Գրիգոր Զոհրապ
Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը` Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը` Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։
Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870- ին մահանում է Խաչիկ էֆենդին։ Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների` Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ։ Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում։ Այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը` ոտանավորներ, հաջող շարադրություններ։
1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը` Կալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանսիականկառավարության հովանովորությամբ և Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանում է երկրաչափական գործը։ Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով։ 1880 թվականին աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում, իբրև գրագիր և միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը։ Սակայն շուտով վարժարանը, որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա և 3 հույն ուսանող, փակվում է իսլամ աշակերտներ չունենալու պատճառով։
1881-ին բացվում է «Հուգուգի» վարժարանը։ Մեկ տարի անց Զոհրապը տեղափոխվում է «Հուգուգ», որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռանում է` վկայական չստանալով։ 1884-ին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում և ստանում փաստաբան-իրավաբանի վկայական։
Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878-ին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսևորեց իրեն իբրև ազգի ճակատագրով մտահոգ անհատ։
1880-ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը։
1883թ. նա հրատարակում է Ասիական ընկերության «Երկրագունտ» հանդեսը, Հակոբ Պարոնյանիխմբագրությամբ։ 1885թ. հանդեսում սկսում է տպագրել իր անդրանիկ վեպը` «Անհետացած սերունդ մը» վերնագրով։ 1887-ին վեպը տպագրում է առանձին գրքով։
1888թ. Զոհրապն ամուսնանում է Կլարա Յազըչյանի հետ։
1889թ. ծնվում է Զոհրապի անդրանիկ որդին՝ Լևոնը, 1891-ին՝ ավագ դուստրը՝ Դոլորեսը, 1892-ին՝ կրտսեր որդին՝ Արամը և 1896-ին՝ կրտսեր դուստրը՝ Հերմինեն։
1891թ. Զոհրապն ընտրվում է Ազգային ժողովի երեսփոխան, սակայն Ժողովի նիստում նրա ընտրությունը չի վավերացվում, 30 տարեկանը լրացած չլինելու պատճառով։
1892թ. Զոհրապի խմբագրությամբ հրատարակվում է «Մասիս» ազգային, գրական, քաղաքական հանդեսը։ Նրա գրիչն այս շրջանում հատկապես բեղուն էր։ 1893-ին հանդեսը դադարում է լույս տեսնել։
Զոհրապի գրական գործունեությունը բուռն վերելք է ապրում 1880-ական թվականների վերջերին և 1890-ականների սկզբներին։ «Արևելք» օրաթերում, ապա «Մասիս»-ում տպագրվում են նրա առաջին նորավեպերը։ Իր գրական ստեղծագործության հիմնական մասը նա ստեղծել է 1887-1893 թթ.։ Այս շրջանում Զոհրապը գրել է երկրորդ անավարտ վեպը` «Նարդիկ», նորավեպերի մեծ մասը, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ` ճանաչվելով իբրև գրող և հրապարակախոս։
Հետագայում, երկար լռությունից հետո՝ սկսած 1898 թվականից, Զոհրապը նորից է երևում գրական ասպարեզում, այս անգամ որպես ճանաչված ու վաստակած գրող և հասարակական գործիչ։ 1894-95 թվականները զարհուրելի էին արևմտահայերի համար։ Սկիզբ առան ու մինչև 1896 թվականը շարունակվեցին զանգվածային կոտորածները։ Հայ առաջադեմ մտավորականների մեծ մասը ստիպված էր հեռանալ Կ. Պոլսից և հաստատվել Եվրոպայում, Եգիպտոսում։
Հուսահատության ու ազգային կորովի անկման այս շրջանում Զոհրապը հեռացել էր գրական ասպարեզից։ Նա ավելի զբաղված էր փաստաբանական գործերով, կարևոր դատավարություններով։
Պոլսում Զոհրապը որպես իրավաբան-փաստաբան հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանում էր նրանց գործերը Թուրքիայի առևտրական առաջին դատարանում։ Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը։ Օգտվելով այդ հանգամանքից՝ ռուս օտարահպատակների դատեր էր վարում և ուներ Եվրոպա ազատորեն երթևեկելու իրավունք։
1898-ին օրաթերթի վերածված «Մասիսը» լույս տեսավ դարձյալ Զոհրապի խմբագրությամբ։ Նա կրկին վարեց բուռն ստեղծագործական կյանք, միաժամանակ զբաղվելով փաստաբանությամբ։
Սակայն 1906 թվականին Արդարադատության նախարարի կարգադրությամբ Զոհրապին արգելվեց թուրքական դատարաններում դատեր պաշտպանել։ Պատճառը մի բուլղար հեղափոխականի դատական պաշտպանությունն էր։ 1908 թվականին Թուրքիայում վերահաստատվեցՍահմանադրությունը։ Կայսրության բոլոր անկյուններում անցկացվեցին միտինգներ, ցույցեր՝ հավասարության, եղբայրության, համագործակցության կարգախոսներով։ Զոհրապն այդ ժամանակՓարիզում էր։ Այնտեղ նա հաջողել էր հրատարակել իր ֆրանսերեն իրավագիտական աշխատությունը, մասնագիտությամբ աշխատանք գտնելու երաշխիքներ ուներ և հետագայի համար նախատեսում էր ընտանիքով բնակության հաստատվել Եգիպտոսում։
Տեղեկանալով Թուրքիայում Սահմանադրական կարգեր հաստատվելու մասին՝ նա հույսերով և լավատեսությամբ Փարիզից շտապեց Պոլիս։
1908 թվականին Զոհրապն ընտրվեց թուրքական Պառլամենտի պատգամավոր։ Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրում էր Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Իր մասին նա ասում էր. «Ես Սահմանադրության փաստաբանն եմ»։
Զոհրապը հարգված և երևելի անձնավորություն էր երկրի թե՛ ազգային, և՛ թե համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում։
Զոհրապը նաև երեսփոխան էր Ազգային ժողովի, որը 1914 թվականին բարձրացրեց Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը և այս կապակցությամբ դիմեց եվրոպական տերություների միջամտությանը։
Հունվարին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց հայկական բարեփոխումների վերաբերյալ համաձայնագիրը, որը արևմտահայերի՝ Թուրքիայում ապահով կյանքի երաշխիքն էր։ Այդ գործում Զոհրապի մասնակցությունը վճռական էր։ Սակայն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը , և համաձայնագրիրը մնաց թղթի վրա։ Թուրքիայի համար ստեղվեցին նպաստավոր պայմաններ հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար։ Մեկ գիշերվա ընթացքում, ապրիլի 24-ին, ձերբակալվեց և աքսորվեց Պոլսի հայ մտավորականությունը։ Զոհրապը ամեն ջանք գործադրեց՝ ազատելու անմեղ ազգակիցներին։ Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում՝ ներքին գործոց նախարար Թալեաթ փաշային, Խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշային։ Նրանք բոլորն էլ տալիս էին դրական, հուսադրող պատասխաններ։
Սակայն շուտով Զոհրապին ևս ձերբակալեցին։ Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին։
1915 թվականի հուլիսին աքսորի ճանապարհին դաժանորեն սպանվեց Գրիգոր Զոհրապը։
Комментариев нет:
Отправить комментарий