четверг, 18 декабря 2014 г.

Ռեյ Բրեդբերի


     Ռեյ Բրենդբերի
《451 աստիճան ըստ ֆարենհայտի》

«451 աստիճան ըստ Ֆարենհայթի»-ն Ռեյ Բրեդբերիի ամենահայտնի ստեղծագործությունն է, որտեղ միահյուսվում են գիտականը, ֆանտաստիկան ու փիլիսոփայությունը: Գիրքը տպագրվել է Լոս Անջելեսի հանրային գրադարանում, վարձակալած գրամեքենայով, չհրատարակված պատմվածքների հիման վրա և լույս է տեսել 1953թ.:
Գրքի վերնագրի գաղտնիքը բացահայտվում է բնաբանում, որտեղ նշված է, որ թղթի հրկիզման ջերմաստիճանը 451 աստիճան է ըստ Ֆարենհայթի: Սակայն իրականում թուղթը հրկիզվում է մոտ 451 աստիճանում ըստ Ցելսիուսի (843.8 աստիճան ըստ Ֆարենհայթի): Բրեդբերիի խոստովանությամբ, սխալը պայմանավորված էր նրանով, որ վերնագիր ընտրելիս նա խորհրդակցել է հրշեջ ծառայության աշխատակցի հետ, ով էլ խառնել է ջերմաստիճանի չափման միավորները:
1966թ. գրքի հիման վրա նկարահանվել է նույնանուն ֆիլմ, հետագայում այն հիմք է հանդիսացել մի շարք բեմադրությունների և «Էքվիլիբրիում» ֆիլմի համար:
«451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գիրքն այն մասին է, որ մեր աշխարհը դեպի անդունդ է գլորվում: Եվ ցավալին այն է, որ այն կործանվում է ոչ թե արտաքին գործոնների ազդեցության, այլ մտածելու ժամանակ չունեցող մարդկանց ներքին փոփոխության պատճառով:
Բրեդբերին նկարագրում է մի հասարակություն, որտեղ ընթերցանությունը և գիրք ունենալը քրեականորեն պատժելի են: Կառավարությունն այնպես է կազմակերպում մարդկանց առօրյան, որ նրանք կարող են վայելել կյանքն առանց ավելորդ ու անիմաստ մտահոգությունների: Դրա արդյունքում հասարակության ամեն մի անդամի կյանքը վերածվում է անվերջ վազքի` աշխատանքի և զվարճանքի միջև, կենդանի շփումը փոխարինվում է հեռուստատեսությամբ, ընտանիք, որպես այդպիսին, գոյություն չունի, ինչպես գոյություն չունի ինքնուրույն մտածելու և զգալու ունակությունը:
Գրքի գլխավոր հերոսը` Մոնթեգը, հրշեջ ծառայության աշխատակից է, սակայն այդ մասնագիտության իմաստը վաղուց փոխվել է: Տները հիմա կառուցվում են ջերմակայուն համաձուլվածքներից, իսկ հրշեջները զբաղվում են գրքեր վառելով: Նման կյանքից հոգնած Մոնթեգը կարդում է իր առաջին գիրքը: Նա սկսում է երկմտել` արդյոք իր կյանքն այդքան ճիշտ և երջանիկ է, որքան թվում է առաջին հայացքից: Արդյունքում նա հրաժարվում է իր մասնագիտությունից և սկսում է գրականության պահպանությանն ուղղված պայքարը, պայքար` հանուն իրավունքի և զգալու, մտածելու ունակության, հանուն իր անձնական կյանքի: Նա միանում է համախոհներին, որոնք փորձում են ամեն գնով փրկել գրքերը, որպեսզի «մթության դար»-ի հաղթահարումից հետո, կարողանան նախնիների գիտելիքը փոխանցել գալիք սերունդներին:
Անտառում խարույկի մոտ նստած այդ մարդիկ, գլխում պահելով անգիր սովորած գրքերի մի ամբողջ շտեմարան, ընդհանուր անգրագիտության մեջ կարծես լույսի մի շող լինեն, ովքեր փորձում են հաղթահարել քաղաքի անհոգի մթնոլորտը և հոգևոր դատարկությունը:
Վեպի արժեքը դժվար է գերագնահատել, քանի որ այն ոչ միայն բավականաչափ մտածելու առիթ է տալիս, այլ նաև առանձնահատուկ կերպով շեշտադրում է, որ անկախ հանգամանքներից պետք է մարդ մնալ և շարժվել լույսի ուղղությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий