понедельник, 24 февраля 2014 г.

Հոգեկանի ակտիվության մակարդակները

Հոգեկանի ակտիվության մակարդակները

 Հոգեկան ակտիվությունն իր մակարդակներով թույլ է տալիս մարդուն արտացոլելու արտաքին միջավայրը և սեփական ներքնաշխարհը, ինչը որ մղում է նրան արդյունավետ գործելու իրական կյանքում։
 Գիտակցություն։ Հոգեբանական գրականության մեջ հաճախ նույնացվում են հոգեկան ակտիվության մակարդակները «գիտակցության վիճակների» հետ։ Հոգեկանը չի հանգեցվում միայն գիտակցությանը, գիտակցական վիճակին, կան և այլ մակարդակներ, ենթագիտակցություն, անգիտակցություն: Հոգեկան ակտիվության առաջին և կարևորագույն մակարդակը գիտակցությունն է։ Գիտակցությունը շրջապատող աշխարհի օբյեկտիվ ու կայուն հատկությունների և օրինաչափությունների ընդհանրացված արտացոլման, մարդու մեջ այդ աշխարհի ներքին մոդելի ձևավորման բարձրագույն ձևն է, բնորոշ միայն մարդուն, որի արդյունքում իրականանալի է դառնում շրջապատող իրականության ճանաչումը և վերափոխումը։ Գիտակցությունը շրջապատող աշխարհի արտացոլման բարձրագույն մակարդակն է, որի դեպքում անձն անմիջականորեն իրեն հաշիվ է տալիս այն հոգեկան գործընթացների մասին, որոնք ընթանում են իր հոգեկան աշխարհում, այն մասին, թե ինչ է արտացոլում ու ապրում տվյալ պահին: Այսպիսով՝ բոլոր բնութագրերում մարդու գիտակցությունը իրականության արտացոլման բարձրագույն մակարդակն է, դա ոչ միայն օբյեկտիվ իրականության արտացոլում է, այլ նաև մարդու սեփական անձի, սեփական ներքնաշխարհի արտացոլումն ու ապրումն է։ Պարզ է այս մակարդակը չունեն կենդանիները, որոնց հոգեկան գործընթաները անգիտակցական են։ Հոգեկանը, կարգավորում է մեր վարքն ու գործունեությունը։Գիտակցությունն իր մեջ ներառում է մարդու որոշակի վերաբերմունքը շրջապատող միջավայրի, աշխարհի և այլ մարդկանց նկատմամբ: Հոգեբանության մեջ ընդունված է առանձնացնել գիտակցության չորս հիմնական բնութագրեր. 1) Գիտակցությունը շրջապատող աշխարհի մասին մեր գիտելիքների ամբողջությունն է։ Ինչքան հարուստ են այդ գիտելիքները, այնքան զարգացած է մարդու գիտակցությունը։ Այդ գիտելիքների ձեռքբերմանը ակտիվորեն մասնակցում են բոլոր հոգեկան գործընթացները, հետնաբար գիտակցության կառուցվածքի մեջ են մտնում մեր զգայությունները, ընկալումները, հիշողությունը, մտածողությունը, երևակայությունը։ 2) Մարդու գիտակցության մեջ ամրապնդված է սուբյեկտիվի (իր ես-ի, այն, ինչ իրեն է պատկանում) և օբյեկտիվի (այն, ինչ իրենը չէ, ինքը չէ) տարբերությունը։ Այսինքն իր գիտակցության մեջ մարդը իրեն անջատում է շրջապատից և հակադրվում դրան, որի միջոցով կարողանում է հասնել ինքնաճանաչման: “Ես”-ի առանձնացումըՈչ ես”-ից այն ճանապարհն է, որն անցնում է ամեն մարդ մանկության շրջանում, և այդպես իրականացվում է մարդու ինքնագիտակցության ձևավորման գործընթացը։ 3) Գիտակցությունը ապահովում է մարդու նպատակադրված, նպատակաուղղված վարքն ու գործունեությունը։ 4) Գիտակցության չորրորդ բնութագիրն այն է, որ նա իր մեջ ընգրկում է որոշակի վերաբերմունք, հույզեր ու զգացմունքներ, հասարակական, միջանձնային, միջխմբային հարաբերություններ, որոնց մեջ ընդգրկված է մարդը, և ձևավորվում է նրա անձնավորությունը։ Երբ խախտվում է այդ վերաբերմունքը, խախտվում են հարաբերությունները, խախտվում է գիտակցությունը։ Հոգեկան հիվանդությունների դեպքում դա ավելի ակնհայտ է, և գիտակցության շեղումները առաջին հերթին երևում են հույզերի, զգացմունքների ու հարաբերությունների ոլորտում։ Այսպիսով՝ գիտակցությունը միայն մարդուն հատուկ հոգեկան ակտիվության մակարդակ է։ Նա և փոփոխական է, կարող է և ժամանակավորապես անհայտանալ (օրինակ, քնած վիճակում) կամ թուլանալ (շատ հոգնած, լարված վիճակում), կամ անհայտանալ (ուշակորույս, աֆեկտի վիճակում):

 Ենթագիտակցություն։ Մարդը միաժամանակ արտացոլում է բազմաթիվ ազդակներ, որոնք տեղի են ունենում արտաքին և ներքին աշխարհում։ Բայց նրա պարզ գիտակցության տիրույթում իր արտացոլումն է գտնում դրանց մի փոքր մասը։ Գիտակցության մակարդակի հասած ազդակները մարդու կողմից օգտագործվում են գիտակցության վարքի ու գործունեության կարգավորման համար։ Գիտակցության ոլորտից դուրս մնացած բազմաթիվ գրգռիչներ մարդու կողմից նույնպես օգտագործվում են որոշ հոգեկան գործընթացների կարգավորման համար, բայց ենթագիտակցական մակարդակի վրա։ Հոգեբանների բազմաթիվ դիտարկումներ և հետազոտություններ պարզել են, որ սովորաբար մարդու պարզ գիտակցության ոլորտում են հայտնվում այն օբյեկտները, առարկաները, որոնք խոչընդոտներ են ստեղծում վարքի ու գործունեության կարգավորման նախկին ռեժիմը շարունակելու համար։ Ուշադրություն գրավելով այդ գրգռիչները մարդու կողմից գիտակցվում են, և դա օգնում է, որպեսզի նա գտնի կարգավորման նոր ռեժիմ, խնդրի լուծման նոր եղանակներ։ Երբ որ դրանք արդեն գտնվել են, և այլ խոչընդոտներ չկան, ապա կառավարումը նորից հանձնվում է ենթագիտակցությանը։ Իսկ գիտակցությունը այդ ընթացքում ազատվում է լարվածությունից, հանգիստ վիճակի մեջ է մտնում։ Այսպիսով ենթագիտակցությունը մեր հոգեկան ակտիվության կարևոր մակարդակն է, որի բովանդակությունները (հոգեկան երևույթները, մտքերը, ցանկությունները, հակումները, մտադրությունները և այլն) չնայած անմիջականորեն գիտակցված չեն, բայց սկզբունքայնորեն մատչելի են գիտակցության համար։

 Մեր հոգեկան ակտիվությունը մի մակարդակ ևս ունի, դա անգիտակցականն է, որը ոչ մի հանգամանքների պարագայում գիտակցություն չի դառնում։ Առօրյա կյանքում այդ հասկացությունը սովորաբար օգտագործվում է մարդու կողմից չգիտակցվող հոգեկան ապրումների ե այլ պրոցեսների ոլորտը նշանակելուհամար։ Իրականում անգիտակցական ասելով՝ պետք է հասկանալ հոգեկան հատկությունների ու բովանդակությունների միասնությունը, որը մարդուն անցնում է ժառանգաբար (օրինակ՝ խառնվածքի առանձնահատկությունները, բնազդները)։ Ավելին, կան և որոշ տվյալներ (օրինակ՝ քնի ու երազների մասին), որոնք թույլ են տալիս ենթադրելու, որ ժառանգական անգիտակցականը ավելի բարդ ու բովանդակալից է:

 Անձի ինքնագիտակցությունը Գիտակցության կարևորագույն բաղադրիչն է կազմում ինքնագիտակցությունը կամ ես-կոնցեպցիան, որը հոգեկանի կենտրոնական համակարգ է: Ես-կոնցեպցիան անձի պատկերացումների համակարգն է ինքն իր մասին, որն ուղեկցվում է ինքնագնահատականով: Ինքնագնահատականը շատ զգայուն հոգեբանական համակարգ է և փոփոխական է: Իրականությունից անհամապասխան իջեցված կամ բարձրացված ինքնագնահատականը բացասաբար է ազդում մարդու վարքի, գործունեության տարբեր կողմերի վրա: Ինքնագիտակցությունը ներքին բարդ կառուցվածք ունի և բաղկացած է ենթահամակարգերից կամ ես-պատկերներից: Յուրաքանչյուր մարդ, որի ինքնագիտակցությունը կառուցված, ձևա վորված, ունի ես-ի հետևյալ ենթահամակարգերը`

 Իրական ես, որտեղ արտացոլվում են անձի պատկերացումներն այն մասին, թե ինչպիսին է ինքն իրականում, իրականության մեջ, ինչ հատկանիշներ ունի, ինչ չափով են դրանք արտահայտված, ինչ առանձնահատկություններ են բացակայում իր մեջ և այդ ամենին տալիս է որոշակի գնահատական:


 Իրադրական ես, որտեղ արտացոլված են, թե տվյալ պահին, տվյալ իրադրության մեջ մարդը սեփական անձի մասին ինչպիսի պատկերացում ունի: Ես-պատկերի այս տեսակը, կախված մարդու կյանքում առկա իրադրությունների բազմազանությունից, կարող է էապես տարբերվել իրական ես-պատկերից: Իդեալական եսը պատասխանում է այն հարցին, թե ինչպիսին ես կցանկանայի լինել: Այս ենթահամակարգն իր մեջ պարունակում է ինքնակատարելագործման մեծ պոտենցիալ: Դինամիկ ես պատկերում արտահայտված է մարդու պատկերացումը այն մասին, որ իր անձը թե ֆիզիկական, թե հոգևոր տեսակետից փոփոխական է, անկայուն: Ֆանտաստիկ ես պատկերը շատ նման է իդեալականին, սակայն եթե իդեալականի դեպքում ես-պատկերը հասանելի է որոշակի գործողությունների շնորհիվ, ֆանտաստիկ ես-պատկերը իրականություն երբեք չի կարող դառնալ, որովհետև այն հիմնովին կտրված է իրականությունից: Հայելային ես-նայն տեսակն է, որի մեջ արտահայտվում են անձի պատկերացումները այն մասին, թե ինչ պատկերացումներ ունեն իր մասին այլոք: Էթնիկական ես: Յուրաքանչյուր մարդ ունի պատկերացումներ այն մասին, թե ով է ինքը որպես որոշակի ազգի, էթնոսի ներկայացուցիչ:

Комментариев нет:

Отправить комментарий