понедельник, 13 октября 2014 г.

Էկոլոգիա: Նախագիծ N1


Վերահսկենք մեր շրջակա միջավայրը


  1. Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայրի որակը:

Մարդկային հասարակության ամբողջ պատմությունը մարդու և բնության փոխհարաբերության պատմությունն է: Մարդը մշտապես շփվում է բնության հետ, որը նրա կյանքի և գործունեության անհրաժեշտ պայմաններից է: Շրջակա միջավայրն ակնհայտ մեծ ազդեցություն ունի հասարակության վրա: Այդ ազդեցությունը մեծ և զգալի է եղել նաև մարդկության զարգացման վաղ փուլերում: Գնալով այդ ազդեցությունը մեծանում , քանի որ մեծանում է մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Կառուցվում են գործարաններ, արտադրամասեր, որոնք մթնոլորտ են արձակում վնասակար նյութեր:
Այժմ միջավայրը, որը շրջապատում է ինձ լիքն է վնասակար նյութերով և մարդածին թափոններով:
  1. Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով:
Այն ամնեը ինչ կատարվում է մեր կյանքում ուղղակիորեն պայմանավորված է այն միջավայրով, որը մեզ շրջապատում է: Եթե քո մի ջավայրի օդը մաքուր է, ապա դու կլինես բավական առողջ համեմատած մեկի հետ, ում շրջապատող միջավայրը լիքն է վնասակար նյութերով: Օրինակ Հայաստանում 1990-ականներից սկսած, երբ նախ էներգետիկ ճգնաժամի հետևանքով սկսվեցին համատարած ծառահատումները, իսկ այնուհետև` արդեն ճգնաժամից հետո, ծառահատումները շարունակվեցին նաև արտահանման նպատակով, շնչառական հիվանդություններ ունեցող մարդկանց կտրուկ աճ գրանցվեց: Այժմ էլ դրան նպաստում է ավտոմեքենաների քանակի աճը, որի պատճառով շատանում են ավտոմեքենաների արտանետումները, և չափից ավելի շինարարությունները:
  1. Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասակարական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:
Յուրաքանչյուր օրգանիզմի համար գոյություն ունեն էկոլոգիական գործոնների առավել բարենպաստ արժեքներ, որոնց շուրջ կատարվող փոփոխությունների որոշակի՝ դիմացկունության, միջակայքում հնարավոր է նրա բնականոն կյանքը: Ոստի որքան մեծ է շեղումն իր բարենպաստության արժեքից, այնքան միջավայրն ավելի անբարենպաստ է տվյալ օրգանիզմի համար: Ես ինքս կենդանի օրգանիզմ եմ և շրջակա միւավայրի ամենօրյա վնասակար ազդեցությունը զգում եմ բավականին վառ: Իսկ ինչպե՞ս կարելի է այն վերահսկել: Շրջակա միջավայրի վիճակի վրա վերահսկողության բաղադրամասերն են հանդիսանում մոնիտորինգը և շրջակա միջավայրի աղտոտման ռիսկի գնահատումը:
ü  Էկոլոգիական մոնիտորինգը գիտականորեն հիմնավորված հետազոտությունների, գնահատականների, տեսությունների և նրանց հիման վրա ստեղծվող կառավարման որոշումների համակարգ է, որն անհրաժեշտ է շրջակա միջավայրի վիճակի կառավարման և էկոլոգիական անվտանգության ապահովման համար: Մոնիտորինգի կարևոր էլեմենտը հանդիսանում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը, որն իրենից ներկայացնում է նախապատրաստական և հասարակության սոցիալ-էկոնոմիկական զարգացման մասին որոշումների ընդունմանը առընթեր հայրենական օրենսդրական էկոլոգիական պահանջների հաշվառման գործընթաց: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը կազմակերպվում և իրականացվում է այն նպատակով, որ բացահայտվեն և ընդունվեն անհրաժեշտ և իրական միջոցառումներ, որպեսզի իրազեկեն հասարակությանը էկոլոգիական, նրանց հետ կապված որոշակի գործունեության իրականացման անբարենպաստ հնարավոր հետևանքների մասին:
ü  Բնապահպանական բաժանմունքի կարևոր բաղադևիչն է համարվում ռիսկի գնահատումը` շրջակա միջավայրի աղտոտվածությունից բնակչության առողջության համար: Վերջին տասնամյակներում ռիսկի գնահատմաբ մեթոդոլագիան արագ զարգանում էր և ներկա ժամանակահատվածում այն դեռևս օգտագործվում է որպես գործունեության մասին որոշում կայացնող գործիք: Քանի որ ռիսկի գնահատման բազմաթիվ մեթոդներ լայնորեն կիրառվում են անձանց կողմից, որոնք ընդունում են որոշումներ, իսկ նրանց եզրակացությունները և որոշումները հաճախ դառնում են այն բանի հիմքը, ինչը հաղորդվում է բնակչության լայն զանգվածներին և հասարակությանը, կարևոր է ապահովել ներկա ժամանակահատվածներում ռիսկի գնահատման ոչ լիարժեք գործունեության խոստովանումը և հասկացումը: Հակառակ դեպքում նրա օգտագործումը կարող է հանգեցնել չհիմնավորված և ոչ տեղին վստահելի վերաբերմունքի վտանգավոր և վնասակար տիպի գործունեությունների և միջոցառումների նկատմամբ:

  1. Ինչ ես անում դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:
Յուրաքանչյուրս՝ այդ թվում ես, պետք է մեր գլախավոր խնդիրներից մեկը համարենք շրջակա միջավայրի պահպանությամբ ու դրա վերահսկմամբ զբաղվող անհատի պարտավորություններն ու պարտականությունները իրականացնելը: Ես սովորում եմ դպրոցում, որտեղ ուսոցիչները մեծ ոշադրություն են դարձնում, որ մենք՝ սովորողներս, ոընենանք բնապահպանի հոգեբանություն: Եվ այդ ամնեը իրականացնելու համար մեզ տրված են լայն հնարավորություններ: Ես ինքս աշխատում եմ մասնակցել այնպիսի միջոցառումների ինչպիսիք են՝ ծառատունկը, աղբահանությունը և այլն:

  1. Ստեղծեք փոքրիկ  հոլովակ, որը դիտելուց հետո մարդկանց մոտ բնության հանդեպ վերաբերմունքը դեպի լավը կփոխվի (օգտագործում ենք բացառապես սեփական նկարած նկարներ ու վիդեոներ):

вторник, 7 октября 2014 г.

Գրիգոր Զոհրապ

                       
                            

                            Գրիգոր Զոհրապ 

Ստեղծագործություններ՝

Զաբուղոն

Մարդ մը որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը. գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել մըն էր, որ բերնե բերան կրկնվելով, տարածվելով՝ վերջնական ձեւ ու վավերացում կստանա, իրողության կարգ կ’անցնի:
Գող մըն էր Զաբուղոն մեր գեղին մեջ. ո՛չ այն ռամիկ գողը որ կբռնվի շարունակ, կծաղրվի ու բանտերու մեջ կփճանա. ոչ այն ահարկու ավազակը որուն գողոնին արյուն կխառնվի ատեն-ատեն:
Իր մեծ արժանիքը ճարպիկության մեջ էր. օդի պես անորս, ոգիի մը պես աներեւույթ, տեղ մը չէ ու ամեն տեղ է միանգամայն:
Ամենեն ավելի ամուր փակված դուռը, ամենեն բարձր պատը՝ մտնելե չեն արգիլեր զինքը. բանալիին ծակեն, տախտակներուն ճեղքերեն ներս կսպրդի կարծես, անշշուկ ստվերի մը պես:
Ամեն բան գիտե, ամեն խոսք կլսե ու դռնփակ նիստերը իրեն համար չեն. իրեն համար պատրաստված ծուղակնրուն մեջեն հաջողությամբ դուրս կ’ելլե միշտ, վարպետ ձեռնածուի մը պես զարմանքի մեջ թողլով զինքը բռնելու պատրաստվող միամիտները:
Երեսը շիտակ տեսնող չկար. բայց կպատմվեր ո՞վ, կամ ինչպե՞ս, չեմ գիտեր թե երիտասարդ մըն էր այս տղան,նկնահասակ, թխադեմ ու վատույժ տղա մը. երկաթագործի քով աշակերտութենե եկած էր ու կղպանքներու արվեստը պետք եղածեն ավելի սորված էր:
Հիմա արվեստասերի մը պես՝ կ’ապրեր, գողնալով թալլելով շարունակ, ավելի սնապարծութենե քան թե իրական չարութենե մղված: Կբավեր որ իր ճարտարության փորձը տար ամենեն անմատչելի կարծված տուները կողոպտելով, ու հոժարությամբ ետ պիտի տար գողոնը, թե որ բռնվելու վախը չըլլար:
Կամաց-կամաց մտերմություն մը հաստատված էր գյուղացվոց ու այս գողին մեջ, ի հարկե ստիպյալ՝ վարժվեր էինք իր ներկայության. այս խորհրդավոր ու ամեկնելի գոյությունը, հալածակն մարդու այս աստանդական կյանքը՝ սրտերնիս կշարժեր, ու քիչ մըն ալ թե որ երթայինք առաջ, պիտի սիրեինք զինքը:
Բ
Զաբուղոն նշանված էր. կզարմանա՞ք:
Նշանտուքը Պատրիարքարանի մեծ դահլիճը կատարված չէր հարկավ: Փոխանորդ հայրը օրհնած չէր զայն, ոչ ալ լրագիրները ծանուցեր էին:
Պարզապես, հավիտյան իրար սիրելու խոսք տված էին, գիշեր մը, ծառի մը տակ, աստղերը ունենալով իրենց վկա. եւ աշխարհիս ամենեն մեծահանդես նշանտուքը եղած էր իրենցը:
Ամենքնիս կճանչնայինք Վասիլիկը, այն վտիտ դեմքով ու թնջուկ մազերով աղջիկը, որ գույնզգույն պատմուչաններով, արդակարգ արդուզարդերով՝ վերը, լեռը կուգար պտտելու մինակը, շաբաթ իրիկունները:
Ոչ ոք կհամարձակեր աչք նետել կամ դարպաս ընել անոր. Կեսարի խոսեցյալն էր անիկա. իր բացակա նշանածին տարածած սարսափին մեջ պլլված՝ աներկյուղ կպտտեր ամեն տեղ. ու զինքը պահպանող այս վախը կվայելեր իրեն. անմատչելի ըլլալը՝ հրապուրիչ կ’ըներ զինքը: Մասամբ մըն ալ նշանածին փառքը իր վրա կ’անդրադառնար. անոր արկածալից կյանքին կապվող այս աղջիկը սովորական մեկը չէր կրնար ըլլալ. աշխարհքեն դուրս ապրող մարդուն նանածն ալ աշխարհքեն դուրս արարած մըն էր, ու տեսակ մը պատկառանքի խառնված ըղձանքով մը կնայեին իրեն, ամեն անգամ, որ այս լվացարարի աղջիկը, վես ու արհամարհոտ դիցուհիի ձեւերով, իր շաբաթական պտույտը ընելու կուգար մեր կողմերը:
Վասիլիկ՝ ինը գոհ կթվեր այս կյանքեն. մարդ մը կար մութին մեջ որ զինքը կպաշեր, Ռյույ Պլասի ըսածին պես, առանց երեւան ելլելու, առանց իր քովը գալու հրապարակավ:
Ու մութը՝ իրական մութն էր հոս. կյանքը՝ գիշերը կսկսեր իրեն համար ու գիշերը կվերջանար. վասնզի նշանածը մութին կրնար գալ, ամենեն անակնկալ մեկ պահուն, մտքե չանցած ծպտումի մը տակ, որուն գրկաբաց կսպասեր:
Ուրիշներ կրնային ըսել որ “այսքան օր” ապրեցան. ինքը պիտի ըսեր “այսքան գիշեր”:
Լուսինին պես խավար պետք էր որպեսզի փայլեր. էապես աղջամուղջի դշխոն էր այս աղջիկը:
Ու գողը, իր հարափոփոխ այլակերպություններովը, ամեն գիշեր նոր սիրահար մը կթվեր իր աչքին, եւ այսպես ամեն հասկները ու ամեն գույները կարգով կծնադրեին իր առջեւ, դյութական անուրջ մը շինելով ամեն ատեն:
Գ
Սկիզբները Վասիլիկ երջանիկ եղավ այսպես: Բախտին չէ՞ր նմաներ քիչ մը այս անտեսանելի սիրահարը որ աշխարհքը կկողոպտեր զինքը հափրացնելու համար ամեն ճոխություններով:
Օր մը սակայն այս ամենը ծաղրելի թվեցան իրեն աչքին: Իր գաղտագողի ու թաքուն երջանկությունը բան մը կկորսցներ այսպես ծածուկ մնալով եւ չկրնալով ուրիշներուն ցուցվիլ: Երեւակայեցեք մեծագի ադամանդ մը, որ հավիտյան տւփի մը մեջ փակված մնալու դատապարտված ըլլա ու չկրնաք օր մը կուրծքերնուդ վրա դնելով դիմացիննիդ շլացնել:
Իր բոլոր վայելքները, իր բոլոր ունեցածը այս գոցված ադամանդին տպավորությունը կթողեին: Ինքը մանավանդ, ցուցամոլ էակ, չէր կրնա գոհանալ կյանքի այն ներքին ու լռին ներդաշնակությամբը որ ահա իր ձեռքին տակն էր եւ որ դուրսը արձագանք չէր ձգեր. մարդիկ կան որ դերասաններ են աշխարհքիս վրա. իրենց սեփական կյանք ու գոյություն չունին եւ ուրիշներուն համար կ’ապրին միայն. հանդիսատեսներ պետք է ասոնցպեսներուն, ու կյանքը հրապույր չունի, եթե զիրենք դիտողներ պակսին. դերասաններ՝ որ հանձն չեն կրնար առնել թափուր սրահի մը առջեւ ներկայացում տալու:
Այսպես էր Վասիլիկ. իր մեկուսացումը՝ լքում կնշանակեր. ոչ ոք իր երեսը կնայեր փողոց ելած ատեն. գեղին բոլոր երիտասարդները իր հրապույրներեն կդողային: Հիմա պչրանքի արվեստը կփորձեր անոնց դեմ, թույլ ու երերուն քալվածք մը առած էր, որ նուրբ մարմինին ամեն խաղերը կմատներ, եւ այսպես ցանկության տաք հով մը կտարածեր շուրջը ու ճձի նայվածք մը՝ որուն դիպողը կկախարդվեր:
Օր մը տղուն մեկը կպվեցավ անոր ու հետը ամուսնանալ առաջարկեց. այն վայրկյանին գողի սերը անտանելի լուծ մը դարձավ իրեն: Ալ չկրցավ սպասել անոր, գիշերները լուսցնել, ժամադրություններուն գտնվիլ, սա պարտեզին մեջ, կամ ան լերան վրա. ամեն առթիվ գանգատեցավ, բողոքեց ու լացավ. մյուսը կզարմանար. ինչո՞ւ այս արցունքը, չէ՞ մի որ առաջվան պես կսիրեին իրար. ի՞նչ փույթ մնացածը. Զաբւղոն իր առնձնացած կյանքովը, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարները կպարզեր:
-Ի՞նչ պիտի ըլլա ասոր վերջը,- կհարցներ աղջիկը:
Ասոր վե՞րջը. Զաբուղոն երբեք չէր խորհած ատոր. ընդհակառակը կփափագեր որ վերջը չգա:
Այն ատեն հուսահատած՝ հոժարությամբ բաժանում ձեռք բերելե այս նշանտուքեն, որ օրհնված պսակե ավելլի ամուր ու հաստատ կ’երեւար, դիվային խորհուրդ մը անցավ մտքեն. գիշեր մը ոստիկանները կանչեց ու ձերբակալել տվավ Զաբուղոնը:
Դ
Քարաշեն պատերուն, երկաթե ամրափակ դռներուն ետին կսլքտկան, սպասելե վհատած, կամքի պարտասումի մը մեջ անզգա եւ անտարբեր դառնալով տարիներու անվերջ հոլովումին:
Անակնկալ փրկության մը հույսը, առջի օրերուն ակնկալությունը, շատոնց լքած է զիրենք եւ հիմակ նախասահմանյալ թվականին սպասելով միայն, կծկված կմնան այդ տեղ ժամերո~վ, չորս դիեն բարձրացող պարիսպներուն տակ բուսած հսկա սունկերու նման:
Ամեն հասակները ու ամեն տարիքները կան հոս, այս դիմացկուն քարե արգանդին մեջ որ Թիարան կկոչվի եւ որ այս մարդիկը պիտի վերածնի օր մը, պիտի արտաքսե իր ծոցեն դուրս, համերամ հղացումներովը:
Վերեն , նեղ բացվածքներե լույսը կսպրդի ներս, հաշվված խնայված լույս մը, տկար ու տժգույն բան մը, այն դեմքներուն պես զորս լուսավորելու կու գա:
Զաբուղոն ասոնց մեջն է. իր համբավը կանխած է զինքը բանտի մեջ. մեծ չարագործ մը չէ, բայց մեծ ճարպիկ մըն է. հսկողության տակ է շարունակ այս բանտարկյալը, որ ոտքը երկաթներ ունի ամուր ու կռնակը հաստ պարիսպներ:
Յոթը տարի պիտի մնա այսպես, երիտասարդ էր հոս եկած ատեն ու ծերացած դուրս պիտի ելլե. իր նշանածին կծորհի ամեն ատեն, այն մեկհատիկ բարեկամության որուն աներկբա կհվատա դեռ. ո՞ւր է. ի՞նչ կ’ընե արդյոք. ու հակառակ ամեն զգուշության, փախչելու ջանքեր կ’ընե. անգամ մը երեսուն կանգուն բարձրությամբ պատե մը կ’անցնի, բայց դուրսի բակին մեջ կբռնվի. ուրիշ անգամ մը բանտին երդիքին վրա ելլելու կհաջողի. երկու գիշեր կ’անցընե հոն. կտեսնեն ու կբռնեն ղինքը նորեն:
Այն ատեն ամեն խստությունները ի գործ կդնեն ամեն վայրկյան փախչելու հետամուտ այս մարդուն դեմ. բանտին կարգապահական պատիժները կտեղան իր գլխուն. բան մը չի կասեցներ զինզքը. դուրս պիտի ելլե Վասիլիկը գտնելու համար. իրավ որ ուրիշ պատճառ մը չունի փախչելու:
Ու գիշեր մը կհաջողի վերջապես. խոհանոցին ծխնելույզին մեջեն վեր կ’ելլե նախ ու հետո հիանալի ճարտարությամբ մը այդ ցից բարձրութենեն վար կ’իջնե, այս անգամ բանտին շրջափակեն դուրս:
Երեք տարվան մեջ այս վեցերորդ փորձը կհաջողի ահա, ու շիտակ, անխոհեմությամբ թերեւս, մեր գեղը կդառնա նորեն. կասկած մը չանցնիր այս հնարամիտ մարդուն մտքեն. տարակույս մը չի գար թունավորելու իր սիրույն մաքրությունը: Իր ձերբակալությո՞ւնը. ձախող դիպված մը միայն. առջի օրերուն պես գիտե որ սպասող մը կա իրեն ամեն անակնկալ ժամուն. ըւ վայելած ազատության գինը՝ այս բերկրանքով կբազմապատկվի, կմեծնա, իր սրտեն դուրս պոռթկալու չափ:
Վասիլիկին թովիչ ակնարկը պիտի գտնե նորեն. անոր գոռոզ մազերուն պատկերը դեռ չտեսած, աչքին առջեւեն կ’անցնի, եւ ուրածության սարսուռ մը կցնցե իր հեք մարմինը:
Մեղմիվ կմոտենա անոր տունին. պատուհանին ռջեւ խոսակցության ձայն մը կկեցնե զինքը. ո՞վ է ներսը. մտիկ կ’ընե, չի հավտար իր լսածին. ներս կմտնե անձայն, առաանց իր ներկայությանը կասկածը տալու, ու չի հավտար իր տեսածին. ժամ մը ամբողջ նկյուն մը կծկված կսպասե, չկրնալով ցրված միտքը ամփոփել. հետո տակավ ինքզինքը կգտնե, կխորհի ու ձեռքը ակամա կ’երթա պզտիկ դանակի մը կոթին զոր մեջքի գոտիին անցուցած է. մատները կշոյեն զենքը. առջի հեղն է որ արյուն թափելու հարկը կտեսնե որոշ ու հստակ. ինքը որ ամեն բանե կրնա փախչիլ, այս վրեժխնրության գաղափարեն չի կրնար զատվիլ ահա: Ո՞վ է այդ ապուշ էակը, որ իր թողած պակասը լեցնելու եկած է այստեղ. սա նստող տղո՞ւն համար Վասիլիկ մոռցած է զինքը: Մեկ նայվածքով կչափե, կգնահատե այս ոսոխը ու շատ վար կգտնե իրմե:
Եվ իր սիրտը լեցնող արհամարհանքին առջեւ վրեժի գաղափարը կթուլնա. ձեռքը կքաշե դանակին բունեն զոր իր պրկված մատները կիսովին դուրս քաշած էին մեջքի գոտիեն. ո՛չ, չեն արժեր ասոնք իր զայրույթը, ու կանացուկ դուրս կ’ելլե կրկին: Բոլոր գիշերը կքալե թափառական, փողոցներուն մեջ. ո՞ւր պիտի երթա այսպես. տուն չունի, ծանոթ չունի: Կխորհի որ այդքան ծանրագնի թեռք անցուցած ազատությունը բանի մը չի ծառայեր եւ ուսերուն վրա կծանրանա:
Արշալույսին հետ՝ վարանոտ քայլերով ետ կդառնա, իր բանտին նորեն, որուն դրան առջեւ կգտնեն զինքը առտուն ու ներս կ’առնեն:

Այինկա

Յոքարը Մահալլեին մեջ, բլուրի մը վրա մանառիկ և անձուկ փողոցներով շինված թաղ մը, կռիվը կը սկսեր խուլ շշուկով մը, խուզարկության եկող դետերուն դեմ:
Կիներու բազմությունը կավելանար շարունակ. անկյուններե, ծակերե, խորշերե կելլեր հետզհետե ու կը լեցվեր հին, փայտաշեն տան մը առջին, ուռուցիկ շալվարների կոհակներով խափանելով անցուդարձը. հոծ, գրեթե միակտուր զանգված մը ահա, որուն մեջ Ռեժիի համազգեստին կարմիր երիզները կխառնվեին նուրբ արյունոտ ջիղերու սողոսկումներով:
Եվ այս կանացի խուժանին բողոքը կելլեր դուրս, զսպված հառաչանքի մը պես բարձրանալով օդին՝ ամառ ցերեկվան մը հեղձուցիչ մթնոլորտին մեջ, ժխոր մը նախ, հետո ճշտվելով քիչ-քիչ, որուն մեջ բառ մը հստակ ու որոշ, ականջի կը զարներ, անծանոթ լեզվի մը բառը, զոր այս բազմության մեջ ամեն ոք կը հասկնար, իրարու երեսին կը նետեր և զոր երկարող փողոցին անձկությունը վիթխարի փողի մը պես կը տաներ և զոր երկարող փողոցին անձկությունը վիթխարի փողի մը պես կը տաներ, կը հասցներ հեռուն, մինչև քաղաքը.
- Այինկա՜, այինկա՜:
Ռեժիի պաշտոնյաները կը խորհրդակցեին բռնության դիմելե առաջ, չափելով այս տկարությամբ կազմված զորությունը զոր ահա պեղել, անցնիլ հարկ կըլլար մինչև սա տունին մուտքը, ուր ծխախոտի մեծաքանակ մթերք մը կար պատրաստ, ինչպես որ իրենց իմացուցած էին կանխավ. և իրենց վարձատրության հաշիվով շահամոլի ջիղերնին կը պրկվեր, ու վրնին կը փայլեր ու նոր ջանք մը կընեին, ուսովնին ճամփա մը բանալու, քայլ մը ավելի մոտենալու համար այդ դեմի դրան, ուրկե հազիվ տասը քայլ կը բաժաներ զիրենք:
Անդին` բազմությունը ա´լ ավելի կը սեղմվեր, համբերությունը սպառելով, վերջ մը տալու պետքը զգացվելով երկուստեք. զայրույթը, հին ատելությունը այս երկու տարրին մեջ, ավանդական, ճակատագրային բան մը երևան կելլեր բիրտ անկեղծությամբ:
Ծխախոտի հին խուզարկություններու, գրավումներու հիշատակը կուգար արծարծել մշտնջենական հակառակությունը. կռիվների մեջ տրված առնված վերքերու սպիները կը բացվեին այս պահուս, իրենց շարավին հոտովը, թարմ արյունի բուրումովը զայրացնելով հատուցումի պետքը և կծու մարմաջը. հետո ամբողջ Յոքարը Մահալլեի մթերքը պահված էր այս խարխուլ տան մեջ, ամենուն հարստությունը, ամբողջ տարվան ապրուստը: Եվ կը հաշվեին մինչև հիմա իրենցմե գրավված ծխախոտներուն քանակությունը, որուն կսկիծը` ամեն մեկուն համար զատ-զատ, ծանր տուգանքներով, երկար բանտարկություններով սաստկացած էր:
Ամբոխեն` բերնե բերան խոսքեր, անցախոս բառեր կը սահեին, կը սպրդեին ներս, պատվերներ, հրամաններ` փութալու, աճապարելու:
- Ծո´, Հակաբոս, տե´ երերա:
Ներս կերերային, կը շտապեին, ոտնաձայներ կահ կարասիներու, մթերված ապրանքներու փոխադրության խուլ ջանքեր կը լսվեին, վայրկենական տեղափոխություն տանիքներու վրա, առաստաղներուն տակեն. և նեղ փողոցին մեջ հիմա ծխախոտի ուժգին հոտ մը կը ծավալեր, այնքան որ Ռեժիին դետերը` հուսահատ` այս բոլոր կիները ցրվելու և կողոպուտը չփախցնելու փորձությամբ կը բռնվեին, մինչդեռ ոստիկանությունը, ամենեն ավելի հեռատես, օրինական ձևակերպությունները կը կատարեր այդ տունը կոխելե առաջ:
Եվ աղաղակը կը բարձրանար ավելի ուժգին, կիզիչ արևին սկավառակեն իյնող հորդ ու ջերմ լույսին պես զայրացած, աղաղակ մը` որուն մեջ առջի բառը կուգար, կը դառնար, կը վերադառնար շարունակ.
- Այինկա՜, այինկա՜:
Բ
Երկու եղբայրներուն մեջ Հակոբոս` այինկաճիներու մեծը` անդրանիկն էր. սևաչվի, սևահեր երիտասարդ, ամառ-ձմեռ պահելով իր մեղրագույն ապայեփոթուռն ու շալվարը. հաստ տոկուն կտավ, որ դաշույնի հարվածներու կը դիմադրեր և զոր ցերեկները կը պտտեցներ Իզմիտի չարշուին մեջ, զորավոր մարդու հատուկ դանդաղ ու ծույլ քայլվածքով:
Լեռներու զավակ, իր գյուղացիի անձուկ միտքը բնավ չէր կրցած ըմբռնել Ռեժիի դրության նրբությունները. և իր բնական իրավունքին հենած` կը կռվեր ահա տասը տարիներե ի վեր, ճակատաբաց` փոխանակ հանցավորի մը պես պահվտելու. այինկաճիներու համբավավոր պետն էր ու դյուցազնը այնքան արյունոտ ծեծկվուքներու:
Այս երիտասարդն էր, որ վկայության համար կանչված, դատարանի մը առջև, իր արհեստը հարցված ատեն պատասխանած էր անփութորեն.
- Այինկաճի:
Հիմա ամենուն ծանոթ է ինք, զոր լերան մեջ ավազակը ու ճամփուն վրա ձիապանը կը ճանչնան, կը սիրեն մեջքի դաշույնը, որուն երկաթը Պոլսեն եկած գնած է, Դամասկոսի դյուրաթեք երկաթ, վետվետող երանգներով, երբոք զուր տեղը փայլատակած չէ: Ծառերը կը ճանչնան զայն, այնքան շատ իրենց կեղևի վրա Հ գիրը` իր երբեմնի դպրոցական կյանքեն մնացող միակ հիշատակը` փորագրված է, սրտնեղության, ձանձրույթի վայրկյաններուն մեջ:
Այս քաղքին շրջակայքը` ծխախոտի ամեն փոխադրություն իր աչալուրջ ու ճարտար պահպանության կհանձնվի ամեն ատեն, երբեք չի թողուր փախիր իր արիության վստահված ապրանքը. հնարքը ու քաջությունը կը լծորդե փորձ ռազմագետի մը պես կը հաջողի:
Հիմա պիտի նշանվի. ո՞վ զավակ կուտա այս լերան մարդուն. և սակայն մեկե ավելի աղջիկներ սրտատրոփ կը սպասեն դուռը իր անցուդարձին, իրիկվան մութին:
- Բարև, Հակոբոս, ե՞րբ եկար:
- Երեկ գիշեր:
Միշտ գիշերը կգար այս տղան. անորոշ ժամանակով, անծանոթ, անկոխ ուղիներե, զորս իրմե զատ ոչ ոք գիտեր, ոչ իսկ եղբայրը, Սահակ` որ Ռեժիին կը ծառայե. ինքը ահավոր այինկաճիին կրտսերը` քոլճի մըն է հիմա լեցուն թոշակով, երիտասարդ կտրիճ մը. բայց Յոքարը Մահալլեն, իր ազգականներուն թաղը չի ժպտիր իրեն. աղջիկները չեն սպասեր դուռը. էն տգեղը կը ծիծաղի իր վրան, և եղբորը նշանածը, Պերճուհին, չի բարևեր զինքը:
Ինչո՞ւ համար հանկարծ թողած է այս տղան իրենները, ատելությամբ զինվելու համար անոնց դեմ:
Եվ այս նեղ փողոցին մեջ, դեպի խարխուլ տունը, որ ճիշտ իր հայրենի տունն էր, ինքն էր ահա, որ կառաջնորդեր Ռեժիին. և հանկարծակի եկած ամենքն ալ, չհավատալով դեռ, կը հարցնեին իրարու ականջն ի վար փսփսելով.
- Ծո, ո՞վ բերավ ասոնք, Սահա՞կը:
Գ
Սա դեմի ելևէջավոր գիծը, որ հորիզոնը կը կտրե կը կտրտե, որ իր ատամներով կը խածնե երկինքը անսահման կապույտին մեջ` լեռներու շղթա մըն է դեպի հյուսիս վազող. իր ափափա կողերուն վրա տարածվող խիտ մթությունը, անթափանց սևությունը` անտառներունն է, աղջամղջային կանաչություն, որ գիշեր ատեն և լուսնի լույսով` թանձըր հեղուկե լիճի մը պես կը փայլփլի:
Ասդին` Իղմիտի ծովն է հետզհետե ամփոփված, նեղցած, սպառած, որուն տամուկ կապույտին մեջ լուսինը կիջնե վերեն, կը թաթխվի առանց իր պայծառությունը, հստակությունը մազի չափ կորսցնելու, և մանրուք ալիքների տարուբերումին հետ կոտրտած հայելիի բեկորներ կը ձևացնե, որոնք իրարու կը կցվին, իրարմե կը հեռանան, կը ցրվին, նորեն միանալու ու նորեն բաժանվելու համար:
Հոս` քարահատակ ճամփուն վրա` ձիերու շարք մը կը քալե հազիվ լռելի ոտնաձայնով մը, որ պայտերուն վրա փաթթված չուխայի կտորներով կը մեղմանա, ամբողջ կարավան մը ծխախոտ փոխադրող շրջակա գեղերեն. ու տասնի չափ տղաք կուգան քովեն հետիոտն, հրացանը ուսերնուն կախած, ատրճանակը մեջքերնին:
Հիմա լուսնին լույսը կիջնա ասոնց գլխուն վրա շիտակ, լուսավորելով և մատնանիշ ընելով այինկաճիներուն խումբը, որ չի կրնար ինքզինքը պաշտպանել այս լույսի վտանգավոր ողողումին դեմ. և հուշիկ կը քալեն աղետի մը նախազգացումով, ծառի խարշափյունին, տերևի մը կծկումին ուշադիր անձկությամբ լեցված. հետո կը վարժվին այս պայծառ լույսին, որ զվարթություն կը բերե հետը, և կը խոսակցին մեղմիվ.
- Քանի՞ օխա թյություն վերուցին Մահալլեեն:
- Հարյուր քսան:
- Ո՞ւր է Հակոբոսը:
- Առջևեն կերթա:
Միշտ առջևեն կերթար, մինակուկը ամեն վտանգի դեմ, ձեռքը մեջքի դաշույնին բունին, խորհելով իր եղբոր հետ հավանական հանդիպումին ճամփու մը վրա, ու այս գաղափարին` զգալով կսկիծ մը, սուր ցավ մը, որ սիրտը կը լեցներ, կոկորդեն կը բռներ և շնչահեղձ կըներ զինքը:
Պահ մը կը մտածեր թողուլ այս կյանքը, այս մշտնջենական վտանգի արհեստը, որ հիմա եղբայրասպան հանդիպումներու զարհուրանքով կը լեցվեր, որ իր նշանածը հարս չեղած, զայն այրի թողուլ կսպառնար ամեն վարկյան. և գլուխը կախ կերթար, մոռանալով կարավանը, որ կը հետևեր իրեն, որուն պահպանության հոգը իր պստիկ դաշույնին և իր մեծ սրտին վստահած էին:
Անտառը կը մտներ. ու լուսինն ալ կը խոնարհեր կիջներ իր բարձրութենեն անտառի ծոցը, ծառերուն սաղարթներուն երկարող վտիտ ընձյուղներուն վրա, որոնք իր սկավառակին մեջ կը մեխվեին, կարծես հոն անձնասպան ըլլալու համար նետվելով անտառին սուր ծայրերուն վրա, որոնք զինքը պիտի գիշատեին:
Հեռուն` լեռներեն իջնող ջուր մը երիզուտ ավազանի մը մեջեն վազելով կը խոխոջեր. գորտերը կը կռկռային, խռովելով գիշերվան լռությունը:
Առջի օրվան կորուստին կը խորհեր պահ մըն ալ, կը խորհեր գրավված ծխախոտին, զուր չէին կրցած փախցնել, և միտքը եղբորը կերթար ու ձեռքը` մութին մեջ ուժգին կը սեղմեր դաշույնին կոթը:
Դ
Առջի իրիկվան դեմ Սահակ Պերճուհին տեսավ եկեղեցիեն վար, Մեյտանին մեջ, ու քովը գնաց փախչելու ատեն չթողնելով անոր.
- Սրդողած ես հետս:
- Ե՞ս:
- Բարևս ինչո՞ւ չառիր, բարևը Աստուծո է:
Աղջիկը չխոսեցավ և հեռանալ ուզեց:
- Կեցի°ր, ատեն մը կը սիրեիր զիս, եղբորս հետ չնշանված դեռ, կը հիշե՞ս աղբյուրին քով խոսածներդ:
- Ես եղբորդ նշանածն եմ, մի° խոսիր հետս, ես այինկաճիի աղջիկ եմ:
Սահակ ձեռքը բռնել ուզեց, ու աղջիկը քաշվեցավ ետ:
- Այդչա՞փ գեշ մարդ եմ ես… Եթե գիտնայիր, որ մեկ խոսքովդ սիրտս կբանամ սա դանակով. իմ սերս ամուր է աս երկաթին պես, քուկդ… ծառի մը ոստին պես ամեն դի կը ծռի, պզտիկ եղբորմեն մեծ եղբորը, Սահակեն Հակոբոսին կը դառնա:
Պերճուհի թողուց, որ ձեռքը բռնե. իր առջի բարեկամին ձայնը կը շարժեր զինքը, տեսավ, որ արցունքի կաթիլ մը կը գլորեր անօր արևկեզ այտեն` մրոտած պերևեշտին վրա.
- Ո՞վ ըսավ որ քոլճի ըլլաս:
- Քեզի համար:
- Ես այինկաճիի աղջիկ եմ:
Ու քիչ-քիչ, իրիկնամուտին ստվերներուն մեջ մտերմացան նորեն, մշուշը պատեց իրենց առջի սիրույն վերդարձը. հետո Սահակ մեկնիլ ուզեց, ու աղջիկը չթողաց այս անգամ:
- Կեցի´ր, տե, քիչիկ մըն ալ:
Կեցան, չկրնալով համոզվիլ, որ հարկ էր իրար թողուլ. անցորդները պիտի գայթակղեին տեսնելով այս ժամուն այինկաճիին նշանածը սա քոլճիին քով. վախցան ու զատվեցան իրարմե:
Հիմա դեպի լեռը կերթար դեռ հմայված, կրելով հրապույրը իր առջի սիրած աղջկան, որ եղբորը նշանածը եղած էր. այս հինգ վայրկյանի խոսակցությունեն վերածարծված իր սերը կը զարհուրեցներ զինքը: Քաղքին զառիվայր տուները հեռվեն թավալգլոր կործանումի մը տպավորությունը թողուցին իր վրա: Ճամփան շարունակեց անտառին մեջ մխվելով հետզհետե. այս ծառերը իր պատանության, ուրախ զվարթ օրերու հիշատակները կարթնցնեն մտքին մեջ: Եվ անտառին վեհաշուք խաղաղությունը բարկացուց զինքը. վերել` տերևներու բացվածքեն արծաթ շառավիղներկը թափանցեին ներս, կիջնային գետնի դալարիքին ու մամուռներուն վրա, ուղղաբերձ լուսանյութ ծառի անթիվ կոճղերու պես. ձևացնելով երկու անտառ մեջ մեջի անցած մեկը, որ հողեն կը բուսներ ստվերամած գռուզ մազերու պես, ու մյուսը` երկինքեն եկող անհամար շողերու` որ ադամանդե սանտրի մը նման անոր մեջ կը մըխվեր:
Եվ փոխն ի փոխ մութ ու լույս, կարծր ու աննյութ գիծերու շարքը, որոնց մեջ կը քալեր հիմա, իր կյանքին անհարիր ճամփուն կը նմաներ ճիշտ. քանի մը ժամ առաջվան տեսակցությունը Պերճուհիին հետ` վերջին լուսավոր գիծն էր ուրկե անդին համակ աղջամուղջը կը տիրեր. եղբորդ նշանա՜ծը, վաղը գուցե անո´ր կինը… Իր միտքը պատող խավարը ա´լ ավելի կը թանձրանար, ու չլսեց կամ լսել չուզեց ձայնը, որ խորեն, հեռվեն պոռաց.
- Մի´ գար առաջ:
Ինքը շարունակեց հառաջանալ, անփույթ, անտարբեր, ծիծաղելով այս մութեն եկող հրամանին վրա: Հանկարծ ձայնը որոտաց նորեն սուր, կտրուկ:
Կե´լմե:
Անտառը կրկնեց հրամանը, թավ, հաստ ձայնով, ջանալով արթնեցնել Սահակը, իրեն սպառնացող վտանգին անփույթ: Հետո ավելի ուժգին ձայն մը, զոր Սահակ ճանչցավ, եղբոր ձայնը.
- Կրա´կ:
Հրացանները պայթեցան տասը մեկեն, գնդակները սուլեցին` իրենց կարմիր շավիղներով ծակծկելով շուրջի մթությունը: Սահակ կեցավ ծառի մը բունին կռթնած, խաղամուծ մարդու մը խոնջենքով, դիտելով այն գնդակի թափթփուքները, որ իր չորս դին ինկան ու զվարճացուցին զինքը: Մեռնի՜լ. վախեցա՞ծ էր երբեք մեռնելե, և եղբորմեն եկող այս հարվածները փրկության մահ մը կը խոստանային իրեն. անոր ձեռքեն մեռնի՜լ. ի՜նչ հաճույք:
- Կրա՜կ, — հրամայեց այինկաճիին ձայնը, կրկնելով երկարելով անտառային խուլ ու մութ խորշերուն մեջ:
Ի՜նչ հաճույք եղբորը գնդակին հանդիպիլ, ու Պերճուհին…
Եվ գետին ինկավ Սահակ, կուրծքեն զարնված:
Ե
Ռեժին ամսական թոշակ հատկացուց Սահակի ընտանիքին, այինկաճիներու հետ կռվի մեջ մեռնելու համար, թոշակ մը, զոր Հակոբոս կը ստանա տարին մը ի վեր, հորմեհետե մայրը մեռավ տղուն կսկիծեն:
Պերճուհին սևեր հագնող աղջիկ մըն է որ չամուսնանար. իր նշանը ետ եղավ առանց պատճառը հասկցվելու:
«1892»

