воскресенье, 3 апреля 2016 г.

Ցտեսություն



 Չգիտեմ՝ ինչից սկսեմ, ինչով վերջացնեմ: Չեմ հասկանում` պիտի ասեմ՝ վերջապես, թե՝ ցավոք սրտի… Ինչքա՜ն սպասված տարի, ի՜նչ երանելի կարգավիճակ՝ շրջանավարտ: Կրթահամալիրս «լքելու» ժամանակն է եկել, պայամանականորեն հեռանալու՝ հետևում թողնելով անմոռանալի տարիներ: Պիտի «ցտեսություն» ասեմ իմ արտասովոր դպրոցական կյանքին, Դիջիթեքին, Էկոտուրին, առավոտյան ընդհանուր պարապմունքներին, մեդիաուրբաթներին, բայց ոչ երբեք ընկերներին, դասավանդողներին, սեբաստացուն հատուկ ակտիվությանն ու ազատությանը: Չէ՞ որ  սովորող, անհատ, մտածող, ստեղծող հենց այստեղ եմ դարձել:



Կարճ ժամանակ, ու ամեն բան կփոխվի: Ինչքա՜ն չավարտված գործեր կան, ինչքա՜ն չիրագործված մտքեր, ինչքա՜ն ասելու բան, որ պիտի հասցնեմ ասել հենց հիմա: Դպրոց, որ նման չէ ուրիշ ոչ մի դպրոցի: Միջավայր, որ ստիպում է ամբողջ էությամբ նվիրվել հենց այս դպրոցին: Անկրկնելի հարաբարություններ՝ առանց բացառության:
Սովորել եմ, սովորում եմ ու դեռ պիտի սովորեմ, բայց հենց ավագ դպրոցական տարիները եղան շրջադարձային: Ձևավորվեց Մերին, իսկական Մերի` իր բնավորությամբ, սկզբունքներով, արժանիքներով, համարձակությամբ ու ազատությամբ: Այո՛, իմ կրթահամալիրն ուրիշ է, շրջանավարտներից յուրաքանչյուրը՝ ամբոխի միջից տարբերվող: Իհարկե, այս հարցում մեծ դեր ունեն նաև մեր դասավանդողները: Մարդիկ, ովքեր հանում են մեր մտքերը քառակուսի վանդակից, ստիպում գործել ամենաանհավանականը, կերտում նոր սերունդ, բացահայտում յուրաքանչյուրիս առանձին- առանձին:
Հենց այստեղ կարողացա պատկերացնել ինձ ապագայում, հասկանալ ինքս ինձ  ու վերջապես կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում: Ընտրել ճիշտը այդքան մասնագիտությունների մեջ:
Հիմա արդեն հավաքում եմ երևակայական ճամպրուկս: Իրար կողք կողքի կոկիկ դասավորում ամեն բան: Ահա հիշողություններս` թե՛ լավ, թե՛ վատ, անկեղծ ժպիտներ, անվերջանալի, ուրախ ու հետաքրքիր պատմություններ, իհարկե, նաև արցունքներ: Կողքին դրված են անհատականությունս ձևավորող գործոններն ու գիտելիքներս, բայց ճամպրուկիս այս հատվածը բաց է, բաց բոլորի համար, ամեն ժամանակ: Ահա և վերջ, պիտի գնամ առաջ, պիտի գնանք միասին՝ ես ու ընկերներս, իսկական ընկերներս, հավատարիմ մարդիկ, ում անկեղծության մեջ ես մի վայրկյան անգամ չեմ կասկածի, ում հետ ես հետ չեմ նայի, չեմ փոշմանի, ու որոնք երբեք իմ հիասթափության պատճառը չեն դառնա:

Գնալը երբեք էլ հեշտ չէ, բայց գնալով հայտնվում ես նոր վայրում, որտեղ ճամպրուկդ պիտի լցվի, կողքիդ գտնվողները պիտի շատանան: Հենց սա է կյանքը՝ լի անվերջանալի «ցտեսություններով» ու «բարի գալուստներով» : 









Комментариев нет:

Отправить комментарий