вторник, 30 сентября 2014 г.

Պահանջակ, ոչ գնային գործոններ


Պահանջակ, ոչ գնային գործոններ

Պահանջարկի օրենքի համաձայն սպառողն իր տնտեսական վարքագիծը
հիմնականում պայմանավորում է նրանով, թե արտադրողը, վաճառողին ապրանքը ինչ գնով է առաջարկում: Պահանջարկը բարիքների այն քանակությունն է, որը սպառողները գնորդները/ ցանկանում են և ի վիճակի են գնել  շուկայական գնի պայմաններում:  Ապրանքի գնի նվազման պարագայում մեծանում է ապրանքի նկատմամբ պահանջարկը, իսկ գնի բարձրացումը հանգեցնում է պահանջարկի նվազման:  Ընդանրապես գնորդն ամենից առաջ բախվում է արտադրողի ապրանքին առաջարկած գնին և դրանից հետո նրանց միջև սկսվում է փոխհարաբերություններ:                                                                               Արտադրողի գնինսպառողը հակադրում է իր գինը, որտեղից էլ առաջանում է բանակցություններ ապրանքի գնի շուրջը:  Գնի երկկողմանի ընդունման  պարագայում այն կոչվում է շուկայական գին:
 Պահանջարկի փոփոխության ոչ գնային գործոններից են՝

  • ·         Եկամտի փոփոխություն
  • ·         Գնորդների քանակ
  • ·         Սպառողական ճաշակի փոփոխություն
  • ·         Սպասումներ
  • ·         Փոխկապակցված բարիքներ

Իսրայել Օրի: Ֆալցյան ծրագիր


 Իսրայել Օրի: Ֆալցյան ծրագիր


Կան պատմական գործիչներ, որոնց գործունեությունը դարակազմիկ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում: Նրանցից է Իսրայել Օրին: Նա, փաստորեն, հայ քաղաքական գործիչներից առաջինն էր, որ իր հայացքը դեպ հյուսիս հառեց և «ռսի օրհնած ոտը հայոց անիծված հողում» տեսնել ցանկացավ:
Որքանո՞վ էին արդարացված Իսրայել Օրու հայացքները կամ կողմնորոշումը` այլ խնդիր է: Տվյալ պարագայում դա հարկադրված քայլ էր, քանզի հայության երկարատև դեգերումներն արևմուտքում արդյունք չտվեցին: Իսկ հզորացող ռուսական կայսրությունն իր շահերն էր հետապնդում Արևելքում:
Իսրայել Օրին իր գործունեությամբ եզակի էր ոչ միայն ռուսական կողմնորոշման հարցում: Նա, կարելի է ասել, առաջին գործիչն էր, որ օտար տիրակալներից իր երկրի համար ազատություն չէր մուրում, այլ առաջ էր քաշում հայության համաժողովրդական ապստամբության վեհ գաղափարը:
Հետաքրքիր է, որ մինչ օրս պատմագիտությանը հայտնի չէ Իսրայել Օրու ստույգ անունը:
1677 թ. հայոց մելիքներն Էջմիածնում գաղտնի ժողով են գումարում` խնդիր ունենալով դիմել Եվրոպայի քրիստոնյա միապետներին` ազատագրելու Հայաստանը: Այդ նպատակով Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը 1679 թ. պատվիրակություն է կազմում, որի մեջ էր Սյունաց Անգեղակոթի մելիք Իսրայելը` իր որդու հետ:
Սակայն, այս պատվիրակությանը վիճակված չէր կատարելու իր առաքելությունը: Պոլսից պատվիրակները հետ են դառնում Հայաստան, քանզի Պոլսում հանկարծամահ է լինում կաթողիկոսը, իսկ մելիք Իսրայելի զավակը, միանալով հայ առևտրականներին, անցնում է Եվրոպա: Նա սկզբում առևտրական գործունեություն է ծավալում, 1680 թ. Իսրայել Օրին Վենետիկում էր, իսկ երեք տարի անց` 1683 թ., Փարիզում, ուր զբաղվում էր ֆրանսիական բանակի պարենավորմամբ:
Շուտով Իսրայել Օրին, ապրուստի որոշ միջոցներ հայթայթելով, թողնում է առևտուրն ու անցնում ծառայության ֆրանսիական բանակում:
Շնորհիվ բնատուր ձիրքի` Օրին արագ բարձրացավ ծառայողական սանդղակով: Նա ստացավ լեյտենանտի, ապա և հեծելազորի կապիտանի աստիճան: 1688-1695 թթ. մասնակցեց անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ. գերեվարվում է անգլիացիների կողմից, գերությունից ազատվելուց հետո ծառայում է որպես Հայդենբերգի, Մանհայմի մատակարարման կոմիսար:

Պատերազմի ավարտից հետո Իսրայել Օրին ձեռնամուխ եղավ իր վաղեմի երազանքի` Հայաստանի ազատագրման ծրագրի իրագործմանը: Նա հանդիպեց գերմանական կյուրֆուստ Հովհան Վիլհելմին, բանակցեց նրա հետ, և երկուսով կազմեցին Հայաստանի ազատագրման ծրագիր: Համաձայն այդ ծրագրի` գերմանացի կյուրֆուստն իր և դաշնակիցների միացյալ բանակով պիտի Հայաստան արշավեր, այնտեղ նրան պիտի միանային հայ ապստամբ մելիքներն իրենց զորքերով, և Օսմանյան Թուրքիայի լուծը թոթափելուց հետո պիտի անկախ Հայաստան հռչակվեր, որի թագավորը հենց Հովհան Վիլհելմն էր լինելու:
Սա, ինչ խոսք, անլուրջ ծրագիր էր, սակայն 1375-ից` Կիլիկիայի հայոց թագավորության կորստից հետո, թերևս առաջին լուրջ փորձն էր հայոց պետականության վերականգնման ուղղությամբ: Ինքը` Օրին, իր գործունեության առաջին փուլում դժվար թե կարողանար ճիշտ գնահատել ուժերի հարաբերակցությունը և իրերի վիճակը Եվրոպայում: Այլապես, նա գերմանացի կյուրֆուստին նման անլուրջ ծրագիր չէր առաջարկի:
Ամեն դեպքում, այս ծրագրով կարծես թե ոգևորված էր նաև Հովհան Վիլհելմը, որ Օրու միջոցով պատգամներ ուղարկեց հայոց և աղվանից կաթողիկոսներին, ինչպես նաև Կախեթի Գեորգի ԺԲ թագավորին` խնդրելով մանրամասն տվյալներ հաղորդել Կովկասի տնտեսական հզորությունների, հայերի և վրացիների ռազմական կարողությունների մասին:
Իր ծրագրած արշավանքն ավելի ազդեցիկ դարձնելու համար, Իսրայել Օրին Գերմանիայից 1698 թ. անցնում է Ավստրիա` բանակցելու ավստրիական Լեոպոլդ կայսեր հետ, քանզի Ավստրիան ու Թուրքիան վաղեմի թշնամիներ էին: Լեոպոլդը մերժում է` անգամ ունկնդրության չարժանացնելով Օրուն, քանզի Թուրքիայի դեմ պատերազմն արդեն ավարտվել էր, նա բանակցություններ էր վարում հաշտություն կնքելու համար, բացի այդ, Ավստրիայի նման հզոր երկրի միապետը չէր կարող չհասկանալ այս ծրագրի ողջ արկածախնդրությունը:
Սակայն, Իսրայել Օրին չհուսահատվելով` անցնում է Իտալիա, Ֆլորենցիայում հանդիպում Տոսկանայի դուքս Կոզմաս Գ-ին, ստանում նրա համաձայնությունն ու մեկնում Հայաստան:
Իսրայել Օրին, ժամանելով Հայաստան, գործի անցավ: Սակայն սպասված աջակցությունը չստացավ թե՛ վրաց արքայից, որ հպատակվել էր պարսից շահին, թե՛ Էջմիածնից` Նահապետ Ա կաթողիկոսից, որ թշնամական դիրք բռնեց հայոց ազատամարտի նկատմամբ: Բայց աննկուն Օրին իր հայրենի Անգեղակոթում հավաքեց հայ մելիքներին ու նրանց առաջ բացեց Հայաստանի ազատագրման իր ծրագիրը:
Տասնմեկ մելիքները, հավանություն տալով Օրիի ծրագրերին, նամակներ ուղղեցին Հովհան Վիլհելմին, Ավստրիայի Լեոպոլդ կայսրին, Հռոմի պապին, Տոսկանայի դքսին, ինչպես նաև ռուսաց Պետրոս Առաջին կայսրին: Նաև իրենց կնիքներով վավերացրած մաքուր թղթեր տվեցին Օրիին, որպեսզի նա հնարավորություն ստանա հանդես գալու իրենց անունից:
Անգեղակոթում Իսրայել Օրուն է միանում Մինաս վարդապետ Տիգրանյանը` որպես հավատարիմ ընկեր ու օգնական:
ֆալցյան ծրագիրը բաղկացած էր 36 կետից: : Սրա համաձայն` կազմվելու էր եռյակ դաշինք Հովհան-Վիլհելմի, Ավստրիայի Լեոպոլդ կայսեր և ռուսաց Պետրոս Առաջին կայսեր միջև: Միավորելով իրենց ռազմական ուժերը, դաշինքի երկրներն արշավանք էին սկսելու դեպի Հայաստան՝ անշուշտ նախապես ապահովելով ինչպես Լեհաստանի, այնպես էլ Ռուսաստանի համաձայնությունը: Այս համոզմունքն ուներ քաղաքական հիմք՝ նկատի ունենալով վերջին երկու երկրների շեշտված հակաթուրքական դիրքորոշումր; Ծրագրում մանրամասն հաշվարկված էին թնդանոթներն ու հրացանները, վառոդն ու ձիերը, զորքն ու զինվորները, պարենն ու անհրաժեշտ մյուս պարագաները; Ռազմական արշավանքի ամբողջ ծախսերը հոգալու էին հայերը: Դաշնակիցների 25 հազարանոց միացյալ զորաբանակը 1700 թ. մայիսին սկսելու էր իր արշավանքը: Հովհան Վիլհելմը ծրագրի վավերացման համար Օրուն ուղարկեց Վիեննա, սակայն ավստրիական կայսրը հերթական անգամ լուրջ չվերաբերվեց այս ծրագրին:
Տեսնելով, որ Հայաստանի ազատագրության ծրագրերը Եվրոպայում կենսագործել հնարավոր չէ, Իսրայել Օրին, Եվրոպայից հուսախաբ, իր հայացքն ուղղեց Ռուսաստանի կողմը:
Ռուսաստանում Օրին հուսախաբ չեղավ: Նա, իհարկե, խոր քաղաքական գիտելիքներ չուներ, նրա գործունեության շարժառիթը սոսկ հայրենասիրությունն էր ու ռոմանտիզմը, սակայն, ռուսական արքունիքում Իսրայել Օրին շատ արագ հասկացավ, որ Ռուսաստանը տարածաշրջանում լուրջ շահեր է հետապնդում և շուտով Արևելյան Հայաստանին տիրելու թիվ մեկ իրական հավակնորդը կդառնա:
Արագ հարմարվելով նոր պայմաններին` նա ռուսական կաբինետի համար նոր ծրագիր մշակեց, որի համաձայն` Ռուսաստանն Արևելյան Հայաստանի ազատագրության համար պետք է 25.000-ոց բանակ տրամադրեր ապստամբ Հայաստանին, և միասին պիտի թոթափեին պարսկական, ապա և թուրքական լուծը:
Իսրայել Օրին իր ծրագրերի, մասնավորապես Հայաստանում ապստամբական շարժումների սկզբնավորման համար փորձել է ներգրավել նաև Իմերեթիայի և Կախեթի թագավորներին, Արցախի մելիքներին:
Պետրոս Մեծ կայսրն անձամբ ընդունում է Իսրայել Օրուն և Մինաս Վարդապետին: Նրանք կայսեր հետ քննարկում են ապագա կովկասյան արշավանքն ու Հայաստանի տեսլականը:
Ռուսաց կայսրը հայերին խոստացավ շվեդական պատերազմի ավարտից անմիջապես հետո զբաղվել հայկական հարցով:
Մինչ այդ Իսրայել Օրին ռուսական կաբինետի հանձնարարությամբ պետք է կատարեր ռուսական դեսպանի առաքելությունը Պարսկաստանում:
Իրականում նման մեծ շուքով պատվիրակություն ձևավորելն ու դեսպանություն ուղարկելը ռուսական կաբինետի հողմից զուտ հետախուզական քայլ էր:
Ռուսները սպասվող կովկասյան արշավանքից առաջ ցանկանում էին իմանալ Կովկասում պարսկական ներկայության իրական չափն ու հնարավորությունները. պարսկական խանություններն ի՞նչ զորատեսակ և ի՞նչ քանակի զորք կարող են հանել պատերազմի դեպքում, ի՞նչ տնտեսական հզորություններ կան երկրամասում, ռուսական զորքի առաջխաղացման պարագայում տեղի բնակիչները կարո՞ղ են ապահովել զորքի մատակարարումն ու պարենավորումը, տեղացիներն ունա՞կ են ապստամբության...
Դեսպանության գաղափարը լավն էր ու բավական նրբորեն էր կազմակերպված: Օրին անգամ ուղևորվեց Հռոմ, Հռոմի պապից ձեռք բերեց Պարսկաստանի քրիստոնյա բնակչությանը պաշտպանության տակ առնելու մասին հրովարտակ, ապա դարձյալ վերադարձավ Ռուսաստան:
Իր հերթին Պետրոս Մեծն Իսրայել Օրուն շնորհում է ռուսական բանակի գնդապետի կոչում և որպես մեծ դեսպանության գլուխ` 1707 թ. աշնանը ճամփում է Պարսկաստան:
Դեսպանության մուտքը Պարսկաստան ցնցող տպավորություն է թողել: Ամենուր Օրուն դիմավորել են մեծ հարգանքով ու տագնապով: Պարսկաստանում Ֆրանսիայի և Անգլիայի ներկայացուցիչները պարսից Հուսեյն շահին շարունակ շշնջում էին, թե Օրին հայոց հին արքայական տան սերունդներից է, և նրա նպատակը հայոց թագավորության վերականգնումն է:

Շնորհիվ իր հանձնարարականների` Օրին կարողանում է տեսակցել պարսից շահի հետ: 1709 թ. նա վերադառնում է Անդրկովկաս: Այստեղ նա դարձյալ փորձեց համաձայնության գալ Էջմիածնի հետ, սակայն բանակցությունները Ալեքսանդր Ա կաթողիկոսի հետ ապարդյուն էին: Իսրայել Օրին աջակցություն գտավ Արցախում` Եսայի Հասան-Ջալալյանի մոտ: Սակայն 1711 թ., այդպես էլ էական արդյունքի չհասած, Իսրայել Օրին Աստրախանում հանկարծամահ եղավ: