում սպիտակներն էին:
Սեպտեմբերի 6-ին Տերյանը Էսենտուկիում հանդիպում է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանին: Այս անգամ Տերյանն Աստրախանում մնում է մոտ մի ամբողջ ամիս: Համարյա միշտ հիվանդ պառկած էր: Այդպես էլ չի հաջողվում հանդիպել կնոջը, քանի որ Ստավրոպոլում սպիտակներն էին:
Հոկտեմբերի կեսին. «Վահանը հիվանդ, հազալով թողնում է Աստրախանը», — գրում է Նիկողայոս Վարագյանի մայրը` Մանուշակը:
Նոյեմբերի 25-ին Մոսկվայում Տերյանը գրում է զեկույց-հաշվետվություն Հայկական գործերի կոմիսարիատի գործունեության վերաբերյալ: Տերյանի թարգմանությամբ Մոսկվայում լույս է տեսնում Լենինի «Կառլ Մարքս. համառոտ կենսագրություն և մարքսիզմի շարադրություն» աշխատությունը:
1919
Տարվա սկզբներին Մոսկվայում առանձին գրքով հրատարակվում է Տերյանի «Ի՞նչ է ասում Լենինը գյուղացիներին» աշխատությունը: Մարտի 4-ին Ժողկոմսովետը Վ. Ի. Լենինի ստորագրությամբ դեկրետ է ընդունում Մոսկվայում գտնվող Հայկական ինստիտուտի մասին: Լազարյան ճեմարանը հայկական ինստիտուտի վերակազմավորելու նախագծի աշխատանքները գլխավորում է Տերյանը: 1919 թվականին հիվանդ բանաստեղծին այցելում է դաշնակցական կառավարության ներկայացուցիչ բժիշկ Զավրիևը, առաջարկում է մեկնել Շվեյցարիա բուժման` խոստանալով ամեն տեսակի աջակցություն: Տերյանը կտրականապես մերժում է այդ առաջարկը: Հունիսին Մոսկվայի Սոկոլնիկի արվարձանի Չետվերիկովի առողջարանում է, որտեղ և գրում է ներքոհիշյալ սրտառուչ տողերը, որ նվիրված են Անահիտ Շահինջանյանին.
Օ~, կըգան օրեր ավելի տրտում
Ու դժնի, դժնի, առավել դժնի.
Կըդառնա հանկարծ բոլորն ապարդյուն,
Օ~, կըգան օրեր ավելի տրտում:
Կըլռե տրտունջ անամոք սրտում,
Եվ փոշու նըման ձանձրույթը կիջնի…
Օ~, կըգան օրեր ավելի տրտում
Եվ դժնի, դժնի, առավել դժնի…
Ու դժնի, դժնի, առավել դժնի.
Կըդառնա հանկարծ բոլորն ապարդյուն,
Օ~, կըգան օրեր ավելի տրտում:
Կըլռե տրտունջ անամոք սրտում,
Եվ փոշու նըման ձանձրույթը կիջնի…
Օ~, կըգան օրեր ավելի տրտում
Եվ դժնի, դժնի, առավել դժնի…
Դերբենդցի 17 տարեկան Անահիտ Շահինջանյանը 1917-ին սովորելիս է լինում Մոսկվայի կանանց բարձրագույն կուրսերի բնագիտական ֆակուլտետի մաթեմատիկայի բաժնում: Հեղափոխության պատճառով կուրսերը փակվում են, Անահիտը սկսում է աշխատել Ազգությունների հայկական կոմիսարիատի գրական բաժնում: Տերյանի հետ մտերմանում է: 1919-ից նրանք արդեն միասին էին: Անահիտն է Տերյանի միակ դստեր` Նվարդի մայրը: Նվարդը ծնվել է Տերյանի մահից 3 ու կես ամիս անց Մոսկվայում, 1920 թվականի ապրիլի 28-ին, մահացել է 1978-ի հոկտեմբերի 12-ին` Երևանից վիրահատության նպատակով Մոսկվա մեկնելուց շուրջ մեկ ամիս անց:
Տերյանն Անահիտի հետ ապրում էր «Մետրոպոլ» հյուրանոցում, որտեղ և ավարտում է Լենինի «Պետություն եւ հեղափոխություն» աշխատության թարգմանությունը: Չնայած առողջական վատ վիճակին` որոշ մարդկանց զրպարտությունների պատճառով ստիպված էր թողնել մայրաքաղաքը: Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կարևոր և շտապ հանձնարարությունով պատրաստվում է մեկնել Տաշքենդ, Անդիջան: Նա հույս ուներ Թուրքեստանում (Ուզբեկստան) տեսնել մեծ եղբորը` Ղազարին, և նրա ընտանիքի խնամքը վայելելով` տաք կլիմայի մեջ վերականգնել առողջությունը:
Հոկտեմբերի 3-ին Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատից Մ.Ի.Կալինինի ստորագրությամբ ստանում է վկայական. «Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատը հաստատում է, որ սույնը ներկայացնող` Համառուսական ԿԳԿ-ի անդամ ընկ. Վահան Սուքիասի Տերյանը Արտգործժողկոմատի կարևոր և շտապ հանձնարարություններով ուղևորվում է Տաշքենդ` Սամարայի և Օրենբուրգի վրայով:
Բոլոր ռազմական, քաղաքացիական և երկաթուղային իշխանություններին առաջարկվում է ընկ. Տերյանին ցույց տալ ամենալայն օժանդակություն` նրա ուղևորության ճանապարհին»:
Տերյանին ուղեկցելու պատրաստակամություն է հայտնում Անահիտ Շահինջանյանը, որը շուտով մայրանալու էր: Հոկտեմբերի 13-ին դուրս են գալիս Մոսկվայից:
Հոկտեմբերի 20-ին Սամարայում Տերյանը դիմում է ռազմական հաղորդագրությունների պետին. «Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից հույժ շտապ և կարևոր հանձնարարությամբ գործուղված լինելով Տաշքենդ, հետագայում Արևելք (Թուրքիա և Պարսկաստան) մեկնելու համար, հիվանդության բերումով հարկադրված եղա կանգ առնել Սամարայում: Ներկա պահին ցանկանալով շարունակել իմ ճանապարհը` խնդրում եմ Ձեզ տրամադրել ինձ մեկ խուց (երկու հոգու համար) հենց առաջին իսկ կարգային վագոնում, որը Ձեր կողմից ենթադրվում է Տաշքենդ ճանապարհելու: Ինձ վրա դրված պատասխանատու խնդրի ծայրահեղ շտապ լինելն ու արտակարգ կարևորությունը իրավունք են տալիս ինձ հուսալու, որ սույն դիմումը անհապաղ քննության կառնվի Ձեր կողմից և կբավարարվի ամեն հերթից դուրս» (ընդգծումը բնագրում է):
Հոկտեմբերի 20-ին Սամարայում Տերյանը դիմում է ռազմական հաղորդագրությունների պետին. «Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից հույժ շտապ և կարևոր հանձնարարությամբ գործուղված լինելով Տաշքենդ, հետագայում Արևելք (Թուրքիա և Պարսկաստան) մեկնելու համար, հիվանդության բերումով հարկադրված եղա կանգ առնել Սամարայում: Ներկա պահին ցանկանալով շարունակել իմ ճանապարհը` խնդրում եմ Ձեզ տրամադրել ինձ մեկ խուց (երկու հոգու համար) հենց առաջին իսկ կարգային վագոնում, որը Ձեր կողմից ենթադրվում է Տաշքենդ ճանապարհելու: Ինձ վրա դրված պատասխանատու խնդրի ծայրահեղ շտապ լինելն ու արտակարգ կարևորությունը իրավունք են տալիս ինձ հուսալու, որ սույն դիմումը անհապաղ քննության կառնվի Ձեր կողմից և կբավարարվի ամեն հերթից դուրս» (ընդգծումը բնագրում է):