Երվանդ Օտյան- Դեպ ի մահ

Վավերագիր-հուշագրություն։ Տպագրվել է «Արիամարտ» օրաթաթերթում, 1918։ Նկարագրում է, թե ինչպես են սպանվել Գրիգոր Զոհրապը և Հովհաննես Սերինգուլյանը (Վարդգես)։
Ա
Պոլիսէն մինչեւ Ուրֆա, իրենց ցաւատանջ ուղեւորութեան միջոցին, երկու նահատակները, Զօհրապ եւ Վարդգէս, գուրգուրոտ ակնածանքով մը ողջունուած են Հայերուն կողմէ։ Երբ իրենց աքսորումէն երկու ամիս ետքը ես ալ նոյն ճամբով մինչեւ Հալէպ գացի, տեսայ, որ իրենց յիշատակը ամենուն մտքին մէջ դեռ վառ մնացած էր։ Գոնիա, Ատանա, Հալէպ, ամեն տեղ այդ անդրանիկ զոհերուն վրայ կը խօսէին։ Հակառակ ոստիկանական հսկողութեան` շատ Հայեր, վտանգը աչք առնելով, գացած տեսնուած էին իրենց հետ ու հիմա երկիւղածութեամբ կը վերյիշէին անոնց վերջին խօսքերը։
Ամէնուն վրայ խորին տպաւորութիւն թողած էր Զօհրապի ընկճուած վիճակը. մինչ Վարդգէս զուարթ անտարբերութեամբ եւ ծիծաղկոտ դէմքով մը կը շատախօսէր իրենց մօտեցողներուն` Զօհրապ հազիւ լռութիւնը կը խզէր քանի մը խօսք արտասանելու համար։ Ամբողջ ժամեր անընդհատ կը ծխէր, մտածմունքի մէջ ընկղմած։
Վարդգէս, միշտ լաւատես, կը ջանայ եղեր մխիթարել ու սրտապնդել իր բարեկամը, բայց ի զո՜ւր։
- Մեզի մեռցնել կը տանին,- կը կրկնէ եղեր Զօհրապ։
Հալէպի մէջ, Պառօն Օթելի տէրը` Պ.Մազլըմեան, քանիցս ճաշի կը հրաւիրէ երկու տարագիրները, որովհետեւ հոն գտնուած ատեննին բաւական լայն ազատութիւն տրուած է եղեր իրենց։ Տիկին Մազլըմեան պատմած է ինծի, թէ սեղանին վրայ ախորժակով կուտէր Վարդգէս, մինչդեռ Զօհրապ հազիւ քանի մը պատառ կառնէր, ան ալ ստիպումներով։ Յաճախ լալով կը յիշէր իր կինն ու զաւակները։
Զօհրապ իր ձերբակալման պարագաները պատմած է Պ.Մազլըմեանի։ Կարժէ, որ յիշենք զանոնք։
Ձերբակալման գիշերը Զօհրապ Սէրքլը տրիանի մէջ մինչեւ կէս գիշեր թուղթ խաղացեր է Թալէաթ փաշայի եւ Խալիլ պէյի հետ։ Յետոյ ոտքի կելլէ մեկնելու համար։ Թալէաթ ինքն ալ ոտքի կելլէ ու մօտենալով Զօհրապի` անոր երեսը կը համբուրէ։
Համակրանքի այս անսովոր ցոյցը կը շփոթեցնէ Զօհրապը։
-Ինչո՞ւ համար այս համբոյրը,- կը հարցնէ։
-Սրտէս բխաւ,- կը պատասխանէ միւսը։
Զօհրապ դուրս կելլէ սրահէն չափազանց յուզուած։ Նախազգացումը կունենայ, թէ այդ համբոյրը աղետաւոր նշան մըն է։
Դուրսը տաք ու գեղեցիկ գիշեր մըն էր։ Կորոշէ հետիոտն երթալ մինչեւ իր` Այազ Փաշայի բնակարանը։
Հազիւ ճամբա ելած` կը նշմարէ, որ մէկը կը հետապնդէ զինքը։ Պահ մը կը խորհի, որ թերեւս սխալ ենթադրութիւն մըն է ըրածը եւ փողոցին միւս կողմը կ անցնի։ Մարդն ալ կը հետեւի իրեն։ Զօհրապ քայլերը կ արագէ, նոյնը կ ընէ զինքը հետապնդողը, վերջապէս` անհամբեր ետին կը դառնայ եւ կըսէ.
-Արդեօք զի՞ս կը հետապնդէք։
-Այո,-կը պատասխանէ միւսը, որ ոստիկանութեան քօմիսէր մըն է եղեր։
-Ինչո՞ւ համար…
-Այնպէս հրաման եղած է ինծի։
-Գիտէ՞ք, թէ ես ով եմ։
-Այո, Զօհրապ էֆէնտին։
-Բայց սխալմունք մը ըլլալու է,- կը գոչէ խեղճը,- ես հիմա Ներքին Գործոց նախարարին հետ էի…
-Կրնայ ըլլալ, բայց ինծի տրուած հրամանը բացարձակ է եւ ստիպուած եմ հպատակելու։
Զօհրապ, ճարահատ, ճամբան կը շարունակէ ու կը հասնի բնակարանը, որուն դրան առջեւ ոստիկան մը կը սպասէր։ Քօմիսէր եւ ոստիկան ափարթըմանին սանդուխներէն վեր, կը հետեւին իրեն։
-Ի՞նչ է ձեզի տրուած հրամանը,- կը հարցնէ Զօհրապ։
-Ձեզ ոստիկանատուն տանիլ։
-Հիմա՞, անմիջապէ՞ս…
-Այո, անմիջապէս։
-Եւ եթէ երթալ չուզիմ։
-Այն ատեն բռնի պիտի տանինք։
-Չէ՞ք գիտեր, որ ես մէպուս եմ։
-Գիտենք, բայց մեզի տրուած հրամանը բացարձակ է։
Քօմիսէրը կը յայտնէ նաեւ, որ հետեւեալ առտու իսկ, այսինքն քանի մը ժամէն, ճամբայ պիտի ելլէ, հետեւաբար անհրաժեշտ գոյքերը կրնայ հետը առնել։
Զօհրապ կը մտնէ իր բնակարանը, ձայն կուտայ իրեններուն, եւ ափյափոյ պայուսակ մը պատրաստելէ ետքը կուգայ կը յանձնուի երկու ոստիկաններուն, իր կնոջ ու աղջկան ողբ ու կոծին միջեւ։
Նոյն միջոցին եւ քիչ մը տարբեր պայմաններու մէջ կը ձերբակալուի նաեւ Վարդգէս, եւ առտուն կանուխ երկուքը միասին կը բերուին Հայտար Փաշայի կայարանը։ Իրենց կընկերանան եղեր ոստիկան մը եւ սիվիլ հագնուած լրտես մը։
Ոստիկանը կ ուզէ երրորդ կարգի վակօնի մը մէջ մտցնել երկու աքսորականները, Վարդգէս եւ Զօհրապ կ ընդդիմանան։ Ոստիկանը կը պնդէ, առարկելով, թէ վակօնը յատկապէս պատրաստուած է իրենց հաամար։ Երկու տարագիրները ձայն կը բարձրացնեն ու կը պահանջեն, որ առաջին վակօնով մը տարուին։
Երկու կողմէն ձայները հետզհետէ կը բարձրանան։ Ի վերջոյ Զօհրապ գրպանէն 25 ոսկինոց թուղթ մը կը հանէ, ոստիկանին կուտաայ եւ կ ըսէ, որ առաջին կարգի չորս տոմսակ առնէ իրենց համար։
