четверг, 11 декабря 2014 г.

ԱՍՊԵՏԻ ՍԵՐԸ

ԱՍՊԵՏԻ ՍԵՐԸ

Հին ժամանակ իր ամրոցում ոսկեղեն
Կըբնակվեր հուր ու հրաշք մի աղջիկ.
Ու կսպասեր, որ հեռավոր տեղերեն
Իր երազի ասպետը գար գեղեցիկ:

Եվ ձին հեծած, բանակներով հաղթազեն,
Եկավ մի օր կանաչ-կտրիճ մի իշխան...
Սանձը ձգեց, ու քար կտրեց հիացքեն,
Երբ որ տեսավ պատշգամբում աղջկան:

-Հրաշք - աղջի՛կ, թագավորիս զորքերով
Կես աշխարհը դրոշակիս տակն առա.
Քեզ սիրեցի, սիրտդ տուր ինձ, քո սիրով
Մյուս կեսն էլ տիրեմ, բերեմ քեզ ընծա:

-Այդ ի՜նչ սեր է,- ասաց աղջիկն ասպետին,-
Քաջ ես, գիտե՛մ, գիտե՛մ, չկա քեզ նման.
Դու կարող ես տիրել արար-աշխարհին,
Բայց այդ երբե՛ք հզոր սիրու չէ՛ նշան:

-Ինչպե՜ս հայտնեմ սրտիս հուրը, նազելի՛ս.
Կուզե՞ս պատռեմ կուրծքս հիմա այս սըրով,
Ոտներիդ տակ նետեմ սիրտս սիրով լի,
Մեռնիմ ուրախ ու բախտավոր` քո սիրով:

-Այդ չէ՛ սերը, ասաց աղջիկն ասպետին,
Գիտե՛մ, քաջ ես, բայց շա՜տ վախկոտ, թույլեր կան,
Որ հուսահատ` քաջի նման կըմեռնին,
Բայց այդ երբեք անշեջ սիրու չէ՛ նշան:

Ու կտրիճը մնաց մոլոր ու շվար,
Աչքերն հանգած` լույս երեսին աղջկա.
-Ի՜նչ որ կուզես, ասա՛, անեմ քեզ համար,
Արևի տակ իմ սիրուս պես սեր չկա:

-Թե կսիրես, թո՛ղ ինձ հիմա ու գնա՛,
Ու ականջ դի՛ր, մի օր դուռդ կըբախեմ:
Այսպես ասաց, ու իր ծոցեն մարմարյա
Նետեց նրան մի հատիկ վարդ հրեղեն:

Ասպետն առավ վարդը, քնքո՛ւշ համբուրեց,
Վերջին անգամ նայեց, նայեց սիրածին:
Սիրու վարդը պահեց այրվող ծոցի մեջ.
Ու խթանեց, ու սլացավ նժույգ-ձին:

Եվ նստել է ամրոցի մեջ մեն-մենի
Այն իշխանը երազներում երջանիկ,
Վարդը ծոցում, ու ականջը մի ձենի...
Եվ թև առած, թռան օրեր ու տարիք:

Աչքերը գոց` պատած ոսկի մշուշով,
Ուր կըժպտար սեր-աղջիկը աննման,
Քաջ ասպետը բոց կարոտով, լի հույսով
Սիրտը ձենի` լուռ սպասեց աղջկան...

Եվ թև առան, թռան օրեր ու տարիք,
Վառ կտրիճը դառավ դողդոջ մի ծերուկ,-
Ու երբ մահը դուռը բախեց զարհուրիկ,
Հանեց ծոցեն վարդը խամրած ու դալուկ:

Սիրու վարդը աչքին դրեց փափագով,
Ու համբուրեց, ու համբուրեց, ու... մեռավ`
Հոգին լցված բլբուլների երգերով.-

Եվ զրույցս էլ ա՛յսպես տխուր վերջացավ...

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՍԵՐԸ

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՍԵՐԸ

I
Լուսակերտ է ապարանքը Թադմորի,
Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
Սլանում է աշտարակը երկնասույզ:

Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,
Շատրվաններն հուրհրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:

Գահի վրա երիտասարդ Էլ-Սաման
Մեղմ գրկել է հրաշագեղ բամբիշին.
Կրծքի վըրա հյուսքը նրա - ծփծփան,
Հանց նունուֆար լույս-աղբյուրի երեսին:

Փերուզ ծովը, որ փարում է մշտաթոր
Սեպ ժայռերը Լիբանանի փեշերի`
Չունի այնպե՛ս, այնպե՛ս փրփուր ձյունաթույր
Ինչպես կուրծքը լուսապայծառ բամբիշի:

Արքայական գահի շուրջը զվարթուն
Մանկլավիկներ և նաժիշտներ ոսկեհեր
Նվագում են, կաքավում են ու երգում
Գիշերները, առավոտուց մինչ գիշեր:

II
Երբ հանգչում են ապարանքի ջահերը,
Եվ արծաթյա կարապի պես լուսնկան
Փայփայում է ավազանի ջրերը,
Շշնջում է սյուգի նման Էլ-Սաման:

Շշնջում է լուսաթաթախ բամբիշի
Ականջն ի վար այնպես քնքուշ, հեզասահ,
Ինչպես լուսնի շողակաթը թավիշի
Այն հոյակապ սյուներն ի վար մարմարյա:

-Բարձր են երկրի ձեղունները, նազելի՛ս,
Բայց իմ սերը բարձրաբարձր է նրանցից.
Խոր են երկրի հիմունքները, նազելի՛ս,
Բայց իմ սերը խորախոր է նրանցից:

Արուսեկը, որ ներկում է ծիրանի
Շրթունքները գառնուկների Տյուրոսի,
Այնքա՛ն կարմիր, այնքա՛ն կարմիր բոց չունի,
Ինչքան որ քո համբույրները սնդուսի:

Կխորտակվի ապարանքըս գեղանի,
Եվ կծածկվի ապարանքի շնչի տակ,
Կբարձրանա անհուն ծովը Սիդոնի
Եվ կգերե անապատը ծագե ծագ,-

Ժամանակը իր վախճանին կհասնի
Եվ արևը մի բուռ մոխիր կդառնա,
Բայց իմ սերը վախճան չունի, հուն չունի,
Նա հավերժ է, նա անշեջ է, նա անմահ...

Չէացնող համբույրներում դյութական,
Հանց հինավուրց հեքիաթական գինու մեջ,
Թալկանում է և հալչում է Էլ-Սաման...
Ժամանակը դառնում` վայրկյան ու հավերժ...

Ապարանքի եբենոսյան դռներից
Երազանուշ մուշկ ու կնդրուկ է բուրում.
Մանկլավիկներ ու նաժիշտներ ցնծալից
Նվագում են, ու երգում են, ու պարում...

III
Լռությունը մահվան թևով ծվարած`
Առկայծում է կանթեղն աղոտ, մենավոր,
Եվ մեռնում է հեզ բամբիշը դալկացած
Էլ-Սամանի կրծքի վրա սգավոր:

Նա մեռնում է ինչպես ցողը բողբոջում,
Մանկիկն ինչպես սուրբ գրկի մեջ մայրական.
Եվ հըծծում է, աղոթքի պես շշնջում
Հեգ բամբիշի ականջն ի վար Էլ-Սաման:

-Կըխորտակեմ կամարները երկնային,
Ես չեմ թողնի, ես չեմ թողնի` դու մեռնիս.
Ե՛վ կվանեմ, և՛ կհաղթեմ չար մահին,
Ես չեմ թողնի, ես չեմ թողնի` դու մեռնիս:

Եվ գրկել է դժգունացող բամբիշին,
Մահվան հանդեպ սուր ու վահան է շարժում.
Եվ բամբիշի սառած-մեռած շրթներին
Իր հրեղեն սերն ու շունչը ներարկում:


IV
Լուսիններ են եկել-անցել, ու կրկին
Մեռած բամբշին ամուր գրկած Էլ-Սաման
Շշնջում է ականջն ի վար մեղմագին,
Ինչպես դեղին սյուներն ի վար լուսնկան:

Եվ լքել են ապարանքը սարսափից
Մանկլավիկներն ու նաժիշտներ ոսկեհեր.
Արմավներն են լուռ սոսավում թախծալից,
Եվ մարել են վառ ծաղիկներն ու ջահեր:

Շատրվաններն հեծկլտում են ու լալիս,
Եվ սյունից սյուն սարդը ոստայն է հյուսում.
Անապատի հողն է միայն այց գալիս
Եվ գահի շուրջ կաղկանձում ու փսփսում:

Օձն է սրբում սառն ու փայլուն կողերով
Էլ-Սամանի ոսկորների լուռ փոշին,
Բայց Էլ-Սաման կմախքային ձեռներով
Պիրկ գրկել է նորից հյուծված բամբիշին:

Եվ քայքայուն ականջն ի վար լռելյայն
Մեռած, սառած շրթունքներով Էլ-Սաման
Շշնջում է հավերժաբար ու անձայն,
Ինչպես խարխուլ սյուներն ի վար լուսնկան:

Պուրակները չորացել են, չքացել,
Եվ շիջել է լույս երազը սյուների.
Անապատը դեղին քղանցքն է փռել
Եվ ծածկել է ապարանքը Թադմորի...

Եվ ավազուտ շիրմի վրա մենավոր
Աշտարակն է մնում կանգուն ու վկա,
Որ իմանան վառ աստղերը հեռավոր
Էլ-Սամանի սերը հզո՛ր ու անմա՛հ:

Որ աշխարհին պատմեն սերը հաղթապանծ.
Էլ-Սամանի սերը` անա՛նց, հավերժո՛ղ,
Քարավաններն ու ճամփորդներն երկյուղած

Հեռուներից հեռուն եկող-գնացող...