Հոկտեմբերի 31-ին Սամարայում Անահիտը գրում է. «Եղավ Ֆրունզեի մոտ: Գնաց նահանգային գործկոմի նիստի, վերադարձավ ուշ գիշերին և արդեն ջերմություն ուներ: Եղանակը խոնավ էր, սառնամանիքները դեռ չէին սկսվել: Հաջորդ օրվանից նա հիվանդ պառկեց»: Նոյեմբերի 8-ին գրում է. «Բժիշկը եկավ, դիտեց կոկորդը և ասաց, որ վտանգը այնքան էլ մեծ չէ, և երեք օրից կարելի է շարունակել ճանապարհորդությունը դեպի Տաշքենդ: Իմ այն առաջարկություններին, թե վերադառնանք Մոսկվա, Վահանն ասում էր, որ փողերը ծախսված են, ոչինչ արված չէ, կիսաճանապարհից վերադառնալն անհնարին է»:
1919 թվականի նոյեմբերին Սամարայում գրում է իր վերջին բանաստեղծությունը. «Գինով եմ, գինով եմ ես էլ»…
Նոյեմբերի 22-ին Սամարայից ռազմասանիտարական գնացքով մեկնում են Օրենբուրգ: Դեկտեմբերի 13-ին գնացքը կանգ է առնում Օրենբուրգից 9 կմ հեռավորության վրա, մնում են մինչև 18-ը: «Դեկտեմբերի 19-ին ես գնացի Օրենբուրգ,- շարունակում է Ա. Շահինջանյանը,- որպեսզի սկսեմ դես ու դեն ընկնել` մի ուրիշ գնացք նստելու համար: Ամեն ինչ կարգավորվեց. մյուս օրը պետք է մեկնեինք, բայց ջերմությունը բարձրացավ մինչեւ 40.8: Ես դուրս էի եկել: Վերադարձա, նա արդեն ինձ նամակ էր գրում` կարծելով, որ կմեռնի մինչև իմ վերադարձը: Ես արդեն տեսա, որ շարունակել ճանապարհն անկարելի է, առաջարկեցի գնալ Օրենբուրգ` իմ ծանոթ Օհանյանների մոտ: Նա այդ օրն առանց ինձ այնքան էր տանջվել, որ ասաց. «Ինչ ուզում ես արա, միայն ինձ մահից փրկիր»:… Օրենբուրգ մենք գնացինք սահնակով: Երբ հասանք, նա համարյա անզգա էր, սակայն տնային հարմարավետ պայմանները, ընտանիքի ջերմությունը նրան վերակենդանացրին: Նա աշխուժացավ, և երեկոյան բոլորս նստել թեյում, պարզ ու սիրալիր խոսակցում էինք: Դեկտեմբերի 20-ի օրը մինչև երեկո նա իրեն լավ էր զգում: Սենյակում դաշնամուր էր դրված: Ստիպեց ինձ ամբողջ օրը նվագել: Դեկտեմբերի 21-ին անկողին ընկավ և այլեւս վեր չկացավ: Դեկտեմբերի 30-ից պարբերաբար, օրընդմեջ, նրան սկսեց այցելել մի ուրիշ բժիշկ: Ջերմությունը ցածր էր` 35.6 աստիճան: Աղիքների պրոցեսի հետևանքով նա ոչինչ ուտել չէր կարողանում: Անգամ անկողնում չէր կարողանում շարժվել:
1920
Հունվարի 4-ից մարմինը սկսեց սառչել: Հունվարի 6-ին առբաժնի միջոցով կոնսուլիում հրավիրվեց` երեք բժշկից բաղկացած: Ասացին, որ ոչինչ անել չի կարելի, ամեն րոպե պետք է սպասել վախճանին: Ամբողջ գիշեր` հունվարի 6, լույս 7, նա չքնեց բնավ: Մի քանի անգամ խնդրեց շորերը հագցնել, նստեցնել բազկաթոռին, սակայն այնպես թույլ էր, այնքան ուժասպառ ու հյուծված, որ միանվագ հինգ րոպե անգամ չէր կարողանում նստել: Ոտքերն ու ձեռքերն արդեն փայտացել էին, խնդրեց տրորել: Զարմանալի կերպով հանգիստ էր նա այդ միջոցին:
Արցունքները գլոր-գլոր թափվում էին իմ աչքերից: Տեսնելով այդ` Վահանը խնդրեց լաց չլինել և ապա հարցրեց. «Ի՞նչ ես կարծում, ու՞մ է դժվար` նրան` ով մեռնո՞ւմ է, թե՞ մերձավորներին, որ կենդանի են մնում…»: Մարմինը բոլորովին սառեց: Ոչինչ չէր կարողանում ընդունել, դժվարությամբ էր խոսում… Չնայած այդ բոլորին` անվերջ ասում էր. «Գնանք, շուտով Մոսկվա գնանք…»:
Առավոտյան գնացի բուժակի հետևից: Սրսկման միջոցին Վահանը խոսում էր և հարցրեց. «Հնարավո՞ր է, արդյոք, անվերջ ծակոցներ անել և կյանքը երկարացնել ևս մի շաբաթ»: Կամֆորայի սրսկումից հետո շուրջ երկու ժամ նա գիտակցում էր: Նկատելի աշխուժացավ, ասես գերբնական մի զվարթություն եկավ վրան, ու ցավերը մեղմացան: Ապա ինձ խնդրեց մոտը հանգիստ նստել, լաց չլինել ու չհեռանալ: Հանդարտ նստեցի կողքին, ինքը խաղաղ ու անդորր պառկեց: Թափառող հայացքով ինչ-որ բան էր փնտրում օդի մեջ. վերջին պահին կիսով չափ բարձրացավ եւ « Ու՞ր է իմ պորտֆելը, ես ընկնում եմ»,-ասաց ու փակեց աչքերը»:
Եվ այսպես, հունվարյան ցրտաշունչ մի օր սակավաթիվ մարդկանց ուղեկցությամբ, տխուր լռությամբ օրենբուրգյան սառը հողին են հանձնում Տերյանին…

1940 թվականին Հայաստանի գրողների միությունը գրականագետ Սաքո Սուքիասյանին գործուղում է Օրենբուրգ: Նա մեծ դժվարություններով կարողանում է գտնել այն տունը, ուր իր վերջին օրերն է ապրել բանաստեղծը: Տեղի ղեկավարության աջակցությամբ հետը տարած մարմարե ցուցանակը փակցնում են տան ճակատին, որի վրա ռուսերեն և հայերեն գրված էր. «Այս տանը իր կյանքի վերջին օրերն է ապրել հայ բանաստեղծ Վահան Տերյանը: Անդամ ՀԿ(բ)Կ եւ ՀԿԳԿ»:
Գերեզմանի տեղը գոնե մոտավոր ճշտությամբ` անհնար է լինում պարզել: Թաղման մասնակիցներից ոչ մեկին չեն գտնում: Հին գերեզմանը լքված էր: Ժամանակին բանաստեղծի շիրիմի վրա եղել է սոսկ մի փայտե խաչ ու հակիրճ մակագրություն: Ձմեռվա բուք — բորանին խոր ձյան միջով ճանապարհ բացելով տարել-թաղել են այնպիսի մի ժամանակ, երբ բծավոր տիֆի համաճարակը հազարավոր զոհեր է տարել` չհաշված քաղաքացիական պատերազմի կռիվներում ընկած մարտիկները:
Պատմում է ինքը` Սաքո Սուքիասյանը. «Օրենբուրգից վերադառնալուց առաջ ուզեցի մեկ անգամ ևս այցելել այն հողակտորը, որն իր մեջ պահում է մեզ համար խիստ թանկագին, մեր սիրելի պոետի աճյունը: Տխուր-տրտում հուշերով տոգորված` ես շրջեցի Օրենբուրգի հին գերեզմանոցի սահմաններում: Ես ոտնատակ չարեցի և ոչ մի լքված գերեզմանաթումբ ու մտքումս վերականգնեցի Տերյանի` դեռեւս 1904 թվականին գրված բանաստեղծությունը.