-Եթէ ոչ,- կ ըսէ,- տեղ մըն ալ չեմ երթար։
Ոստիկանը կը ստիպուի տեղի տալ, անշուշտ 25 ոսկիէն աւելցած գումարն ալ գրպանելու յոյսով։
Ու այսպէս ճամբորդութիւնը կը կատարուի առաջին կարգով։
Հայտար Փաշայի կայարանին Հայ պաշտօնեաները ճանչնալով Զօհրապը, կ երթան իմաց տալու Պ. Անտօն Թարաքի, որ կը փութայ վար իջնել, առանց գիտնալու, թէ Զօհրապ ինչ պարագաներու տակ կը ճամբորդէ։ Այս վերջինը, երբ կը նշմարէ Պ. Թարաքը, որ դէպի իրեն կուգայ, ձեռքովը նշան կ ընէ, որ չմօտենայ։ Պ. Թարաք, որ վերադարձիս այս մանրամասնութիւնը պատմեց, աւելցուց.
-Խեղճ Զօհրապը չափազանց յուզուած, տժգոյն եւ ընկճուած տեսայ։
Վակօնին անկիւնը քաշուած, լուռ ու մունջ, անընդհատ կը ծխէր, մինչեւ կառախումբին ճամբայ ելլելը։
Բ
Գոնիա հասնելնուն` երկու տարագիրները ընդունուած են մէկ քանի Հայերու կողմէ, որոնք փութացած են իրենց ձեռքէն եկած օգնութիւնը ընելու, հակառակ սպառնացող վտանգին։
Ոստիկանները թոյլ տուած են տեսակցիլ պայմանաւ, որ թուրքերէն խօսին։ Այդ պայմանին տակ բնականաբար խօսակցութիւնը շատ աննշան եղած է։
Ատանա նոյնպէս հայրենակիցներ, իմանալուն երկու ծանօթ Հայերուն ժամանումը, փութացած են կայարան։ Իրենցմէ մէկը, Միհրան Պօյաճեան, ծանօթ վաճառական մը, մօտակայ կայարանի մը համաար տոմսակ առնելով, յաջողած է Զօհրապի ու Վարդգէսի հետ տեսակցիլ հայերէն լեզուով, եւ հարցնել, թէ ի՜նչ ծառաայութիւն կրնայ մատուցանել իրենց։
-Մեր ընտանիքներուն լուր տուէք ասկէ անցնելնիս, ըսած է Զօհրապ,- ուրիշ ծառայութիւն չենք սպասեր ձենէ։
-Դրամի եթէ պէտք ունիք, յայտնեցէք։
-Չէ, շնորհակալ ենք, դրամի պէտք չունինք առ այժմ։
-Ո՞ւր կը տանին ձեզ։
-Տիարպէքիր, դատուելու համար, բայց չեմ կարծեր, որ մինչեւ այնտեղ հասնինք։
Եւ Վարդգէս զուարթ ձայնով աւելցուցած է.
-Տիարպէքիրի բանտը արդէն ծանօթ է ինծի, աղէկ բանտ մը չէ, բայց աւելի գէշերը կան։ Կը տեսնաք սա գորգը, Տիարպէքիրի բանտին մէջ իմ ընկերս եղած է, հիմակ ալ միասին կերթանք կոր։ Հին բանտակիցներ ենք։
Հալէպի մէջ, ինչպէս լսի, Զօհրապ եւ Վարդգէս բաղդատաբար բաւական ազատութիւն վայելած են, շնորհիւ կուսակալին, որ Զօհրապի հին ծանօթ մըն է եղեր։
Այդ ազատութենէն օգտուելով` տեղացի մէկ քանի հայեր ծրագիրը կը յղանան փախցնելու երկու տարագիրները։
Յանդուգն ծրագիր մը թէեւ, բայց ոչ անգործադրելի։ Արաբ ուղտապաններու միջոցաւ երկու աքսորականները Պէյրութ կամ Տրիպոլիս փոխադրել կառաջարկեն ու հոնկէ նաւով Կիպրոս անցնիլ։ Այդ միջոցին Սուրիական ծովեզերքներու վրայ հսկողութիւնը շատ խստացած չէր ու այդպիսի փախուստ մը կրնար յաջողիլ։ Վարդգէս հաւանութիւն կը յայտնէ, սակայն Զօհրապ կընդդիմանայ ու բացարձակապէս կը մերժէ, առարկելով, թէ իր առողջութիւնը չի ներեր այդպիսի արկածախնդրութեան մը մէջ նետուիլ։
-Եթէ կ ուզես` դուն փախիր,- կ ըսէ Վարդգէսին։
Բայց Վարդգէս չհաւանիր երբեք իր բարեկամը լքանելու։
-Ինչ որ ալ ըլլայ, քենէ չեմ բաժնուիր,- կը պատասխանէ։
Զօհրապ ան ատեն կը մտածէ դիմում ընել Ճէմալ փաշայի եւ անոր աջակցութիւնը խնդրել եւ այս մտքով գիր մը կ ուղղէ Սուրիոյ դիկտատորին։ Զօհրապի այդ վերջին գրութիւնը, պերճախօս թուրքերէնով մը գրուած, ինչպէս ինծի հաւաստեց Պ.Մազլըմեան, անպատասխանի եւ ապարդիւն կը մնայ եւ վերջապէս երկու աքսորականները Հալէպէն ճամբայ կ ելլեն դէպի Ուրֆա։
Չեմ գիտեր, թէ որչափ կը մնան Ուրֆա, թերեւս մէկ երկու օր միայն ու հոնկէ կառքով կը մեկնին դէպ ի Տիարպէքիր, միշտ ոստիկանական հսկողութեամբ։
Ահռելի եղեռնը տեղի կունենայ Ուրֆայէն քանի մը ժամ անդին։ Թուրք չէթէներու խումբ մը կը պաշարէ կառքը։ Չէթէներու պետը, ինչպէս լսեցի Հալէպի մէջ, Խալիլ պէյը եղած է, Էնվէրի մէկ ազգականը, որ յետոյ Պաղտատի թրքական բանակին հրամանատար կարգուեցաւ, անշուշտ Զօհրապն ու Վարդգէսը սպաննելու քաջագործութեանը իբրեւ վարձատրութիւն։
Ոճրագործները կառքը կը կեցնեն եւ կը հրամայեն երկու աքսորաականներուն կառքէն վար իջնել։ Զօհրապ կ իջնէ, մինչ Վարդգէս կը պօռայ.
-Ոչ, վար չեմ իջներ, կառքին մէջ մեռցուցէք զիս։
Այսպէս կը նահատակուին Զօհրապ եւ Վարդգէս, հայ ազգին երկու ազնուական զաւակները։
Կառապաանը, որ ինքզինք թուրք կեղծող հայ մըն է եղեր, կը վերադառնայ Հալէպ եւ ինք է, որ պատմած է եղելութիւնը իր մանրամասնութիւններով։
Չէթէները` բնականաբար` կը կողոպտեն իրենց զոհերը։
Զօհրապի նշանտուքի մատանին ու ժամացոյցը ծախուած են Հալէպի մէջ։ Իր ֆէսը, կը գտնուի եղեր, չեմ գիտեր ինչպէս, միսիօնարուհիի մը քով։
Վարդգէսէն որեւէ հետք չէ մնացած։
Թող իրենց յիշատակը անջինջ մնայ ամենուս մտքին մէջ։
1918

Գրիգոր Զոհրապ

Գրիգոր Զոհրապ

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը` Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը` Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։
Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870- ին մահանում է Խաչիկ էֆենդին։ Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների` Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ։ Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում։ Այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը` ոտանավորներ, հաջող շարադրություններ։
1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը` Կալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանսիականկառավարության հովանովորությամբ և Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանում է երկրաչափական գործը։ Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով։ 1880 թվականին աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում, իբրև գրագիր և միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը։ Սակայն շուտով վարժարանը, որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա և 3 հույն ուսանող, փակվում է իսլամ աշակերտներ չունենալու պատճառով։
1881-ին բացվում է «Հուգուգի» վարժարանը։ Մեկ տարի անց Զոհրապը տեղափոխվում է «Հուգուգ», որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռանում է` վկայական չստանալով։ 1884-ին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում և ստանում փաստաբան-իրավաբանի վկայական։
Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878-ին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսևորեց իրեն իբրև ազգի ճակատագրով մտահոգ անհատ։
1880-ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը։
1883թ. նա հրատարակում է Ասիական ընկերության «Երկրագունտ» հանդեսը, Հակոբ Պարոնյանիխմբագրությամբ։ 1885թ. հանդեսում սկսում է տպագրել իր անդրանիկ վեպը` «Անհետացած սերունդ մը» վերնագրով։ 1887-ին վեպը տպագրում է առանձին գրքով։
1888թ. Զոհրապն ամուսնանում է Կլարա Յազըչյանի հետ։
1889թ. ծնվում է Զոհրապի անդրանիկ որդին՝ Լևոնը, 1891-ին՝ ավագ դուստրը՝ Դոլորեսը, 1892-ին՝ կրտսեր որդին՝ Արամը և 1896-ին՝ կրտսեր դուստրը՝ Հերմինեն։
1891թ. Զոհրապն ընտրվում է Ազգային ժողովի երեսփոխան, սակայն Ժողովի նիստում նրա ընտրությունը չի վավերացվում, 30 տարեկանը լրացած չլինելու պատճառով։
1892թ. Զոհրապի խմբագրությամբ հրատարակվում է «Մասիս» ազգային, գրական, քաղաքական հանդեսը։ Նրա գրիչն այս շրջանում հատկապես բեղուն էր։ 1893-ին հանդեսը դադարում է լույս տեսնել։
Զոհրապի գրական գործունեությունը բուռն վերելք է ապրում 1880-ական թվականների վերջերին և 1890-ականների սկզբներին։ «Արևելք» օրաթերում, ապա «Մասիս»-ում տպագրվում են նրա առաջին նորավեպերը։ Իր գրական ստեղծագործության հիմնական մասը նա ստեղծել է 1887-1893 թթ.։ Այս շրջանում Զոհրապը գրել է երկրորդ անավարտ վեպը` «Նարդիկ», նորավեպերի մեծ մասը, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ` ճանաչվելով իբրև գրող և հրապարակախոս։
Հետագայում, երկար լռությունից հետո՝ սկսած 1898 թվականից, Զոհրապը նորից է երևում գրական ասպարեզում, այս անգամ որպես ճանաչված ու վաստակած գրող և հասարակական գործիչ։ 1894-95 թվականները զարհուրելի էին արևմտահայերի համար։ Սկիզբ առան ու մինչև 1896 թվականը շարունակվեցին զանգվածային կոտորածները։ Հայ առաջադեմ մտավորականների մեծ մասը ստիպված էր հեռանալ Կ. Պոլսից և հաստատվել Եվրոպայում, Եգիպտոսում։
Հուսահատության ու ազգային կորովի անկման այս շրջանում Զոհրապը հեռացել էր գրական ասպարեզից։ Նա ավելի զբաղված էր փաստաբանական գործերով, կարևոր դատավարություններով։
Պոլսում Զոհրապը որպես իրավաբան-փաստաբան հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանում էր նրանց գործերը Թուրքիայի առևտրական առաջին դատարանում։ Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը։ Օգտվելով այդ հանգամանքից՝ ռուս օտարահպատակների դատեր էր վարում և ուներ Եվրոպա ազատորեն երթևեկելու իրավունք։
1898-ին օրաթերթի վերածված «Մասիսը» լույս տեսավ դարձյալ Զոհրապի խմբագրությամբ։ Նա կրկին վարեց բուռն ստեղծագործական կյանք, միաժամանակ զբաղվելով փաստաբանությամբ։
Սակայն 1906 թվականին Արդարադատության նախարարի կարգադրությամբ Զոհրապին արգելվեց թուրքական դատարաններում դատեր պաշտպանել։ Պատճառը մի բուլղար հեղափոխականի դատական պաշտպանությունն էր։ 1908 թվականին Թուրքիայում վերահաստատվեցՍահմանադրությունը։ Կայսրության բոլոր անկյուններում անցկացվեցին միտինգներ, ցույցեր՝ հավասարության, եղբայրության, համագործակցության կարգախոսներով։ Զոհրապն այդ ժամանակՓարիզում էր։ Այնտեղ նա հաջողել էր հրատարակել իր ֆրանսերեն իրավագիտական աշխատությունը, մասնագիտությամբ աշխատանք գտնելու երաշխիքներ ուներ և հետագայի համար նախատեսում էր ընտանիքով բնակության հաստատվել Եգիպտոսում։
Տեղեկանալով Թուրքիայում Սահմանադրական կարգեր հաստատվելու մասին՝ նա հույսերով և լավատեսությամբ Փարիզից շտապեց Պոլիս։
1908 թվականին Զոհրապն ընտրվեց թուրքական Պառլամենտի պատգամավոր։ Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրում էր Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Իր մասին նա ասում էր. «Ես Սահմանադրության փաստաբանն եմ»։
Զոհրապը հարգված և երևելի անձնավորություն էր երկրի թե՛ ազգային, և՛ թե համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում։
Զոհրապը նաև երեսփոխան էր Ազգային ժողովի, որը 1914 թվականին բարձրացրեց Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը և այս կապակցությամբ դիմեց եվրոպական տերություների միջամտությանը։
Հունվարին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց հայկական բարեփոխումների վերաբերյալ համաձայնագիրը, որը արևմտահայերի՝ Թուրքիայում ապահով կյանքի երաշխիքն էր։ Այդ գործում Զոհրապի մասնակցությունը վճռական էր։ Սակայն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը , և համաձայնագրիրը մնաց թղթի վրա։ Թուրքիայի համար ստեղվեցին նպաստավոր պայմաններ հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար։ Մեկ գիշերվա ընթացքում, ապրիլի 24-ին, ձերբակալվեց և աքսորվեց Պոլսի հայ մտավորականությունը։ Զոհրապը ամեն ջանք գործադրեց՝ ազատելու անմեղ ազգակիցներին։ Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում՝ ներքին գործոց նախարար Թալեաթ փաշային, Խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշային։ Նրանք բոլորն էլ տալիս էին դրական, հուսադրող պատասխաններ։
Սակայն շուտով Զոհրապին ևս ձերբակալեցին։ Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին։
1915 թվականի հուլիսին աքսորի ճանապարհին դաժանորեն սպանվեց Գրիգոր Զոհրապը։