Պատմում է ինքը` Սաքո Սուքիասյանը. «Օրենբուրգից վերադառնալուց առաջ ուզեցի մեկ անգամ ևս այցելել այն հողակտորը, որն իր մեջ պահում է մեզ համար խիստ թանկագին, մեր սիրելի պոետի աճյունը: Տխուր-տրտում հուշերով տոգորված` ես շրջեցի Օրենբուրգի հին գերեզմանոցի սահմաններում: Ես ոտնատակ չարեցի և ոչ մի լքված գերեզմանաթումբ ու մտքումս վերականգնեցի Տերյանի` դեռեւս 1904 թվականին գրված բանաստեղծությունը.
Իմ գերեզմանին դուք չմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ոչ ծաղիկ, ոչ սուգ,
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք:
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան:
Հարկավոր չէ ինձ ոչ ծաղիկ, ոչ սուգ,
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք:
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան:
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ.-
Չըզգամ որ կա սեր եւ ցնո’րք ու լա’ց…
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ.-
Չըզգամ որ կա սեր եւ ցնո’րք ու լա’ց…
1964
Օրենբուրգի Գորկու անվան 24 միջնակարգ դպրոցում այժմ էլ գործում են «Վահան Տերյանի անվան փառքի սրահ թանգարանը» և «Տերյանի պատանի բարեկամների ակումբը», որոնք ամեն տարի հունվարի 6-ից մինչև փետերվարի 9-ը (մահվան օրից մինչև ծննդյան օրը) տերյանական միջոցառումների միամսյակ են հայտարարում մարզի շրջանակներում:
Քաղաքի ղեկավարությունը Վահան Տերյանի դստերը` Նվարդ Տերյանին, 1964-ին Երևանից հրավիրում է Օրենբուրգ: Նախկին գերեզմանոցի սահմանից հանդիսավոր արարողությամբ հող են վերցնում, որը Նվարդը բերում է Երևան: Տեղադրում են Պանթեոնում Կոմիտասի և մյուս մեծերի կողքին, վրան սև գրանիտե քար են դնում, ավելանում է ևս մի թանկագին շիրիմ: Տերյանի այս խորհրդանշական շիրիմը դարձել է ուխտատեղի, ուր յուրաքանչյուր տարվա փետերվարի 9-ին` ժամը 1-ին, այցելում, ծաղիկներ են դնում և կարդում սիրելի պոետի հոգեզմայլ տողերը…
Նվարդն իր մահկանացուն կնքում է Մոսկվայում 1978 –ի հոկտեմբերի 12-ին: Աճյունասափորն ամփոփված է Գանձա գյուղի եկեղեցու գավթում, վրան քանդակագործ Արա Շիրազի հեղինակած խաչքար է կանգնած, որի ետևում Նվարդի ցանկությամբ փորագրված է.
Նվարդն իր մահկանացուն կնքում է Մոսկվայում 1978 –ի հոկտեմբերի 12-ին: Աճյունասափորն ամփոփված է Գանձա գյուղի եկեղեցու գավթում, վրան քանդակագործ Արա Շիրազի հեղինակած խաչքար է կանգնած, որի ետևում Նվարդի ցանկությամբ փորագրված է.
Ծաղիկներըս դեռ չբացված, դեռ չկիզված հոգիներին,
Մանուկներին վառ-խլրտուն ասում եմ ես մնաք բարով:
Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու,
Մանուկներին վառ-խլրտուն ասում եմ ես մնաք բարով:
Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու,
Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնաք բարով….
Գանձայում 1957-ից գործում է Վահան Տերյանի տուն-թանգարան, իսկ 1967-ից յուրաքանչյուր տարվա հուլիսի նախավերջին կիրակի օրը գյուղին հարող ընդարձակ տափարակում տեղի է ունենում պոեզիայի տերյանական օր, որին մասնակցում են Հայաստանից,Վրաստանից և այլ վայրերից ժամանած հատուկ պատվիրակություններ ու բազում երկրպագուներ:
Комментариев нет:
Отправить комментарий